«Ադրբեջանի հետ բախումն անխուսափելի է»

Հարցազրույց պ.գ.թ, Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանի հետ

– Վիեննայում կայացավ Ալիև-Սարգսյան հանդիպումը, որից հետո համանախագահները, ՀՀ նախագահի գրասենյակը համապատասխան հայտարարություններով հանդես եկան` տալով նվազագույն տեղեկատվություն բանակցությունների առարկայի վերաբերյալ։ Այնուամենայնիվ ենթադրելի էր, որ բանակցություների առարկան անվտանգության մեխանիզմներն էին, որոնց մի մասի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունները մինչ այժմ անհասկանալի դիրքորոշումներ են արտահայտում։ Ըստ Ձեզ` ի՞նչ տեղի ունեցավ Վիեննայում, և ո՞րն է լինելու դրա հետևանքը։

– Ապրիլյան քառօրյա պատերազմից Ադրբեջանը դուրս եկավ տակտիկական հաղթանակով, որը պայմանավորված էր հայկական կողմի համար անսպասելի հարձակմամբ, որի ընթացքում ադրբեջանական կողմը ստուգեց թե հայկական պաշտպանության ամրությունը, ու թե ադեկվատ գործելու ունակությունները։ Բաքուն նաև ստուգեց միջազգային հանրության արձագանքը` նոր, ավելի մասշտաբային, բայց միևնույն ժամանակ` կարճաժամկետ ռազմական գործողություններ ծավալելու նպատակով տեսանելի ապագայում։

Այդ ամենից ընդհանուր առմամբ դուրս եկավ տակտիկական հաղթանակով, չպատժված, և, ավելին, Վիեննայում Բաքուն ուղղակի ամրագրեց ոչ շատ մեծ, բայց մարտավարական, օպերատիվ առումով` կարևոր տարածքային ձեռքբերում, ինչը նաև ներքին քարոզչական և հոգեբանական մեծ նշանակություն ունեցավ Ալիևի համար։ Այլ կլիներ պատկերը, երբ հայկական կողմը պնդեր ոչ միայն 1994-95 թթ. զինադադարի պայմանագիրը, այլ նաև նախաապրիլյան շփման գծի օպերատիվ իրավիճակի վերականգնումը, ինչը տեղի չունեցավ։ Ավելին, հայտնի դարձավ, որ հիմք է ընդունվում Կազանում 2011թ. ձեռք բերված պայմանավորվածությունը, որը նախատեսում է փուլային լուծում, իսկ քանի որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է եղել զիջելու հինգ շրջանները, ապա Վիեննայի հանդիպումը կարող է լուրջ հետևանքների սկիզբը դառնալ հայկական կողմի համար մոտ ապագայում։

Ըստ ՌԴ արտգործնախարար Լավրովի` կարգավորումը կրելու է փուլային բնույթ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը հունիսին ծրագրված առաջիկա հանդիպման ժամանակ կարող է պահանջել հստակ ժամանակացույց, թե երբ հայկական կողմը կսկսի այդ հինգ շրջանների հանձնման գործընթացը։ Արևմտյան փորձագիտական շրջանակները սկսել են նկատել հայկական քաղաքական իսթեբլիշմենթի` ստեղծված իրավիճակում շուտ չկողմնորոշվելն ու շփոթվածությունը:

Ավելին, հայկական կողմը խնդիր է դրել վերադարձնել մինչապրիլյան տարածաշրջանային քաղաքական կարգը (regional political order)։ Սակայն դա դառնում է Հայաստանի համար ուղղակի վտանգավոր իմիտացիա, քանի որ վերադարձը հին իրականությանն այլևս անհնար է։ Ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ` նախապատերազմական։ Խնդիրն այն է, որ ներկայիս միջազգային զարգացումները և դինամիկան այնպիսին չեն, ինչպիսին էին 1994 կամ 2005 թվականներին։ Ամեն ինչ փոխվում է։

Ռիսկերն ու սպառնալիքները մեծանում են, առկա է ավելի սրվող ՌԴ-Արևմուտք հակամարտություն, սրվում է իրավիճակը հարավ-արևմտյան Ասիայում` Չինաստանի շուրջ, Մերձավոր Արևելքը սիրիական քաղաքացիական և «Իսլամական պետության» դեմ պայքարի հետևանքով ամբողջությամբ կերպարանափոխվել է։ Նախկին համաշխարհային աշխարհակարգը` հետսառըպատերազմյան միջազգային հարաբերությունների դինամիկան այլևս գոյություն չունի, իսկ նոր աշխարհակարգն իր խաղի կանոններով դեռ չի ձևավորվել։ Ուստի ցանկանա՞ն ՀՀ իշխանությունները, թե՞ ոչ, առերեսվել են արմատապես նոր իրականության հետ, որն իր հերթին` բերել է նոր խաղի կանոններ` տևական պատերազմի կանոններ` այն, ինչ հիմա աստիճանաբար ի հայտ է գալիս ողջ աշխարհում։

– Ռուսաստան-Արևմուտք առճակատման տեսանկյունից` Վիեննայի հանդիպումն ինչպե՞ս արտացոլեց Արևմուտքի և Ռուսաստանի դիրքերը ղարաբաղյան հակամարտությունում, այսինքն` կարելի՞ է պնդել, որ Արևմուտքը տապալեց ռուսական ծրագրերը, թե՞ ոչ։

– ՌԴ-ն ու Արևմուտքը մոտենում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակամարտության կուլմինացիոն ժամանակաշրջանին, որը միտում ունի էլ ավելի սրելու իրավիճակը` բարձրացնելով դեռևս լոկալ առճակատման` ռազմական պատահարների սպառնալիքները, որոնք, հավանաբար, ավելի կխորացնեն այս երկու բևեռների միջև ճգնաժամը։ Ուստի այս բարդ իրականության մեջ, թերևս, Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ը և Ռուսաստանը ֆորմալ առումով դեռ մնում են գործընկերներ, սակայն գործընթացից երևում է, որ Մինսկի խումբը, եթե այսպես շարունակվի, ապա կդառնա Ռուսաստան-ԱՄՆ հակամարտության հարթակներից մեկը։

Համենայնդեպս Ռուսաստանի ակտիվ ներգրավվածության տրամաբանությունը` չորսօրյա պատերազմի օրերին ու դրանից հետո, և ԱՄՆ հակաքայլերը դա են վկայում։ Ինչ վերաբերում է ռուսական ծրագրերի տապալմանն ԱՄՆ-ի կողմից, ապա ավելի ճիշտ կլինի նշել այլ կերպ։ ՌԴ-ն կցանկանար վերահսկել հակամարտությունը, իսկ հակամարտությունն ու Արցախը, որպես գործիք, օգտագործել ՀՀ-ի ու Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նպատակով։ Պարզ է, որ ցանկալի կլիներ ռազմական ներկայություն, այսպես կոչված, խաղաղապահների տեսքով, բայց խաղաղապահներ տեղակայելու ամենակարևոր նախապայմանը տևական անկայունությունն ու պատերազմն է` տեղի բնակչության համար աղետալի հետևանքներով։ Այդպիսի իրավիճակ դեռ չկա, և Մոսկվան ստիպված է սպասել նոր պատերազմական գործողությունների։

Սակայն պետք է հաշվի առնել, որ նոր պատերազմն ինքնին չի խոստանում ռուսական ազդեցության ամրապնդման բարենպաստ պայմաններ, քանի որ նոր բախման հետևանքները կարող են հակառակ ազդեցությունն ունենալ, թեկուզ այն պատճառով, որ Արևմուտքի հետ հակամարտության հետևանքով ՌԴ-ի ուժերն ավելի ու ավելի են սպառվում։

– Նկատո՞ւմ եք արդյոք ռուսական դիվանագիտության փոփոխություն Ղարաբաղում։ Անմիջապես հանդիպումից հետո տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել` քննարկելով ԼՂ հակամարտությունը։ Ի՞նչ պետք է սպասել ՌԴ-ից, սա ի՞նչ էր նշանակում։

– Նրանք փորձում են ճիշտ կողմնորոշվել, ինչն իր հերթին` բերում է շփոթվածության։ Ակտիվ դիվանագիտական ներգրավվածությունն արդյունք չի տալիս, ղարաբաղյան խնդիրը չափազանց բարդ է ու փաստացի չունի դիվանագիտական լուծում, քանի որ այն կբերի քաղաքական ճնշումների, պատերազմի սպառնալիքի տակ զիջումների և որևէ փաստաթղթի ստորագրման՝ կողմերին կամ կողմերից մեկին մանիպուլյացիայի ենթարկելու միջոցով։ Սակայն, ինչպես հայտնի է, եթե կա պատերազմի սպառնալիք, որն իր հերթին` օգտագործվում է` որպես ճնշում գործադրելու գործիք, ապա կնքված միջազգային փաստաթուղթն օրինական ուժ ունենալ չի կարող։ Եվ այս նրբությունը հավանաբար հասկանում են Մոսկվայում։

Մյուս կողմից` ռուսական կողմը շտապում է, քանի որ պարզ չէ, թե ԱՄՆ նոր նախագահն ինչ առաջնահերթություններ կունենա Եվրասիայում, և ինչպես այն կանդրադառնա Հարավային Կովկասի վրա։ Կլինի ավելի ինտերվենցիոնա՞լ` ԱՄՆ ներգրավվածության առումով տարբեր տարածաշրջաններ, թե՞ կլինի որոշակիորեն նեո-իզոլյացիոնիստական քաղաքականություն։ Ավելի կսաստկանա Ռուսաստանին մեկուսացնելու ու զսպելու քաղաքականությո՞ւնը, թե՞ կպահպանվի ներկայիս դինամիկան։

Սրանք հարցեր են, որոնք ստիպում են Մոսկվային շտապել գրանցել որևէ առաջընթաց և դիրքերի թեկուզ տևական ամրապնդում Սև ծովում, Միջին Ասիայում, Արկտիկայում և, իհարկե, ԼՂՀ հիմնահարցում։ Պուտինը հասկանում է, որ աստիճանաբար պարտվում է մրցակցությունն Արևմուտքին, անելով հայտարարություններ, թե կպատասխանեն ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայմանը Ռումինիայում ու Լեհաստանում, կամ Մոնտենեգրոյի` դաշինքին անդամակցելուն, կամ էլ Շվեդիայի, Ֆինլանդիայի կամ թեկուզ Վրաստանի Հյուսիս-Ատլանտյան դաշինքի զսպման ռազմավարության մասնիկ դառնալուն, սակայն պարզ է դառնում, որ ոչ տեխնոլոգիապես, ոչ սպառազինությամբ, և, իհարկե, ոչ տնտեսությամբ ռուսական կողմը հնարավորություններ չունի իր կողմը քաշել ստեղծված իրավիճակը, ուստի փորձում է որևէ տեղ գոնե տակտիկական հաղթանակ ամրագրել այս հակամարտությունից ամբողջովին տապալված դուրս չգալու համար։

Վերջերս ազատեցին Նադեժդա Սավչենկոյին, հայտարարեցին, որ ցանկանում են կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, փաստացի հրաժարվեցին Ուկրաինայի արևելքում «Նովոռոսիայի» գաղափարից և, հնարավոր է, որ մոտենա այն օրը, երբ Ռուսաստանը կհրաժարվի նաև Ղրիմից։ Չնայած, չեմ կարծում, որ Արևմուտքին ձեռնտու է Ռուսաստանի չափից ավելի շատ թուլացումն ու Պուտինի քաղաքական էլիտայի հեռացումը։ Այսպիսով Ռուսաստանի քաղաքականության փոփոխության դինամիկան Արցախի հարցում պետք է դիտարկել Մոսկվայի գլոբալ քաղաքականության համատեքստում։

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր առաջադրած երեք պայմաններում ներառել էր անվտանգության երաշխիքների և հասցեական հայտարարությունների պահանջ` բանակցությունների վերսկսման դիմաց։ Ըստ Ձեզ` ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Մինսկի խումբը Հայաստանին, և իրատեսակա՞ն է արդյոք ակնկալել, որ միջնորդ հարթակը կանի հասցեական հայտարարություններ։

– Հասցեագրված հայտարարություն անել` նշանակում է` ունենալ մեխանիզմներ պատասխանատվության ենթարկելու մի պետության, որը խախտում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները` ձևավորված քաղաքական կարգը պահպանելու համար։ Այս երևույթը նախևառաջ` ունի ակադեմիական մոտեցում։

Ռուսաստանի` Ուկրաինայի նկատմամբ իրականացված գործողությունները և սկիզբ առած հին աշխարհակարգի ֆունդամենտալ տրանսֆորմացիան ցույց են տալիս, որ, ինչպես հաճախ նշում են արևմտյան նեո-ռեալիստները, միջազգային հարաբերությունները գտնվում են քաոսային վիճակում, քանի որ չկա հիերարխիկ համակարգ, ու չկա վերպետական ունիվերսալ միջազգային ինստիտուցիա, որը կպահպանի աշխարհակարգն ու կկիրառի պատիժ այդ կարգը խախտողի նկատմամբ, ինչպիսի երկիր էլ որ այն լինի` տարածաշրջանային ո՞ւժ, թե՞ գերտերություն։

Ուստի, ինչպես նույն Քիսինջերը կամ Մարշեյմերն են նշում` «քաոսային» բնույթը միջազգային հարաբերություններում անհնար կամ, թերևս, անլուրջ է դարձնում անվտանգության երաշխիքներ պահանջելն ու դրանց ապահովումը, քանի որ չկա ունիվերսալ համակարգ, որն անխուսափելիորեն կենթադրի պատիժ մի երկրի նկատմամբ, որը, օրինակ, ագրեսիա է իրականացնում միջազգային սուբյեկտի կամ դե ֆակտո պետական կազմավորման նկատմամբ։

Դիցուք, ՆԱՏՕ-ի ոլորտում ներգրավված փորձագետներն ու ակադեմիստներն աշխատում են չօգտագործել «անվտանգության երաշխիքների տրամադդրում» արտահայտությունը դաշնակից երկրների անվտանգությանը վերաբերող հարցերում, այլ շատ հաճախ կիրառվում է «երաշխիքներ, որ կամրապնդեն անվտանգությունը` կրճատելով հարձակման հավանականությունը» կատեգորիան։ Ավելին, ըստ նեո-ռեալիզմի տեսության, որևէ երկիր չի կարող երաշխավորել մեկ այլ երկրի անվտանգությունն այնպես, որ նրա վրա երրորդ երկիր չի հարձակվի, քանի որ «քաոսային միջազգային հարաբերությունների» պայմանում որևէ երկիր չի կարող վստահ լինել, որ հարևան պետությունը նպատակ չի հետապնդի ագրեսիա կիրառել իր նկատմամբ։

Այսպիսով, ոչ հասցեավորված Մինսկի խմբի հայտարարությունների հիմնական պատճառներից մեկը հենց սա է` որևէ մեխանիզմ չկա պատժելու խախտողին, ագրեսորին, քանի որ չկա ունիվերսալ վերպետական կառույց, որի որոշումներն ընդունելի կլինեն բոլոր երկրների համար։ Ըստ էության, միակ ուժը, որի գործողություններն ուղղված են պատժելու տարածաշրջանային կարգը խախտողին, դա եղել է և մնում է ագրեսիայի ենթարկված կողմի զինված ուժերը, ինչն արդարացված և թույլատրելի է միջազգային իրավունքի կողմից։ Ի մի բերելով` Մինսկի խումբը չէ, որ պետք է պատժի ագրեսիա կիրառած Ադրբեջանին, այլ հայկական կողմը։ Մինսկի խումբը կարող է միայն արձանագրել իրողությունը, ինչ էլ արվեց Վիեննայում։

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանությունների քայլերը` բանակցային սեղան նստելու, ՀՀ-ում պաշտպանական համակարգում պաշտոնանկությունների, ԼՂՀ ճանաչման օրինագիծը սառեցնելու, կոռուպցիայի և արատավոր երևույթների դեմ պայքարելու անակնկալ հայտարարությունները և վերջին բոլոր քայլերը։

– Բանակցային սեղան նստելը բխում էր մեծ պատերազմից խուսափելու, այսպես ասած, ամերիկյան տրամաբանությունից։ Բայց դա նախևառաջ` ցույց տվեց, որ Հայաստանը որոշ իմաստով ետ կանգնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից ու իր իսկ Վիեննայում որդեգրած կեցվածքով ամրագրեց այդ 800 հեկտարն Ադրբեջանի ետևից։

Սա չնշանակեց խուսափել նոր, ավելի մեծ պատերազմից, քանի որ փաստացիորեն հակառակ ազդեցություն ունեցավ։ Ավելին, հայկական կողմը հայտարարեց, որ պատրաստ է տարածքներ զիջել, ու դա` ապրիլյան դեպքերից հետո, երբ տրամաբանությունը պետք է թելադրեր ճիշտ հակառակ քաղաքականության որդեգրում։ Այս ամենն Ադրբեջանին դիվանագիտական տեսանկյունից ավելի ինքնավստահ դարձրեց ու ստեղծեց համոզմունք, որ ռազմական գործողություններ վերսկսել-չվերսկսելու հարցը կախված է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քմահաճույքից և իրենց համար առավել բարենպաստ իրավիճակից։

Ուստի ճիշտ կլիներ ապրիլյան դեպքերից հետո հիմնովին փոխել ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական ու դիվանագիտական տրամաբանությունը` կենտրոնանալով Արցախն իր ներկայիս սահմաններով Հայաստանին իրավականորեն միավորելու գործընթացի վրա։ Դուք կասեք` սա ավելի կմեծացնի պատերազմի վտանգը։ Սակայն պետք է գիտակցել, որ 1994 թվականից հետո շատ բան է փոխվել՝ չկա միայն Արցախյան հիմնահարց, այլ կա Հայաստան-Ադրբեջան ռեգիոնալ, և, ինչո՞ւ չէ` արդեն իսկ գլոբալ մրցակցություն, որտեղ ղարաբաղյան հիմնահարցն ուղղակի այդ մրցակցության պլատֆորմներից մեկն է, իսկ պատերազմը` մրցակցության բնական, տրամաբանական գործիքներից մեկը։

Ուստի, եթե ակադեմիական մոտեցում ցուցաբերենք այս մրցակցությանը (contestation, rivalry), ապա այն կարող է ավարտված համարվել այն դեպքում, երբ կողմերից մեկը դուրս կգա մրցակցությունից, փաստացի ընդունելով մրցակցի` ռազմաքաղաքական առումով, տարածաշրջանում առաջատար լինելը։ Կոնտեստացիայում հաղթած կողմը կստանա տարածաշրջանում դոմինանտի որոշակի գործառույթներ, վերադրսևորվելով՝ որպես տարածաշրջանում անվտանգության արտահանող, այն դեպքում, երբ մնացած երկու ազգերը` ունենալով շատ ավելի փոքր հավակնություններ, կլինեն այդ անվտանգության սպառող կողմերը։ Ուստի Հայաստանի կողմից տարածքային զիջում Ադրբեջանի հետ մրցակցության ստրատեգիական տեսանկյունից` կնշանակի` պարտություն ի օգուտ օպոնենտի` դրանից բխող իր բոլոր հետևանքներով։

Հայաստանը կարող է հաղթող դուրս գալ դիմակայությունից միայն լուրջ ռեֆորմների, դեկորտատիզացիայի և տնտեսության ազատականացման շնորհիվ, այսինք` ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով, որոնք կխթանեն քաղաքական-հասարակական պետական մտածելակերպով օժտված էլիտայի ձևավորումն ու զարգացումը։

Հակառակը, մոտ քսաներեք տարվա ընթացքում լուրջ ջանքեր չեն ներդրվել Ադրբեջանի հետ քաղաքական, գաղափարական, գլոբալ ու ռազմական մրցակցությունից դուրս գալու նպատակով։ Անհրաժեշտ է էապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանությունը, որն իներտ է ու ոչ համակարգված։ ՀՀ-ի հարևան երկու երկրներն ունեն արտաքին քաղաքականությամբ արտահայտվող հստակ ամբիցիաներ, որոնց հիման վրա էլ իրականացնում են դինամիկ արտաքին քաղաքական գործունեություն` ձեռք բերելով դաշնակիցներ։

Մոտ երկու շաբաթ առաջ Վրաստանի պաշտպանության նախարար Խիդաշելին հայտարարեց, որ Հայաստանի հետ Վրաստանը չունի ստրատեգիական հարաբերություններ։

Շատ ճիշտ և բնական հայտարարություն էր։ Եթե նույնը հարցնեք Իրանի ՊՆ նախարարին, ապա գրեթե վստահ եմ, որ նա կասի նույնը հայ-իրանական հարաբերությունների կոնտեքստում։ Նշանակում է, որ ՀՀ-ն ունի չորս հարևան, որոնցից երկուսի հետ հարաբերությունները բնութագրվում են վատ, իսկ մյուս երկուսի հետ՝ ուղղակի «բարիդրացիական» կամ «ավանդական»։ Այն, որ Հայաստանը չունեցավ դաշնակիցներ, դա միայն Հայաստանի մեղքն է։ Դա նշանակում է, որ այսքան տարվա մեջ բավականաչափ հետևողականություն չի եղել, հավանաբար չի եղել նաև դրված այսպիսի խնդիր, այդպիսի օրակարգ արտաքին գերատեսչության ու Պաշտպանության նախարարության առջև։ Այս տարիների ընթացքում պետք էր կոնցեպտուալ մշակման ենթարկել և հասկանալ, թե ինչ տարածաշրջանային ամբիցիաներ կարող է ունենալ ՀՀ-ն, ու ինչպես դրանց հնարավոր է հասնել գլոբալ աշխարհակարգի էվոլյուցիայի պայմաններում։ Ելնելով դրանցից՝ ինչ ռեգիոնալ ու գլոբալ ֆունկցիաների է հավակնում ՀՀ-ն ու պոտենցիալում կարող է հավակնել։

Այս ամենը կարող է դառնալ ուղենիշ` դաշնակիցներ կամ ստրատեգիական գործընկերներ ձեռք բերելու հարցում, և նրանց հետ ունեցած քաղաքական ռեսուրսն օգտագործել Հայաստան-Ադրբեջան գլոբալացվող մրցակցության մեջ։ Ստեղծվեց տպավորություն, որ Բաքուն հասկացավ, որ Հայաստանի քաղաքական մեկուսացումն իր սկզբնական փուլի ավարտին է հասել, ու գնաց Հայաստանի հետ իր հակամարտության դինամիկայի փոփոխության` ապրիլին ձեռնարկելով ռազմական գործողություններ։

Նրա մոտ ստացվեց, դինամիկան փոխվեց և ստատուս-քվոն խախտվեց` ի օգուտ Ադրբեջանի։ Հայաստանը հաղթող դուրս գալու համար պետք է շտապի։ Կոնտեստացիայի տեսանկյունից եթե նայենք` «տարածք` կարգավիճակի դիմաց» կոնցեպտը թելադրված է 1990-ականների միջազգային հարաբերությունների տրամաբանությամբ, հիմա ամեն ինչ փոխվել է աշխարհում ու գնալով ավելի է կերպարանափոխելու խաղի կանոննելը։ Ուստի «տարածք` կարգավիճակի դիմաց» կոնցեպտը, որն ամրագրված է թե՛ փուլային և թե՛ փաթեթային տարբերակներով, էլ ՀՀ-ի շահերից չի բխում։ «Տարածք` կարգավիճակի դիմաց» սկզբունքն անխուսափելիորեն բարձրացնում է ռիսկերը Հայաստանի համար և բարձրացնում է պատերազմի սպառնալիքն Ադրբեջանի համար ավելի նպաստավոր պայմաններում։ Ուստի այս նոր միջազգային իրավիճակում Հայաստանի համար ավելի ընդունելի է Արցախի միացում ՀՀ-ին` միջազգային իրավունքի հիման վրա։

Տեսանյութեր

Լրահոս