Եթե ըստ ոլորտների վերլուծենք՝ թե՛ ներդրումային միջավայրի, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ գների տեսանկյունից, ապա կգանք այն եզրակացության, որ վրացիներին կհաջողվի կատարել իրենց պայմանագրի կետերը, նաեւ` ի հաշիվ մեզ։ Պարզ օրինակ բերենք՝ ասվածը հիմնավորելու համար։ Երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ իրենց գնացքներով մեկ ամսվա ընթացքում (հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 15-ը) վրացական հանգստավայրեր է մեկնել 6 հազար 173 մարդ: Դա 27 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 4 հազար 848 ուղեւոր: Իհարկե, ուղեւորների թիվը վերաբերում է միայն երկաթուղուն, սակայն աճի ցուցանիշի հիման վրա կարող ենք պատկերացում կազմել, թե այս տարի որքանով է ավելանալու դեպի վրացական լողափեր մեկնող հայաստանցիների թիվը։ Իսկ որքան շատ զբոսաշրջիկ, այնքան լավ՝ վրացական տնտեսության համար։
Ի դեպ, 1000 լարիանոց վաուչերի գաղափարն ինքնին բավական հետաքրքիր է։ 2013 թվականից սկսած յուրաքանչյուր ընտանիքի կբաժանվի 1000 դոլարանոց վաուչեր, որով 4 տարիների ընթացքում հնարավոր կլինի վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի կամ կենցաղային այլ ծառայությունների վարձերը, ձեռք բերել դեղորայք, դասագրքեր, վառելիք, գյուղտեխնիկա: «Դեռեւս կան մի շարք խնդիրներ, որոնք անհանգստացնում են յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ իսկ պատճառով՝ ես հանդես եմ գալիս նոր նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 4 տարվա համար նախատեսված վաուչեր՝ 1000 լարի արժեքով։ Մենք ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք ինքը որոշի՝ ո՞ր խնդիրների լուծման համար ծախսել այդ գումարը»,- ասել է Սահակաշվիլին։
Առաջին հայացքից սա պարզունակ պոպուլիստական քայլ է, որը պարզապես կարող է որոշ չափով թեթեւացնել վրացիների սոցիալական վիճակը։ Ավելին, որոշ ընդդիմադիրներ կարող են նշել, որ վրացիների այդ քայլը կարող է գնաճի հանգեցնել։ Սակայն սա ավելի կոնցեպտուալ մոտեցում է նշանակում։ Այսինքն՝ վրացական իշխանություններն առաջարկը խթանելու փոխարեն` նախապատվությունը տալու են պահանջարկի խթանմանը։ Ի դեպ, Հայաստանում նման մոտեցում որդեգրելու կոչով բազմիցս հանդես է եկել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա, օրինակ, նշում է, որ կառուցապատողներին արտոնություններ տրամադրելու փոխարեն` ավելի ճիշտ կլինի աջակցել գնորդներին։ Իհարկե, խոշոր հաշվով, մոտեցումների տարբերությունը կարող է երկար ու անվերջ բանավեճի պատճառ դառնալ։ Սակայն Հայաստանում պահանջարկի խթանման օգտին խոսող մի կարեւոր փաստարկ կա՝ կոռուպցիան։ Երբ պետությունը հայտարարում է, որ, օրինակ, շահութահարկի կամ ԱԱՀ-ի գծով արտոնություններ է տրամադրելու որոշ ընկերությունների, ապա դա շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Քչերն են հավատում, որ «արտոնյալներն» ընտրվելու են բացառապես արդար ճանապարհներով։
Թե որ մոտեցումն է ավելի ճիշտ՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն մի բան գնալով ավելի ակնհայտ է դառնում. Վրաստանն ընդգծված կերպով սկսում է տարբերվել տարածաշրջանի բոլոր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Իսկ դա երբեմն բերում է աննախադեպ արդյունքների։