Ադրբեջանը շարունակում է զինվել Փաշինյանի նշած երկրներից և փոխել հրետանու տրամաչափը՝ խորհրդայինից ՆԱՏՕ-ականի
Այս տարվա հունիս ամսին Ադրբեջանը և Սլովակիան որոշեցին ուժեղացնել համագործակցությունը պաշտպանության բնագավառում՝ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտներում:
Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով թուրքական աղբյուրներին, գրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը ստացել է Սլովակիայից պատվիրված L-45 DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբիցների առաջին խմբաքանակը։
Նշվում է, որ Ադրբեջանը ստացել է TATRA T815 8×8 հարթակի վրա տեղադրված հաուբիցների վերջին արդիականացված տարբերակը:
Զինատեսակը հագեցված է կրակի կառավարման ավտոմատ համակարգով, այս մոդելի կրակային հզորությունն ու մանևրելու ունակությունն ավելի բարձր են, քան նախորդ տարբերակներում: Հաուբիցի անձնակազմը բաղկացած է միայն վարորդից և հրամանատարից։
Հավելենք, որ DITA L-45 հաուբիցը մշակվել է դեռ Չեխոսլովակիայում արտադրված DANA ինքնագնաց հաուբիցի բազայի հիման վրա:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը պայմանագիր էր կնքել Սերբիայի հետ 48 միավոր Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանքի ձեռքբերման վերաբերյալ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:
168.am-ը գրել էր, որ այս տարվա ապրիլին Իլհամ Ալիևն ընդունել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում են եղել թուրքական ռազմական արդյունաբերության շուրջ մեկ տասնյակ խոշոր ձեռնարկությունների (ASELSAN, ASFAT, HAVELSAN, «Машиностроительная и химическая промышленность», REPKON Grup, ROKETSAN, «Оборонные технологии и инжиниринг», «Турецкая аэрокосмическая промышленность – TUSAŞ») գլխավոր տնօրեններ:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, բավականին ինտենսիվ բանակցություններ էին վարվել REPKON, MKE и ASFAT ընկերությունների հետ, հատկապես հարց էր բարձրացվել Ադրբեջանում հրետանային 155 մմ զինամթերքի արտադրության հետ կապված:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն ապրիլի դրությամբ հայտնել էր, որ 155 մմ-ն ադրբեջանական հրետանու հիմնական տրամաչափը չէ, հրետանային նման տրամաչափի զինամթերք կիրառող համակարգ, ըստ ադրբեջանական կայքի, երկրի բանակում շատ չէ, այս համատեքստում հիշատակվել է իսրայելական САУ ATMOS 2000-ը, որը մշակվել է 1999 թվականին, և, որ 155 մմ-ն թուրքական հրետանու հիմնական տրամաչափն է, խոսքը, մասնավորապես, T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգի մասին է:
Այսինքն, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն աստիճանաբար իր հրետանային ստորաբաժանումները սկսել է վերափոխել 155 մմ տրամաչափի՝ հրաժարվելով խորհրդային 152 մմ-ից:
Հիշեցնենք, որ անցած տարի տեղեկություններ եղան, որ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ATAGS 155 մմ տրամաչափի հաուբիցներ:
Ինչ վերաբերում է Սլովակիային, ապա այս տարի մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին, որի շրջանակում ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ, հանդիպումներում անդրադարձ է կատարվել Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցերի, և ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ: Թե ինչ փուլում են այդ պայմանավորվածությունները, հայտնի չէ:
Իսկ նախորդ շաբաթ Ադրբեջան մի քանի չվերթով ռազմական բեռ է տեղափոխվել նաև Իտալիայից:
Այսինքն, Հայաստանի սպառազինության ձեռքբերումներից դժգոհող և ՀՀ զինված ուժերի նկատմամբ սահմանափակումներ պահանջող Ադրբեջանը շարունակում է զինվել, ընդ որում, ՆԱՏՕ-ական չափանիշներով արտադրված զինատեսակներով: Հայաստանը, որը պետք է հստակ փաստերով այս թեման մշտապես «տաք» պահի, չի անում:
168.am-ը գրել էր, որ Բաքու էր ժամանել ԱՄՆ բանակի հետախուզության պատասխանատուներից մեկը, ով ավելի ուշ հանդիպել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին և քննարկել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցը:



