ԵՍ ԻՐԵՆՑ ՀԵՏ Ո՞ՆՑ ՇՓՎԵՄ, Չ՛Ի ՍՏԱՑՎԻ… ԿԻՍԱՏ ԵՄ, ՍԱՐՍԱՓԵԼԻ Է… ՈՐ ՇԱՏ ՄՏԱԾԵՄ, ԿԽԵԼԱԳԱՐՎԵՄ. ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված երգիչ Արսեն Սաֆարյանն է:

Արսեն Սաֆարյանը հիշում է Արցախում անցած մանկությունը, մայրաքաղաքում պայքարի տարիները և երաժշտական աշխարհ մուտք գործելու դժվար ճանապարհը՝ խոսելով նաև «Արձագանք» ստուդիայի շուրջ տարիներ շարունակ շրջանառվող քննարկումների մասին։
Երգիչը խոստովանում է՝ Արցախում անցկացրած մանկությունից շատ մանրամասներ աղոտ է հիշում, բայց որոշ պատկերներ երբեք չեն մարում.
«Վաղ մանկությունը դա Արցախն է։ Այնտեղից շատ աղոտ բաներ եմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ իմ փայտե սահնակը, որը լավ չէր գնում, որովհետև փայտից էր, բայց ամեն դեպքում իմն էր։ Ես սիրում էի պապական տան թեք տեղում ջանասիրաբար սահել։ Եվ, իհարկե, տատիկիս դեմքն է միշտ աչքերիս առաջ։ Ես չեմ կարողանում գյուղը հիշել առանց իրեն, որովհետև նա շատ ավելի շատ ժամանակ էր անցկացնում մեզ հետ, քան մեր ծնողները»։

Նա ընտանիքում երրորդ տղան էր։ Պատմում է, որ դժվար է ծնվել, ուշ է քայլել ու խոսել, և հենց տատիկն էր նրան մշտապես շալակած տանում գյուղի տարբեր վայրերով։
«Փեշից կպած գնում էի նրա հետևից։ Տանում էր մեր մատուռը՝ Հարավի, որը հետո երիտասարդները վերակառուցեցին, տանում էր նաև չգործող Գանձասար։ Այդ պատկերները մինչև այսօր իմ մեջ են»,- հիշում է Արսեն Սաֆարյանը։
Երևան տեղափոխվելը և երաժշտական աշխարհի առաջին շոկը
Արսեն Սաֆարյանի կյանքում կարևոր շրջադարձ է եղել մայրաքաղաք Երևան տեղափոխվելը և ուսումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։ Սակայն այդ տարիները հեշտ չեն անցել.
«Սովետմիության փլուզումը, սպորտի նկատմամբ անուշադրությունը շատ էի ափսոսում։ Աշխատել էր պետք, որովհետև մենակ էի, տեր չունեի»։
Նա հիշում է, որ փորձել է տարբեր աշխատանքներ գտնել՝ շինարարությունից մինչև մատուցողի աշխատանք։
«Գնացել էի շինարարությունում բանվոր ընդունվելու, պատասխանատուն չեկավ։ Հետո որոշեցի Օղակաձև զբոսայգում բացված սրճարանում մատուցող աշխատել, բայց կրկին չստացվեց»,- պատմում է նա։

Դրանից հետո կյանքը նրան տարել է դեպի «Ամադեուս» երաժշտական կենտրոն, որտեղ, ինչպես ինքն է ասում, ամեն ինչ օտար էր։
«18 տարեկան տղա էի, սպորտից եկած, ու հանկարծ տեսնում եմ լրիվ ուրիշ միջավայր։ Մարդիկ իրար հետ ուրիշ ձև էին շփվում, ինձ համար դա օտար էր։ Ես չէի տեսել, որ մարդիկ իրար հետ այդպես շփվեն»։
Սակայն, ինչպես նշում է երգիչը, ժամանակի ընթացքում հասկացել է իր ճանապարհը.
«Մարդն ամեն ինչին հարմարվում է։ Ես շատ բաներ տեսա, բայց ժամանակին հասկացա, որ պետք է վերցնեմ այն, ինչ կարևոր է ինձ համար, ոչ թե դառնամ այն, ինչ տեսնում եմ։ Պետք է պահեմ իմ ես-ը և շփվեմ առողջ մտածողությամբ մարդկանց հետ»։
Խոսելով «Արձագանք» ստուդիայի շուրջ տարիներ շարունակ հնչող մեղադրանքների մասին՝ Արսեն Սաֆարյանը նշում է, որ իրենք կենտրոնացած էին ստեղծագործական աշխատանքի վրա։
«Մենք այդ ժամանակ տարված էինք Երգի թատրոնի ներսում ներկայացումներով։ Ես չգիտեմ՝ ինչ էր կատարվում եթերների հետ կապված, որովհետև մենք այդ գործընթացների մեջ չէինք»,- ասում է նա։

Երգիչը համոզված է, որ մեղավորներ փնտրելն ամենահեշտ ճանապարհն է։
«Շատ հեշտ է մեղավոր նշանակելը։ Պետք էր աշխատել, պետք էր գործել։ Չեմ կարծում, որ մեր պատճառով ինչ-որ մեկը դուրս էր մղվում դաշտից»։
Նա նաև ընդգծում է, որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում։
«Ժամանակը շատ կարևոր բան է։ Ովքեր պետք է մնային և արժանի էին, այսօր էլ շարունակում են իրենց գործունեությունը»,- ասում է Արսեն Սաֆարյանը։
Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև Արցախյան պատերազմին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Արսենին ուղղված հարցին ու «Խազեր» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։



