«Կոշիկը» հայտնաբերած աղջիկը վճարում է
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հենց առաջին հարկում հսկայական առարկաներ և ամենատարբեր հին իրեր են, արդեն շինության ներսի սենյակներից մեկում դեռ ուշ երեկոյան վերադարձած արշավախմբի անդամներից մի քանիսը հնագիտության ուսումնասիրության վայրից բերված իրերը բավականին զգուշությամբ տեսակավորում են և լվանում: Հանկարծ նկատելի են դառնում երիտասարդ հնագետ-գիտաշխատողներից մեկի ձեռքերի վրա առաջացած ցանն ու մաշկային խնդիրները: Ավելի ուշ պարզ է դառնում, որ հենց նա է հայտնաբերել հայտնի կոշիկը: Դիանա Զարդարյանը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող է: Հենց նա է 2008թ. սեպտեմբերի 16-ին հայտնաբերել հայտնի «կոշիկը»: Արդեն 5 տարի է` աշխատում է Արենիում, ասում է, որ Արենիում բավականին հետաքրքիր բաներ են կարողանում գտնել, քանի որ քարայրի միկրոկլիման լավն է, և այդտեղ ջերմաստիճանը գրեթե միշտ նույնն է, արդյունքում` այնտեղ բոլոր նյութերը լավ պահպանվում են: «Բոլոր մեր գտածոները գտնվում են այնպիսի վիճակում, ասես անցյալ տարի են թողել` չնայած դրանք թողնվել են հազարավոր տարիներ առաջ»,- ասում է Դ. Զարդարյանը: Նրա խոսքով` սովորաբար այլ վայրերում՚` թե փայտը, թե զգեստները, թե օրգանական նյութերը շատ վատ վիճակում են լինում և միանգամից քայքայվում են ձեռքերիդ մեջ, իսկ Արենին այս տեսանկյունից բավական բարենպաստ է: Դիանան ասում է, որ ամեն ինչ քարայրում այնքան լավ է պահպանվել, անգամ` ինֆեկցիաները, ինչի արդյունքում արշավախմբից ոմանք մաշկի հետ խնդիրներ ունեն:
«Oրինակ, իմ երկու ձեռքերի վրա դուրս է տալիս ու չի բուժվում, ժամանակավոր անցնում է, սակայն հենց Արենիից հանված նյութին կպնում եմ` միանգամից դուրս է տալիս, ասես ալերգիա լինի»,- ասում է Դիանան` նշելով, որ չնայած երկու ձեռնոցով են աշխատում, սակայն փոշուց միևնույն է՚ ցան է առաջանում: «Չնայած սենսացիոն գտածոներ ունենք, բայց դրա համար, այսպես ասած՚ պիտի վճարենք: Այդպես այդքան էլ ամեն ինչ հեշտ չէ»,- ասում է «կոշիկը» հայտնաբերած աղջիկը:
168.am-ի թղթակցի հարցին, թե կոշիկը հայտնաբերելուց հետո որևէ խրախուսական պարգև՝ գումարի կամ շնորհակալագրի տեսքով, ստացե՞լ եք, Դիանան պատասխանեց, թե գնահատանքի է արժանացել միայն ժողովրդի կողմից. «Շատ հաճելի է լինում, երբ նույն Արենիի կողմից բնակչությունը կամ, ասենք, Երևանում մարդիկ ճանաչում են և շնորհակալություն են հայտնում, կամ ասում` Դուք կոշիկ գտնող աղջիկն եք, շնորհակալություն, որ դուք մեծ անուն բերեցիք մեր երկրի համար, բայց ֆինանսական ոչինչ չեմ ստացել»:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի շրջակայքում գտնվող քարանձավներից մեկում պեղումների ժամանակ դեռ 2008թ. սեպտեմբերին հայտնաբերվել է հնամյա կոշիկ, որը թվագրվում է մ.թ.ա. 3600-3500թթ.։ Ըստ փորձագետների՝ այն պղնձեքարեդարի բացառիկ նմուշ է: