ԱԺ-ն ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ իր 2 գործընկերները, որոնք իշխանությունների հետ մասնակցել են այս ԸՕ-ի վերաբերյալ բանակցություններին, այսօր հարգելի պատճառներով չեն գտնվում դահլիճում, բայց ինքը կարող է ասել, որ իրենք կողմ են այս փոփոխություններին որովհետև հենց իրենք են նախաձեռնել այդ քննարկումները. «Մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց դա չի նշանակում, որ մենք կողմ ենք ընդհանուր օրենսգրքին, չհամաձայնեցված հարցերը շատ են»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ «շատ վերամբարձ է ասել՝ մենք էսպես արեցինք, էնպես արեցինք»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ իսկապես կարևոր փոփոխությունների են իրենք քվեարկում, որը շատ «լուրջ» համատեղ աշխատանքի արդյունք է. «Եթե կարողանանք լուծել այս խնդիրը,  սա էապես լուրջ լծակներ կտա ընտրակեղծիքների «լյուֆտը» պակասեցնելու համար»:

Կարդացեք նաև

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ ողջունեց կողմերին, որ բանակցել են. «Ես իմ ելույթում ասացի՝ նախադեպը չունեցող գործարքատիպ բան է, երբ օրենք են ընդունում՝  պայմանավորելով դոնոր կազմակերպությունների բարեհաճ վերաբերմունքով: Միշտ կողմ եմ ընտրական օրենսգրքի բարելավմանը, բայց այս «եթե»-ով նախագծին ես դեմ եմ քվեարկելու»:

Օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝  106 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս