Հուշարձան հիմարությանը
Մայրաքաղաքին պակասող հուշարձաններից մեկը
Ինչ վերաբերում է մեր մեծերի արձաններին, ազգի ընտրյալներն այնքան շատ չեն, որ մեզ թույլ տանք չնկատել նրանցից ոմանց: Սակայն, համաձայնեք, բոլորի արձանները, կիսանդրիներն ու հուշակոթողները մայրաքաղաքում տեղավորելը, ընդ որում, համապատասխան միջավայր ապահովելու դեպքում, գրեթե անհնար է: Նույնիսկ` անիմաստ: Թեեւ, կան արվեստագետներ, ում արձանները տեսնելու ցանկություն մեր համաքաղաքացիներն, այդուհանդերձ, ունեն: Օրինակ` Լուսինե Զաքարյանի հուշարձանը: Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը հետեւողականորեն պնդում է Գոհար Գասպարյանի արձանի անհրաժեշտության մասին: Մայրաքաղաքում չկա բանաստեղծ Համո Սահյանի արձանը, ինչի մասին ահազանգում է մեծ բանաստեղծի որդին: Արժանի՛ մարդիկ են, ոչինչ չես ասի: Երեւանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովն օրերս կայացած իր հերթական նիստում որոշել է մայրաքաղաքը հարստացնել եւս երկու քանդակով` «Երեք դուդուկահարներ» (Ջիվան Գասպարյան, Վաչե Հովսեփյան եւ Լեւոն Մադոյան), իսկ «Երեւան 2012. գրքի մայրաքաղաք» տարին պարտավորեցրել է ունենալ քանդակ, որը կվկայի գրքի հանդեպ մեր վերաբերմունքի մասին: Քանդակն, ի դեպ, ունի բավականին խորհրդանշական, անգամ տխուր անվանում` «Հուշարձան ընթերցողին»: Թեեւ ընկալվում է` որպես «Հուշարձան` գրքից անժամանակ հեռացած ընթերցողին»: Արման Դավթյանի հեղինակած քանդակն ավելի շուտ կոմպոզիցիա է` բաղկացած աթոռից, լուսամփոփից եւ գրքից: Հեղինակը հավանաբար ակնկալում է, թե դատարկ աթոռը մշտապես զբաղված կլինի որեւէ ընթերցասերի կողմից: Թեեւ չի բացառվում, որ այն զբաղեցնողը դա անի լրիվ այլ` ընթերցանության հետ կապ չունեցող նպատակով:
Որքան անտրամաբանական է մեր որոշ մեծերի արձանները չունենալը, նույնքան անհասկանալի է նույն մարդու անունով մի քանի շինություն կոչելը, նույն մարդու արձանը ունենալը մայրաքաղաքում եւ նաեւ պարտադիր` բոլոր մարզկենտրոններում: Այս դեպքում անուններ չեմ տա` հարգելով նրանց հարազատների զգացմունքները: Թեեւ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում հարազատներն իրենք կդիմեին քաղաքային իշխանություններին` հարգված գործչի անունը թողնել միայն մեկ փողոցի կամ մեկ շինության վրա: Հիշատակը հարգելու շատ այլ միջոցներ կան: Իսկ հուշարձանների ավելցուկն այս դեպքում անգամ հակառակ ազդեցությունը կարող է ունենալ:
Ոմանց վերաբերմունքը հուշարձանների հանդեպ ավելի շուտ սպառողական է: Որքան ժամանակ է` Մաշտոցի պողոտայում գտնվող Հրաչյա Աճառյանի հուշակոթողից անհետացել է մեծ լեզվաբանի գլուխը: Աճառյանն ինչ-որ մեկին առավելապես հետաքրքիր է ոչ թե որպես աշխարհահռչակ լեզվաբան, այլ որպես մետաղի ջարդոն: Ի դեպ, պարբերաբար թռցնում են նաեւ Այվազովսկու արձանի վրձինը. այն բրոնզաձույլ է: Փլուզման եզրին է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը: Այս մասին ահազանգում է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը:
Կան արձաններ, որոնք հարմար տեղ չունեն: Օրինակ` «Դվին» հյուրանոցի բակում կար հրաշալի արձան` «Լեռնցիների պարը» (քանդակագործ` Տիգրան Արզումանյան): Հյուրանոցը սեփականաշնորհվել է, եւ լեռնցիներն` իրենց պարով, այնտեղ այլեւս պահանջված չեն:
Հուշարձաններն, ինչ խոսք, անհրաժեշտություն են: Սակայն մայրաքաղաքում առավել հետաքրքիր է ունենալ խորհրդանշական արձաններ` «Ջուր ծախող տղան», Կարաբալայի արձանը: Վաղուց հասունացած է մայրաքաղաքի կենտրոնում ունենալ երկրի ղեկավարների և մի քանի օլիգարխների մտերմիկ զրույցը հավերժացնող քանդակը: Դա կլինի ինտերակտիվ կոթող. մարդկային հերթը դեպի այդ հուշակոթող կձգվի ոչ թե օրացույցի այս կամ այն օրը: Այն տարվա 365 օրը պատված կլինի թարմ ծաղիկներով…