«Հիշիր, որ մեռնելու ես». դիզայներ Վահան Խաչատրյանի նոր հավաքածուն ուղերձ ունի նաև քաղաքական գործիչներին

Հոկտեմբերի 19-ին կկայանա դիզայներ Վահան Խաչատրյանի գարուն/ամառ 2017թ. հավաքածուի ցուցադրությունը: Վահանն ակտիվորեն շարունակում է ստեղծագործել և իր նոր հավաքածուները ներկայացնել նաև արտասահմանյան պոդիումներում: Հիշեցնենք, որ նա հայտնվել է VOGUE.com-ի դիզայներների պաշտոնական ցանկում, ինչը բավականին մեծ առաջընթաց է հայկական նորաձևության աշխարհում:

– Վահան, ի՞նչ է սպասվում Ձեր նոր հավաքածուի ցուցադրությանը ներկա հանդիսատեսին: Լինելու է շոո՞ւ, թե՞ պարզապես հագուստի ցուցադրություն:

– Ուղղակի հագուստի ցուցադրություն է լինելու: Իմ նախորդ բոլոր ցուցադրությունները, որոնք ունեցել եմ Հայաստանում, այլ ոչ արտերկրում, մշտապես ուղեկցվել են «նախերգանքով»՝ լինի դա հյուրասիրություն թե երաժշտական համարներ… Այդ ամենն այս անգամ չի լինելու:

vahan-xachatryan-15

Կարդացեք նաև

– Տնտեսական ճգնաժամն իրեն նկատե՞լ է տալիս:

– Պարզապես երկրից դուրս երկու տարի ցուցադրություններ անելուց հետո գալիս ես այն եզրակացության, որ հագուստի ցուցադրությունը պետք է լինի ուղղակի հագուստի ցուցադրություն, այլ ոչ թե միջոցառում: Պետք չէ սովորեցնել այստեղի հանդիսատեսին, որ իրենք գնում են ուտել-խմելու, համերգ լսելու և հետո միայն՝ հագուստի ցուցադրության: Նրանք պետք է գան հագուստ նայելու, կարծիքներ փոխանակելու, հավանելու կամ չհավանելու, հագուստ գնելու կամ չգնելու: Պետք է Հայաստանում ևս զարգացնել այդ ձևաչափը: Մարդիկ պետք է հասկանան, որ, եթե այդ ցուցադրությունը տևում է ընդամենը տասը րոպե, դա նորմալ է, քանի որ այդ տասը րոպեների ընթացքում նրանք տեսնում են աշխատանք, որի համար մենք վեց ամիս աշխատել ենք: Հանդիսատեսը պետք է գնահատի արված աշխատանքը, այլ ոչ թե մնացած թիթիզությունները, որով այսօր զբաղեցնում են ոմանք իրենց ցուցադրությունների ժամանակ:

vahan-xachatryan-13 vahan-xachatryan-12 vahan-xachatryan-11

– Միգուցե նման «թիթիզություններով» դիզայներները ոչ թե զբաղեցնում են հանդիսատեսին, ինչպես Դուք եք նշում, այլ փորձում են փոքր-ինչ երկարատև դարձնել իրենց աշխատանքների ցուցադրության բերկրանքը:

– Խնդիրը ոչ թե դիզայներների, այլ ցուցադրությանը եկած հանդիսատեսի մտածելակերպի մեջ է: Պետք է հանդիսատեսը գիտակցի, թե ո՞ւր է գնում և ինչո՞ւ:

– Հայաստանում ունե՞նք նորաձևության գիտակներ, քննադատներ, նորաձևությանն անդրադարձող բանիմաց լրագրողներ, որոնց ներկայությունը ցուցադրություններին և կարծիքները կարևոր են դիզայների համար: Մենք ունե՞նք այդ մշակույթը:

– Հայաստանում նորաձևությանն առնչվող ընդհանրապես ոչ մի մշակույթ չունենք: Մենք չունենք նորաձևության մասին գրող լուրջ լրագրողներ: Նորաձևության քննադատը ևս լրագրող է, ով պետք է կարողանա իր կարծիքն այնքան ճիշտ և հիմնավոր արտահայտել, որ ես իրենից սովորեմ, այլ ոչ թե վիրավորվեմ: Ճիշտ քննադատությունը միշտ օգնում է տեսնել սխալներդ և փորձել հաջորդ անգամ չկրկնել դրանք: Ցավոք, այստեղ այդպես չէ: Այստեղ միանգամից վերցնում են քլունգներն ու սկսում քննադատել:

vahan-xachatryan-10 vahan-xachatryan-7

– Ինչպիսի՞ն է դրսի քննադատությունը:

– Այնտեղ գալիս են հայտնի մեդիաներից, նայում են ցուցադրությունը, և արդեն դու ես սպասում նրանց կարծիքն իմանալու: Նրանք և՛ լավն են ասում, և՛ վատը: Այդ մարդիկ սովորաբար ունենում են գիտելիքի շատ մեծ պաշար, և նրանք սեզոնի ընթացքում նայում են այնպիսի քանակությամբ ցուցադրություններ, որ այդ ամենը ևս է բերում մեծ ինֆորմացիոն բազայի:

– Նորաձևության մեջ, ինչպես և ամենուր, բիզնեսը գերիշխում է արվեստին: Արդյոք այդ ամենը չի՞ ազդում այդ նույն քննադատների կարծիքների վրա:

– Դա ցավալի փաստ է, բայց այսօր շատ քննադատներ իրենց աշխատանքը պահպանելու համար հաճախ ազնիվ չեն: Եթե շատ մեծ բրենդը ցուցադրում է հավաքածու, որն ակնհայտ վատն է, նորաձևության քննադատները, միևնույն է, չեն քննադատում այդ բրենդը, քանի որ նրանք ուզում են հաջորդ անգամ ևս նստած լինել այդտեղ: Ավելի փոքր, սկսնակ բրենդերի դեպքում նրանք չունեն այդ խնդիրը: Ամեն դեպքում ինչ-որ խտրականություն կա:

vahan-xachatryan-1

vahan-xachatryan-3

– Ի դեպ, Ձեր նոր հավաքածուի ցուցադրության հրավիրատոմս ստանալու բավականին հետաքրքիր տարբերակ եք առաջարկել՝ ֆեյսբուքյան Ձեր էջում տեղադրելով հետևյալ գրառումը՝ «Հոկտեմբերի 14-16-ը կատարեք000 և ավել դրամի գնում «BIAYNI»by VAHAN KHACHATRYAN խանութներից և ստացեք նվեր հոկտեմբերի 19-ին կայանալիք VAHAN KHACHATRYAN գարունամառ 2017 հավաքածուի ցուցադրության հրավիրատոմս»: Հարց՝ արդյոք Ձեր հավաքածուի մեջ կա՞ 50.000 դրամ արժողությամբ հագուստ, և ինչպե՞ս հղացավ հրավերի այդ տարբերակը:

– «Բիայնին» մեր երկրորդ գիծն է հագուստի, որն ավելի երիտասարդական է և մատչելի: Մեր գնային քաղաքականությունը «Բիայնիում» տարբերվում է Վահան Խաչատրյան բրենդի հիմնական՝ առաջին գծից: «Բիայնիում» ամեն ինչ արժե մինչև 100.000 դրամ: Եվ 50.000-ով կարող են գնել ոչ թե մեկ, այլ մի քանի կտոր հագուստ: Երբ գրեցի ցուցադրության մասին հայտարարությունը, այնքան մարդիկ սկսեցին գրել՝ որտե՞ղ կարելի է գնել տոմսեր, կա՞ն հրավիրատոմսեր, թե՞ ոչ… Եվ, քանի որ հյուրերը միշտ շատ են լինում, քան հրավիրատոմսերն են, որոշեցի ինչ-որ մի մաս հատկացնել այն մարդկանց, ովքեր շատ մեծ ցանկություն ունեն ներկա գտնվելու ցուցադրությանը: Եվ այս պարագայում նրանք չեն գնում պարզապես ցուցադրության տոմս, այլ գնում են հագուստ և տոմսն արդեն նվեր են ստանում:

vahan-xachatryan-2 – Պատմեք բուն հավաքածուի մտահղացման մասին: Ինչպե՞ս է այն կոչվում:

– Այս անգամ թեման հետաքրքիր և տարօրինակ է միաժամանակ: Հավաքածուն կոչվում է «Մեմենտո մորի», որը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «Հիշիր, որ մեռնելու ես»:

– Եվ որտեղի՞ց ծնվեց այդ «սուպեր պոզիտիվ» անվանումը:

– Եթե մենք դա հասցեագրենք մեր այսօրվա քաղաքական դեմքերին, իրենք կհիշեն, որ պետք չէ այդքան պայքարել աթոռի համար, միևնույն է, մի օր մեռնելու են:

vahan-xachatryan-10

– Քաղաքական գործիչների կանայք և՞ս լինելու են Ձեր ցուցադրությանը: Նկատի ունեմ, որ ինչ-որ կերպ Ձեր այդ մեսիջը փոխանցեն իրենց ամուսիններին:

– Ես կոնկրետ չեմ առանձնացնում քաղաքական գործիչներին, պարզապես «Հիշիր, որ մեռնելու ես» արտահայտությունն իր ծագումն ու նախապատմությունն ունի: Երբ Հռոմ էր մտնում հաղթանակած գեներալը, կայսրը, նրան դիմավորում էին մեծ փառք ու պատվով, և միշտ նրանց հետևից քայլել է մի մարդ, որը նրանց ականջին շշնջացել է. «Հիշիր, որ մեռնելու ես»: Դա արվել է նրա համար, որպեսզի այդ փառքից նրանք իրենց գլուխը չկորցնեն…

vahan-xachatryan-4

– Այդ արտահայտությունը չփրկեց ո՛չ Հռոմը, ո՛չ էլ հռոմեական կայսրերին:

– Դա այսօր էլ ոչ ոքի չի փրկի: Դա մի արտահայտություն է, որը մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս… Ուղղակի պետք է հիշել, որ բոլորիս վերջը գերեզմանափոսն է:

– Քանի՞ հագուստ եք ներկայացնելու, և ի՞նչ գույներ և սիմվոլներ են գերակշռելու: Չնայած, հաշվի առնելով հավաքածուի անունը, արդեն իսկ կանխատեսելի է:

– Թեմային համապատասխան՝ կա սև հատված, ծաղկային լուծումներ կան…

– Կրկին գերեզմանափոսի ծաղիկների՞ հետ է ասոցիացվելու:

– Այո, կան նաև քարի պրինտներ՝ մարմար, գրանիտ՝ տապանաքարի սիմվոլ… Ցանկացած բան կարելի է վերածել գեղեցկության և հավաքածուն նայելիս տեսնել միայն պոզիտիվը:

vahan-xachatryan-5

Instagram-ի Ձեր էջում տեղեկացրել էիք, որ հայտնվել եք VOGUE.com-ի դիզայներների պաշտոնական ցանկում, ինչը բավական մեծ առաջընթաց է հայկական նորաձևության աշխարհում: Ի՞նչ չափորոշիչներով է կատարվում այդ ընտրությունը:

– Ես չգիտեմ, թե ի՞նչ չափորոշիչներով է այնտեղ կատարվում ընտրությունը, բայց դրսում ցուցադրվելու երեք սեզոն պահանջվեց, որպեսզի ինձ ընդգրկեն VOGUE-ում:

– Մամուլում կար մի հոդված, որտեղ Ձեզ «մեղադրում» են վրաց դիզայներ «Avtandil»-ին կրկնօրինակելու մեջ: Դուք ինչպե՞ս եք այդ ամենը մեկնաբանում:

– Ես նույնիսկ գիտեմ, թե ով է դա գրել: Գայանե Մաշուրյան կա, ով զբաղվում է «Avtandil»-ի PR-ով: Եվ հենց նրա թեթև ձեռքով էր այդ անիմաստ գրառումը հայտնվել մամուլում:

– Դուք վստա՞հ եք, պարզե՞լ եք, որ դա հենց նրա «թեթև ձեռքով» է արվել:

– Այո, շատ հեշտ է Երևանում ինչ-որ բան իմանալը: Փոքր երկիր է, և բոլորս իրար ճանաչում ենք: Համեմատությունն իրոք շատ ծիծաղելի էր, քանի որ այն զգեստը, որի մասին խոսվել էր, իմ պապիկի նկարած դիմանկարի պրինտով է եղել պատկերված: Եթե Avtandil-ը ևս ունի դիմանկարով զգեստ, ասեմ, որ այդպիսի զգեստներ ունեն միլիոնավոր դիզայներներ: Հագուստի վրա նկար պրինտ անելը վաղուց արդեն գյուտ չէ: Բայց նմանության, կրկնօրինակման հարց ուղղակի չէր կարող լինել:

vahan-xachatryan-8

– Մեր նախորդ զրույցի ժամանակ, առանց իմ «աջակցության», Դուք ինքնակամ նշեցիք, որ Ձեր գործունեության հենց սկզբից, ամենաշատը Ձեզ են մեղադրում կրկնօրինակման մեջ: Ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ մարդիկ նմանություններ են տեսնում Ձեր ստեղծածի և այլ դիզայներների հավաքածուների միջև:

– Նորաձևության աշխարհում վաղուց արդեն ամեն ինչ ասվել և արվել է: Այսօր նոր խոսք ասելը շատ դժվար է: Նմանությունները գալիս են նրանից, որ, երբ մարդիկ աշխատում են նույն ոճի մեջ և, որպես ոգեշնչման աղբյուր, շատ հաճախ օգտվում են նույն թեմաներից, հաստատ ինչ-որ նմանություններ կգտնվեն:

– Այդ դեպքում Դիանա Շատվերյանի հետ միջադեպն ինչո՞ ւ այդքան սրտին մոտ ընդունեցիք:

– Այստեղ նմանությունը չէր խնդիրը, այլ լեգալության խնդիրն էր: Մենք աշխատում և ապրում ենք մի փոքր երկրում՝ մի բուռ վճարունակ հաճախորդների հետ: Այս դեպքում հաճախորդը մտել էր ինձ մոտ և իմ կարած զգեստն ինձ ցուցադրելով՝ ասել, որ նույնից ուզում է ունենալ: Ի պատասխան՝ լսելով, որ մենք աշխատում ենք նույն հագուստից երկու հոգու համար չկարել, գնացել էր մեկ այլ դիզայների մոտ, ով համաձայնել է կարել: Այստեղ խնդիրն ընդհանրապես հաճախորդը չէ, այլ կոլեգան, ով չպիտի համաձայներ:

– Պատահե՞լ է, որ Ձեզ դիմեն խնդրանքով կարել, օրինակ՝ Ֆաինայի զգեստներից:

– Հենց այդպես էլ եղել է: Ինձ մոտ եկել է հաճախորդ՝ ասելով, որ Ֆաինայի մոտ զգեստ է տեսել, ուզում է, որ դրա սպիտակը կարեմ: Ես ասել եմ, որ, եթե Ֆաինայի մոտ է տեսել, թող դիմի նրան: Ինչո՞ւ է ինձ դիմում: Դա աբսուրդ է: Բայց քանի որ մեր շուկան նոր է, շատերն այդքանը չեն գիտակցում: Կոլեգա ասվածը պարզապես խոսք չէ:

– Մի բուռ վճարունակ հաճախորդների պարագայում և դիզայներների պակաս չունեցող փոքր երկրում կոլեգաների միջև կարո՞ղ է լինել առողջ մրցակցություն: Ի վերջո, Դուք բոլորդ ստեղծում եք վաճառքի համար:

– Եթե կա առողջ մրցակցություն՝ կա աճ: Ով ունակ է առողջ մրցակցության, նրա մոտ կա աճ, քանի որ նա գիտակցում է, որ աշխատանքով միայն կարող ես գերազանցել կոլեգայիդ:

– Բացասական PR-ը ևս PR է: Այդ աղմուկն ո՞ւմ հաճախորդների թիվը մեծացրեց՝ Ձե՞ր, թե՞ Դիանայի:

– Ես չեմ կարող ասել՝ դրանից հետո հաճախորդ ավելացա՞վ, թե՞ ոչ: Դա չէր նպատակը: Ուղղակի այդ պարագայում իմ կողմից չխոսելը կլիներ էշի տեղ դնել… Եթե մարդը գումար է աշխատում՝ ես կհասկանայի: Բայց պետք չէր դա հրապարակել:

– Քո աշխատանքներից է կրում նաև Սաթի Սպիվակովան: Կարո՞ղ ես նշել ևս մի քանի անուն, ճանաչված դեմքեր, ովքեր կրում են «Վահան Խաչատրյան» հագուստը:

– Սաթի Սպիվակովան հագուստն այստեղ գնեց: Ավելի բարձր մակարդակի աստղերից իմ հագուստը կրել էր դերասանուհի Նաստասյա Կինսկին, երբ ներկա էր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին: Բնականաբար, դա նվեր էր: Աշխատել համաշխարհային մեծությունների համար՝ նշանակում է՝ նվեր ուղարկել նրանց այդ հագուստը:

vahan-xachatryan-9

– Եվ նրանք այդ հագուստը կրելով՝ կգովազդեն Ձեզ:

– Այո: Դա, իհարկե, շատ լավ գովազդ է, սակայն դա իմաստ ունի այն դեպքում, երբ դու աշխատում ես դրսում, և դրսի մարդիկ տեսնում են դա և դիմում են քեզ: Այսինքն՝ դա շարունակական բնույթ է կրում: Իսկ ես Երևանում եմ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս