Բենքսին հաստատել է, որ Լոնդոնի Վաթերլոոյի հրապարակում հայտնված խորհրդավոր արձանի հեղինակն ինքն է
«Փողոցային» նկարիչ Բենքսին հաստատել է, որ ինքն է Լոնդոնի կենտրոնում գտնվող Վաթերլոոյի հրապարակում չորեքշաբթի հայտնված մեծ արձանի հեղինակը։ Նրա հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են աշխատողները գիշերը տեղադրում քանդակը։
Հուշարձանը պատկերում է կոստյումով տղամարդու, որն իջնում է պատվանդանից, իսկ կերպարի դեմքը ծածկված է դրոշով։ Արձանի հիմքի վրա դրված է Banksy ստորագրությունը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ չորեքշաբթի վաղ առավոտյան հայտնվելու պահից օբյեկտը գրավում է մեծ թվով անցորդների և զբոսաշրջիկների ուշադրությունը։ Քանդակը տեղադրված է բրիտանացի պատմական գործիչների հուշարձանների, այդ թվում՝ Էդուարդ VII թագավորի և կապիտան Ռոբերտ Սքոթի հուշարձանների կողքին։
Նկարչի հրապարակած տեսանյութում տարեց մի տղամարդ մոտենում է արձանին և ասում. «Սա ինձ դուր չի գալիս»։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի շատ օգտատերեր դրական են գնահատել աշխատանքը։ Մեկնաբաններից մեկն այն անվանել է «համոզիչ հայտարարություն կոլեկտիվ կուրության մասին», մյուսը նշել է, որ դրոշը «ինքնություն չի կրում, բայց մնում է ճանաչելի»։
Ինչպես հայտնել է CNN-ը, հինգշաբթի օրվա կեսերին քաղաքային իշխանությունները հուշարձանի շուրջ ցանկապատ են տեղադրել։ Վեսթմինսթերի քաղաքային խորհուրդը BBC-ին հայտնել է, որ ուրախ է Բենքսիի նոր աշխատանքի հայտնվելու համար, և որ արձանը «մնալու է հասանելի հանրության ընդհանուր դիտման համար»՝ չնայած ձեռնարկված պաշտպանական միջոցներին։



