
Հաղթանակ զբոսայգի կայցելեն ռոբոտները

Հուլիսի 27-ին ժամը 17-ին Հաղթանակի զբոսայգում կանցկացվի ռոբոտների ցուցադրություն: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մենեջեր Մարիամ Նահապետյանը: Նրա տեղեկացմամբ՝ ռոբոտները այգի են տարվելու այնտեղ գտնվող երեխաների համար: Ցուցադրությանը կմասնացեն մոտ 5 ռոբոտ՝ 2 դպրոցական ռոբոտ, 2 ական փնտրող ռոբոտ եւ մեկ անօդաչու թռչող ռոբոտ:
Մ. Նահապետյանը նշում է, որ անցյալ տարի եւս Հաղթանակի զբոսայգում եւ մի շարք այլ վայրերում եղել են ռոբոտների ցուցադրություններ, ինչը հանրության կողմից մեծ ուշադրության է արժանացել: Այս տարի առաջին ցուցադրությունը կլինի Հաղթանակի զբոսայգում, ինչ վերաբերում է այլ վայրերում ռոբոտների ցուցադրությանը, ապա ըստ Մ. Նահապետյանի՝ այդ մասին պարզ կդառնա ավելի ուշ: