Ժամանակն ավարտվում է.  ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթուղթը ստորագրել է 19 պատգամավոր

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ ստորագրելու և այն ԱԺ ներկայացնելու համար մնացել են հաշված րոպեներ: Քիչ առաջ ձևաթուղթը ստորագրել են «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորները և այս պահի դրությամբ ստորագրությունների թիվը հասել է 19-ի:

Ձևաթուղթը ստորագրել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Լևոն Զուրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Էլինար Վարդանյանը, Վարդան Օսականյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը, Լևոն Դոխոլյանը և Իշխան Խաչատրյանը:

168.am-ը փորձեց հեռախոսային կապ հաստատել ՀՀԿ-ական գրեթե բոլոր պատգամավորների հետ, սակայն նրանցից ոչ մեկը չպատասխանեց մեր զանգերին՝ բացառությամբ Գագիկ Մինասյանի, ով սակայն կարճ կապեց՝ ասելով, որ արտերկրում է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը միացրեց զանգը, սակայն չլսելով մեզ, ինքն իրեն ասաց, թե պետք է պատգամավորների անունները գրել և կպցնել, ապա անջատեց հեռախոսն ու այլևս չպատասխանեց զանգերին: ԲՀԿ-ականներից հաջողվեց կապ հաստատել միայն Լյովա Խաչատրյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկրում չէ, իսկ անձամբ ինքը և առանձին ԲՀԿ-ականներ կստորագրեն ձևաթուղթը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու և ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Ն.Փաշինյանի նախաձեռնությանը միանալու մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Նա նշել է, որ ցավոք սրտի, այս պահին արդեն ակնհայտ է, որ այսօր մինչև 17:00 համապատասխան թվով ստորագրություններ չեն հավաքվի: Նա առաջարկել է համապատասխան թվով համաձայնություն ունենալուց հետո կրկին ձևաթուղթ վերցնել։

Նախաձեռնությանը միացել է նաև Հրանտ Բագրատյանը: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութի մեջ նա նշել է, որ նաև ՀՀ նախագահը պետք է իր մոտ հրավիրի և քննարկի քաղաքական իրավիճակը: «Այն, ինչ կատարվում է այսօր Երևանում, դա խոր ճգնաժամի արդյունք է»,- ասել է Հ.Բագրատյանը:

ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար սակայն անհրաժեշտ է 44 ստորագրություն: Ստորագրություններով ձևաթուղթը ներկայացնելու ժամկետը լրանում է ժամը 17:00-ին: Ն.Փաշինյանն իր էջում կոչ էր արել, որ ով ունի որևէ կոնտակտ ԱԺ որևէ պատգամավորի հետ, զանգի նրան, գրի, խնդրի, պահանջի, որ ստորագրեն: Համապատասխան ձևաթուղթը ստորագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 098 77 18 81:

Տեսանյութեր

Լրահոս