«Ռոբերտ Քոչարյանն այն անձն է, ով, առանց իշխանական լծակների չի հանգստանա»
168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը
– Պարոն Մակեյան, ՀԱԿ-ը լքած Դավիթ Շահնազարյանը վերջերս իր հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներուժ ունի երկրում իրավիճակն ապակայունացնելու համար և կարող է հեղաշրջում իրականացնել: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
– Ես Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը չեմ լսել, սակայն կարծում եմ` ինչ-որ տեղ հնարավոր է, և եթե հաշվենք, որ ԲՀԿ-ն անմիջականորեն վերահսկվում է Ռ.Քոչարյանի կողմից, ապա չի բացառվում նման սցենար: Սակայն, եթե Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի հետ, ապա դա հնարավոր չի: Ռոբերտ Քոչարյանն այն անձն է, ով, չնայած որ թալանով և կոռուպցիոն միջոցներով միլիարդներ է դիզել, սակայն, միևնույն է` նա առանց իշխանական լծակների չի հանգստանա: Սակայն մյուս կողմից` հաշվի առնելով նախագահ Սարգսյանի որակները, նրա` բոլոր ղեկավար կառույցներով անցած լինելը` կարծում եմ` նա շատ լավ է հասկանում այս ամենը և այդ դեպքում անպայման կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի:
– Իսկ արտաքին ուժերի ազդեցությունն, ըստ Ձեզ, այս պարագայում ի՞նչ դեր կարող է ունենալ:
– Ցավոք սրտի, մեր տարածաշրջանում և, հատկապես, Հայաստանում, արտաքին ուժերի ազդեցությունը գնալով մեծանում է: Դա ոչ միայն պայմանավորված է տարածաշրջանում տերությունների ունեցած շահերով, այլ նաև նրանով, որ ՀՀ-ն չունի լեգիտիմ ձևավորված իշխանություն, և, իմ տպավորությամբ, արևմտյան գերտերությունները, հանդիսանալով եվրոպական համամարդկային արժեքների կրողները և մարդու իրավունքների պաշտպանության ջատագովները, այնուամենայնիվ, ելնելով իրենց շահերից, աչք են փակում այս ամենի վրա, և դրա հետանքով մենք ականատես ենք լինում, թե ինչպիսի գնահատականներ են տրվում Հայաստանում անցկացվող ընտրություններին: Այսպիսով, տերությունները ոչ թե երկակի, այլ բազմակի ստանդարտներով են առաջնորդվում: Այս պարագայում նրանք հետևյալ սկզբունքով` ինչքան ոչ լեգիտիմ լինի տվյալ երկրի իշխանությունը և հիմնված լինի օլիգարխիայի և հանցավոր տարրերի վրա, այնքան նա կառավարելի և վերահսկելի կլինի մեծ տերությունների կողմից: