Գերմանիայի դեսպան. Թեև հայերը չունեն նավթ և գազ, սակայն …
Մասնագիտական կրթական բարեփոխումները Հայաստանում մեծապես պայմանավորվեցին Բոլոնյան գործընթացներին մեր երկրի մասնակցությամբ, որին Հայաստանն անդամակցեց 2005թ-ին: Հայաստանում իրականացված ՙՄասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) ոլորտի ղեկավարներին և ուսուցիչներին՚ ծրագրի նպատակն էր մշակել կայուն ուսումնական ձեռնարկներ, որոնք կփոխանցվեն Կրթության և գիտության նախարարությանը:
Այս առիթով երեկ` հունիսի 20-ին Երևանի ՙԱրմենիա-Մարիոթ՚ հյուրանոցում տեղի ունեցավ <<Մասնագիտական կրթության և ուսուցման հեռանկարները>> թեմայով համաժողով, որի ընթացքում ամփոփվեցին կատարված եռամյա ծրագրի արդյունքները: Գիտելիքի անմիջական փոխանցման արդյունքում ծրագիրը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում հասնելու ցանկալի արդյունքի:
Ըստ Կրթության և գիտության նախարարության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանի, կան բազմապրոֆիլ ծրագրեր, որոնք իրականացվում են և Կրթության գիտության նախարարության և եվրոպական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: ՙԱկտիվ ներգրավում ենք նաև գործատուներին, որովհետև ակնհայտ է, որ ուսումնական հաստատություններն ավարտած ու միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետները և արհեստավորները առաջին հերթին իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառում են տնտեսության տարբեր ոլորտներում՚,- ասաց Աբրահամյանը:
Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, թեև հայերը չունեն նավթ և գազ, սակայն ունեն ուղեղ, որով էլ միշտ աչքի են ընկնում:
Բացի եռամյա գործունեությունից, ՄԿՈՒ-ն ունի նաև հեռանկարային ծրագրեր: Այն է` առաջիկա տարիներին կազմակերպել ղեկավարման և մասնագիտական կողմնորոշման դասընթացներ տնօրենների համար, և դասավանդման մեթոդներին վերաբերող կուրսեր` ուսուցիչների համար:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում արդեն վերապատրաստվել են դպրոցների 20 ղեկավարներ և 45 ուսուցիչներ: Դպրոցի ղեկավարները զարգացրել են ղեկավարման և անձնակազմի ու աշակերտության հետ հարաբերվելու իրենց կարողությունները, իսկ ուսուցիչները սովորել են ուսման նոր մեթոդներ և ուսուցողական գործընթացի նոր մոտեցումներ: