Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը. ֆրանսիական ինստիտուտի հոդվածը
Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտն անդրադարձել է Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ 2025 թվականին Ալբանիայում ու Դանիայում անցկացված գագաթնաժողովներից հետո Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Ընդգծելով, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այս անգամ անցկացվում է Հարավային Կովկասի սրտում՝ Ինստիտուտն ընդգծում է դրա աշխարհաքաղաքական նշանակությունը։
Նշվում է, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը ունի աշխարհագրա-ռազմավարական նշանակություն։
Ինստիտուտն ընդգծում է Եվրոպական միության համար Հայաստանի կարևորությունը կապակցվածության օրակարգի համար։
Նշվում է նաև, որ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը լավ հնարավորություն է գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը հետկոնֆլիկտային շրջանում։
Անդրադառնալով գագաթնաժողովի օրակարգին՝ Ինստիտուտը նշում է, որ այն կարտացոլի թե՛ առկա խնդիրների շարունակականությունը, թե՛ դրանց լուծման հրատապությունը:
Բացման նիստը կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ մտքերի լայն ռազմավարական փոխանակման համար։
Նշվում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2022 թվականին գործարկումից ի վեր վերածվել է ԵՄ պաշտոնական կառույցներից դուրս բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական համակարգման ճկուն հարթակի, որը թույլ է տալիս առաջնորդներին ընդհանուր մարտահրավերները քննարկել ավելի ոչ սահմանափակ միջավայրում:
Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտը գրում է՝ ակնկալվում է, որ Երևանի գագաթնաժողովը կամրապնդի այս դերը:
Նշվում է, որ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում կմնան ժողովրդավարական դիմադրողականությունը և հիբրիդային սպառնալիքները, որոնք առաջնահերթություն են շարունակում մնալ դեռևս նախորդ գագաթնաժողովներից:
Անդրադարձ կլինի նաև փոխկապակցվածության և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։
Ըստ Ինստիտուտի՝ քննարկումները կկենտրոնան ենթակառուցվածքների փոխկախվածության, էներգետիկայի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկ անվտանգությունը շարունակում է կրել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման ազդեցությունը, մասնակիցները կքննարկեն, թե ինչպես տարածաշրջանային համագործակցությունը կարող է նվազեցնել խոցելիությունը»,- ասված է հոդվածում։



