«Ժիրայր Սէֆիլյանն ինձ ասաց` ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից». Վիտալի Բալասանյան

Քիչ առաջ ավարտվել է Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մամուլի ասուլիսը: Ասուլիսից հետո ՊՊԾ տարածք էր այցելել նաև Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ով պատասխանել է լրագրողների հարցերին:

«Մենք հասել ենք մի կարևոր կետի, որ այս պահի դրությամբ խաղաղ է, հանդարտ՝ թե՛ իրավապահ մարմինների, թե՛ այն տղաների կողմից, որոնք գտնվում են մեր հարակից զորամասում: Գտնում եմ, որ սա մեր հաջողության ամենից մեծ գրավականն է, և համոզված եմ, որ թե՛ իշխանությունները, թե՛ մեր զինված խումբը կպահպանեն անդորրը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը` վստահություն հայտնելով, որ ամեն ինչ «խաղաղ կանցնի»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այստեղ հայտնվել, Վիտալի Բալասանյանն ասաց, որ սա իր հայրենիքն է, և զինվածխմբի շրջանում կան տղաներ, որոնց հետ պատերազմի շրջանում ճանապարհ են անցել, և չէր կարող ձեռնպահ մնալ: Նա նշեց, որ իրեն որևէ մեկը չի խնդրել, լինելն իր պարտականությունն է համարել:

Նա նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանի հետ քննարկել են զենքերը վայր դնելու հարցը:

«Սէֆիլյանը շատ դրական է արձագանքել, պատրաստ է, ճիշտն ասած, բայց Սէֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, և այդ հարցերին պատկան մարմինները կպատասխանեն,- ասաց Վիտալի Բալասանյանը: -Կարող եմ պաշտոնական ասել, որ քիչ առաջ էլ` կես ժամ առաջ, Ժիրայր Սէֆիլյանն ասաց` ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից»:

Նրա խոսքով` Ժիրայր Սէֆիլյանը չի պահանջում նախագահի հրաժարականը, նա ոչ թե պահանջում է, այլ ունի առաջարկություններ` «քաղբանտարկյալների» ազատ արձակում, Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցի փոխում, ազատ արձակել նրանց, ովքեր օրերս են ազատությունից զրկվել:

Նա նշեց, որ առավոտյան եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, ով հանձնարարական է տվել բոլոր իրավապահ մարմիններին ուժ չկիրառելու մասին: Իսկ հարցին, թե մինչև ե՞րբ ուժ չի չկիրառվելու, նա պատասխանեց.

«Մինչև հարցերը խաղաղ չլուծվեն, բայց ես տղաներին առավոտյան ներկայացրել եմ` նրանք, ովքեր կօգտագործեն զենք, տեղում կրելու են համապատասխան պատիժը»: Նաև ավելացրեց, որ կարճ ժամանակում պետք է լուծում տալ խնդրին:

Տեսանյութեր

Լրահոս