Բաժիններ՝

Դատախազի տեղակալը գինովցած վիճակում մեքենայով մտել է լիճը. մարզի դատախազի խնջույքը ավարտվել է միջադեպով

Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը մայիսի 21-ին Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» կոչվող նորաբաց ռեստորանում (որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ) զվարճանալուց հետո հարբած վիճակում իր «Նիսսան տեանա» մակնիշի 01 OP 077 համարանիշերի ավտոմեքենայով հայտնվել է լճում: Այս մասին 168.am-ին տեղեկացնում է մարզի բնակիչներից մեկը, որը մեզ է տրամադրել նաև լուսանկարները:

«Հայտնի են դարձել նաև ուշագրավ այլ մանրամասներ. Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանի հրավերով, այսպես ասած՝ «պատիվ տալու համար», Տավուշի մարզ են եկել ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները, այդ թվում դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, ով պատկերված է լճում գտնվող ավտոմեքենայի առջևի մասում և փորձում է դուրս բերել ավտոմեքենան լճից: Խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները, Տավուշի մարզի դատախազը և նրա տեղակալ Հայկուշ Բաղդասարյանը:

Զավեշտալին այն է, որ հյուրասիրությունը կազմակերպել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, ով նաև իր ուժերով ու միջոցներով «Գազ 66» մակնիշի ավտոմեքենա է կանչել դեպքի վայր, որ մեքենան դուրս հանվի լճից, այնուհետև տնօրենն իր իսկ միջոցներով ներկայումս Իջևանի արհեստավորների մոտ վերանորոգում է լճում հայտնված դատախազի «Նիսսան Տեանա» ավտոմեքենան:

Պարզվում է նաև, որ նշված դեպքով որևէ պատկան կառույց չի զբաղվել: Լինելով իգական սեռի ներկայացուցիչ՝ բարձրաստիճան պաշտոնյա, Հայկուշ Բաղդասարյանը մեքենան վարել է հարբած վիճակում, իսկ լուսանկարում կարմիր վերնաշապիկով պատկերված ռեստորանի տնօրեն Վահե Ղալումյանը, նրա կողքին գտնվող և լուսանկարում պատկերված Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը ձեռքերը գրպանում դրած հետևում էին, թե ինչպես են մեքենան դուրս բերվում լճից:

Կարդացեք նաև

Հարց է առաջանում, թե ո՞ւր են նայում մեր պատկան մարմինները, նույն մարզի դատախազը ինչո՞ւ է թույլ տալիս, որ իր տեղակալը ոչ սթափ վիճակում վարի մեքենան և ինչո՞ւ է բարձրաստիճան պաշտոնյան ոչ սթափ վիճակում վարում մեքենան, և այսպե՞ս են դատախազները պայքարում ապօրինի անտառհատումների դեմ՝ անտառտնտեսության տնօրենի կողմից քեֆ կազմակերպելու եղանակով»,- ասված է խմբագրություն ուղարկված նամակի մեջ:

168.am-ը փորձում է կապ հաստատել դեպքին մասնակից պաշտոնյաների հետ, և նրանց տեսակետը ներկայացնել միջադեպի առնչությամբ:

Baxdasaryan1 Baxdasaryan-dataxaz

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս