Բաժիններ՝

«Ո՞վ պետք է լավ ու վատ երգեցողությունը որոշի, եթե ոչ՝ Արթուր Գրիգորյանն ու Նադեժդա Սարգսյանը». Նադեժդա Սարգսյան

ՀՀ քաղաքացիներիս՝ հարկատուներիս հաշվին պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության՝ Առաջին ալիքի «Ամենակարող երգիչ» նախագծի վերաբերյալ այդ հաղորդաշարի ժյուրիի անդամ, երգչուհի Նադեժդա Սարգսյանն ասել էր՝ նախագիծը նպատակ ունի նպաստելու, որ ռեստորաններում էլ երգեն գրագետ երգիչներ, և կատարվեն գրագետ երգեր, որ նույնիսկ ռեստորանային երաժշտությունը մաքրվի: Իսկ 168.am-ի հետ զրույցում դերասան Սերգեյ Դանիելյանն այս հայտարարության հետ, մեղմ ասած, համաձայն չէր։

«Ռաբիսները ոնց ուզում են՝ թող երգեն, բայց թող երգեն ռեստորանում։ Նադեժդա Սարգսյանն ինչի՞ց է որոշել, որ ինքը ռեստորանային երգչից ավելի լավ է երգում։ Ցանկացած ռեստորանային երգիչ էլ մի հատ ֆալշ չի երգում, նա ամեն օր կենդանի երգում է։ Այլ հարց է՝ սիրո՞ւմ ես այդ երաժշտությունը, թե՞ ոչ։ Թող ռեստորանային երգիչը երգի ռեստորանում, ինչո՞ւ պետք է երգի Հանրային հեռուստաընկերության՝ Առաջին ալիքով»,- հարցազրույցում, մասնավորապես, ասել էր դերասանը։

Այս և այլ հարցերի վերաբերյալ 168.am-ը զրուցեց  ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանի հետ։

Տիկին Սարգսյան, ի՞նչ կասեք Սերգեյ Դանիելյանի՝ վերոնշյալ գնահատականի մասին։

Կարդացեք նաև

– Դա իր կարծիքն է, թող այդպես մնա։ Ես իրավունք ունեմ նման բան ասելու, որովհետև արդեն երգիչների քանի՜ սերունդ եմ դաստիարակել։ Իսկ ես վա՞տ եմ երգում, թե՞ լավ, դա իր կարծիքն է, թող մնա իրեն։

Դուք միշտ հանդես եք եկել երգարվեստի մաքրության պահպանման մասին տարբեր հայտարարություններով, ինչո՞ւ համաձայնեցիք նմանատիպ նախագծի ժյուրիի կազմում  հանդես գալ։

– Արդեն մի քանի անգամ ասել եմ, որ նախագիծը վատ որակի երգիչներին, ես չեմ ասում՝ բոլորն են վատը, լավերն էլ կան, բայց հենց նման նախագծերում պետք է ասեն՝ երգիչը լա՞վն է, թե՞ վատը։ Մրցութային համակարգ է, որտեղ պետք է հաշվի առնենք ճիշտ երգելը, ճիշտ երգեցողությունը։ Եվ ո՞վ պետք է դա որոշի, եթե ոչ՝ Արթուր Գրիգորյանն ու Նադեժդա Սարգսյանը։ Ինչո՞ւ իրավունք չունենք ասելու՝ դու կարող ես վատ երգել, դու՝ լավ, իսկ եթե վատ է, խնդրում ենք՝ ուշադրություն դարձնել… Սրանք երգեցողության որոշ դասընթացներ են, երիտասարդ կատարողներն այսօր երգում են ռեստորանում, թող մի քիչ սովորեն։ Ի՞նչ վատ բան ենք ասում…

Բայց արդյո՞ք ճիշտ է այդ «երգեցողության դասընթացները» Հանրային հեռուստաընկերության եթերում անցկացնելը։

– Հենց Հանրային հեռուստաընկերության եթերում է, որ պետք է ասես՝ ճիշտը սա է, քանի որ մենք չենք կարող փողոցում կանգնել կամ բղավել՝ դու սխալ ես երգում։ Հենց եթերների միջոցով է, որ պետք է կարողանանք ասել՝ դու ճիշտ ես, դու՝ սխալ։ Արդեն քանի՜ տարի է՝ պայքարում ենք, որ լավ երգեն, որակով երաժշտություն լինի։ Հենց այսպես պետք է տարբերեն լավ և վատ երաժշտությունը։

Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ այս հաղորդումը կնպաստի թե՛ հանրության, թե՛ ռեստորանային երգիչների՝ երաժշտական կրթությանն ու երաժշտական ճաշակի ձևավորմա՞նը:

– Դուք հետագայում կտեսնեք, թե նույն երգիչներն ինչ ժանրերում են երգում։ Նրանք տարբեր ժանրերում են երգելու. և՛ ժողովրդական երգն է հնչելու, և՛ հեղինակային երգերն են հնչելու, և՛ երևանյան մեղեդիներն են հնչելու։ Այսինքն՝ տարբեր ժանրերում պետք է կարողանանք ներկայացնել, թե ինչպես պետք է երգեն երգիչները։ Ի՞նչ վատ է՝ երիտասարդ կատարողներ են, որոնք Հանրային հեռուստաընկերությամբ երգեցողության դասընթացներ են անցնում։

Տարբեր երաժշտական նախագծեր են եղել, ու նման աղմուկ չի բարձրացել։ «Ամենակարող երգիչ» նախագծի դեպքում ինչո՞ւ նման աղմուկ բարձրացավ, ի՞նչ եք կարծում։

– Դե՛, երևի մի քանիսի դուրը չէր գալիս, դրա համար էլ աղմուկը բարձրացավ։ Աստված իրենց հետ։ Համենայնդեպս, երգիչներն ընդունում են մեր նկատողությունները, ուղղվում են։ Կտեսնեք, թե հաղորդման ընթացքում ինչքան փոփոխություններ են լինելու այդ երգիչների թե՛ կատարողական, թե՛ երգի ընտրության հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս