«Աշտարակ-կաթը» փակվո՞ւմ է. հանդիպում և քննարկում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպում-քննարկում ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ։ Լրատվամիջոցների համար բուն քննարկումը փակ էր. նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ ցանկանում են, որ համագործակցությունը պարբերական բնույթ կրի։ Ներկայացնելով հանդիպման նպատակները՝ Սուրեն Կարայանն ասաց, որ ցանկանում է, որպեսզի առաջին հանդիպումն անկաշկանդ լինի, ազատ շփվեն։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը մինչ քննարկման մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարության ծրագրով նախարարությունից պահանջվում է համագործակցության առավել արդյունավետ համագործակցության մեխանիզմներ մշակել և կիրառել՝ գործարար համայնքին լսելու, նրանց կողմից բարձրացված հարցերը կարգավորելու համար։ Նա նշեց, որ այդ տեսանկյունից նախարարությունը պատրաստում է հանդիպումների շարք, որպեսզի մասնագիտացված միությունների հետ շարունակական քննարկումներով պարզի, թե որոնք են արդյունավետ մեխանիզմները, որոնցով նրանց ձայնը լսելի կլինի, նախարարության արձագանքը՝ ժամանակին, իսկ բարձրացված հարցերը ստանան լուծումներ, որոնք կնպաստեն գործարար միջավայրի, բիզնեսի զարգացմանը։ Հարցին՝ արդյոք Հարկային օրենսգրքում փոփոխություններ առաջարկելու դեպքում կառավարությունը կգնա՞ դրան, նախարարի տեղակալը պատասխանեց, որ լսելու են բոլոր հարցերը. «Հարկային օրենսգիրքը մի փաթեթ է, որը խաղի կանոններ է սահմանում։ Քննարկումների ընթացքում կա այն համոզմունքը, որ ընդունման պահին եղած տեսակետներն այնտեղ հաշվի առնված եղել են, բայց կյանքը փոխվում է, փոխվում է ամեն ինչ, և եթե պահանջներ լինեն հիմնավոր եղանակով որոշակի դրույթներ վերանայելու, ապա՝ այո»։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվելու կառավարության ծրագրի դրույթների շուրջ՝ նախարարություն-միություն համատեղ աշխատանքի, մեխանիզմների առնչությամբ, որի նպատակն է՝ ներդրումային դաշտը բարելավվել, գործարարների մասնակցությունն ակտիվացնել պետական-կառավարչական գործառույթների իրականացման մեջ, որպեսզի կարողանանք շատ կարճ ժամանակահատվածում նպաստել տնտեսական ակտիվացմանը, որը գերխնդիր է։
«Տարիներ շարունակ մենք՝ որպես հասարակական մարմին կամ շտաբ, աշխատել ենք նախարարության հետ։ Այսօր խնդիրներն առավել բարդ ու առարկայական են, քանի որ տնտեսության վիճակը լուրջ բուժման և խթանման կարիք ունի։ Բոլորս ենք դա գիտակցում։ Եվ միայն մի թիմով աշխատելով՝ մասնավոր և պետական հատվածներ, կկարողանանք մի քանի ամսվա ընթացքում տեղից շարժել այն սայլը, որը լճացած, կանգնած է տեղում՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական վիճակը»,- ասաց նա։
Ի դեպ, լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ շրջանառվող տեղեկություններին, որ «Աշտարակ-կաթ» ընկերությունը փակվում է։ «Կան տեղեկություններ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ դա այնպիսի իրավիճակ է, որ դժվարություններ է ստեղծել կազմակերպության գործունեության համար։ Եթե կառավարությունը տեսնի այնպիսի մեխանիզմներ, որոնք կախված են իրենից, և այդպիսի մեխանիզմների գործադրումը թույլ կտա նպաստել կազմակերպության բնականոն գործունեությանը, ապա մենք պատրաստ ենք այդպիսի քայլեր քննարկել և աջակցել։ Դրանք առայժմ գտնվում են նախնական քննարկումների փուլում, հետևաբար՝ ես այս պահին ավելին ասել չեմ կարող»։ Հարցին՝ արդյոք պատճառներից որևէ բան հայտնի՞ է նախարարությանը, նախարարի տեղակալը պատասխանեց, որ դրանց մասին կհայտնեն կազմակերպության մասնագետները, քանի որ շուկայական պայմաններում գործող կազմակերպություն է, Հայաստանում վերջին 10-ամյակներում կայացած ընկերություններից մեկը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: