Բաժիններ՝

Պետք է ուրախանալ, որ պաշտոնյաները միլիոններ են հայտարարագրում

Ազգային ժողովում երեկ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ, մեկնարկեցին 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Իհարկե, վերջիններս կարճ ժամանակ անց լքեցին Նիստերի դահլիճը, և լրագրողների հարցերի ողջ տարափը բաժին հասավ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանին։
Պարզվեց` կոռուպցիայի դեմ պայքարում վերջնաժամկետ չկա, իսկ շոշափելի արդյունքները երկարաժամկետ շրջանում են դրսևորվում։ Ա.Ալավերդյանի կարծիքով` եթե պետական ապարատը պաշտպանված չէ սոցիալապես, աշխատավարձերի մակարդակը բարձր չէ այնքան, որպեսզի պաշտոնյաների անձնական կարիքները բավարարի, ապա այդ ռիսկը մշտապես լինելու է։

«Դա պատճառներից մեկն է, բայց առանձին դեպքերում նույնիսկ բարձր վարձատրություն ստացողը կարող է գնալ այդ քայլին։ Ուրեմն՝ պետք է, որ այդ ոլորտում պատասխանատվությունն ավելի հասցեական դարձնենք»,- ասաց Ա.Ալավերդյանը։
Անդրադառնալով շատ պաշտոնյաների հայտարարագրած միլիոններին` ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ պետք է ուրախանալ, որ պաշտոնյաները հայտարարագրերում միլիոններ են գրանցում, դա ավելի շատ թափանցիկության նշան է, և ավելի վատ և վտանգավոր է այն դեպքը, երբ պաշտոնյան միլիոններ ունի, բայց չի հայտարարագրում։
Ըստ նրա` իր մոտ հարցեր առաջանում են, թե որտեղի՞ց այդ գումարը, բայց նա խորհուրդ է տալիս չմտածել, թե պաշտոնյաներն այդքան անմիտ ու անգետ են, որ առանց հիմքերի՝ կարող են մեծ գումար հայտարարագրել։ Ա.Ալավերդյանի խոսքով` օրենքով հին եկամտի աղբյուրի հրապարակման մասին պահանջ չկա, իսկ այսօրվա եկամտի դեպքում նման պահանջ կա։

«Ես այդ կոռուպցիան տեսնում եմ այնտեղ, որ պաշտոնյա կա, որ կարողանում է այդ հայտարարագրված 2 մլն դրամով իր ընտանիքը պահել։ Ես գտնում եմ, որ այդտեղ ավելի շատ կոռուպցիա կա,- ասաց Ա.Ալավերդյանը և շարունակեց,- Պետական չինովնիկը պետք է միանշանակ պատրաստ լինի այդ հարցերը և՛ լսելու, և՛ պատասխանելու, և՛ դրանց տակից դուրս գալու»։

Նա նշեց, որ մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ, եթե որևէ մեկին դատեն կամ աշխատանքից ազատեն, հարցը կլուծվի, օրինակ` Չինաստանում ոչ միայն դատում են, այլև գլխատում են, 400 հազար մարդ էլ պատասխանատվության է ենթարկվել. «Ես գիտեմ՝ և՛ Մոնտենեգրոյում ինչ է կատարվում, և՛ Չինաստանում, և՛ Հայաստանում։ Մենք գտնում ենք, որ, եթե մեզ մոտ գործառույթների հստակություն անենք, տեսուչներին հնարավորություն տանք՝ ինչքան հնարավոր է՝ քիչ շփվեն տնտեսվարողների հետ, իրենց նյութական վիճակը բարելավենք, մենք այդ ֆոնը բավականին կփոխենք»։

Կարդացեք նաև

Նա խորհուրդ տվեց բիզնեսի ներկայացուցիչներից հարցնել և հավաստիանալ, որ արդեն հաջողվել է սառույցը կոտրել։ Ա.Ալավերդյանի կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային, և պետք չէ այն տանել անձնական դաշտ։ Ա.Ալավերդյանն օրինակ բերեց իր եկամուտները, որ տարեկան 15 մլն դրամ են կազմում, որից 8.5 մլն-ն աշխատավարձն է, մնացածը բանկային եկամուտներն են. «Ես իրականում իմ վարձատրությունից գոհ եմ։ Մեր ընտանիքում միայն ես չեմ, 4 հոգի էլ աշխատում են»։
Իր նախկին ղեկավար, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին Ա.Ալավերդյանը նշեց, որ նա իր հայտարարագրում արտացոլել է եկամուտներ, որոնք պետական պաշտոնյաների եկամուտներից անհամեմատ բարձր են, բայց նա բացատրություններ է տվել, թե ինչու։

«Եթե եկամուտներն օրինական ճանապարհով ստացված եկամուտներ են, ժառանգել են, ստեղծել են, ունեցել են և, այսպես ասած, ինքնաբավ են, այդ պաշտոնյաները կարող են արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։ Չեմ ընդունում այն հանգամանքը, որ պետական չինովնիկը, չունենալով եկամտի որևէ այլ աղբյուր, կարող է վարել ամենաթանկ ավտոմեքենաներից։ Հարց է ծագում` որտեղի՞ց էդ եկամուտը։ Մեր հասարակության մեջ մենք կոնկրետ պետք է իմանանք պաշտոնյաների հարստության չափը, փորձենք խորանալ աղբյուրների մեջ` որտեղից է եկել, և փորձենք ֆիքսենք` հետագա պաշտոնավարման ընթացքում դա ավելանո՞ւմ է, թե՞ ոչ։ Հայաստանում բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ կան, բայց իրենք այնքան խելացի են, որ դա բաժնետիրացման միջոցով են անում»,- անկեղծացավ ՊԵԿ փոխնախագահը։

Ա.Ալավերդյանը չհամաձայնեց, որ ՊԵԿ համակարգ մտնում են կոռուպցիոն ճանապարհով փող աշխատելու համար. «Ցանկացած մարդ կարող է դիմել ու մրցույթի մասնակցել։ Հիմա էդ ժամանակներն անցե՜լ են։ Մարդը դառնում ա լրագրող, մարդը դառնում ա հարկային աշխատող, ուսուցիչ, աշխատատեղ ա, մարդկանց մի կատեգորիա կա, որ սիրում ա տեսուչ աշխատել, ստուգող աշխատել»։ Ըստ նրա` համակարգում պետք է երևույթները հերթով լուծելով՝ տարիների ընթացքում առաջ գնալ, օրինակ` էլեկտրոնային հաշվետվության համակարգի ներդրումը։
ՊԵԿ փոխնախագահը հրաժարվեց մեկնաբանել` կա՞ Հայաստանում «ապօրինի մենաշնորհ», թե՞ ոչ։ «Ի՞նչ է նշանակում՝ ապօրինի մենաշնորհ»,- հարցին հարցով պատասխանեց նա։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետն է խոսել ապօրինի մենաշնորհների մասին, Ա.Ալավերդյանը պատասխանեց, թե կառավարության ծրագրում էլ կա կետ մենաշնորհների մասին, բայց «ապօրինի» հասկացությունն իրեն ծանոթ չէ։ Նա նշեց, որ մենաշնորհների մասին տեղեկատվություն ստանալու համար վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, բազմաթիվ աղբյուրներից է օգտվում։

«Երբ շաքարը մի հոգի է ներկրում, դա չեղավ ապօրինի։ Կոնկրետ շաքար արտադրական նպատակներով ներկրում են տասնյակ կազմակերպություններ։ Քաղցրավենիքի բոլոր խոշոր արտադրողներն իրենք են ներմուծում։ Մանրածախ վաճառքի համար ներկրողի դեպքում ինձ ավելի շատ հետաքրքրում են նրա վճարած հարկերը։ Իսկ այդ որակումներին գնահատական պետք է տա համապատասխան հանձնաժողովը»,- ասաց Ալավերդյանը։

Շուկայում մյուս ներկրողների համար արհեստական խոչընդոտների առկայության մասին հարցին անդրադառնալով՝ ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ մենաշնորհ ասածը կամ շուկայում մեծ դիրք գրավելը նշանակում է, որ որևէ ապրանքատեսակի գծով մեկ կամ մի քանի տնտեսվարողներ ավելի շատ են ներմուծում կամ արտադրում, քան մյուսները, և այստեղ իրենք շահեկան դիրք են գրավում և գների վրա ազդելու ու հավելյալ եկամուտներ ստանալու հնարավորություն են ունենում։ «Ռուսառմօյլ» ընկերության կողմից դիզվառելիք ներկրելու խոչընդոտների վերաբերյալ հարցին ի պատասխան էլ՝ Ալավերդյանը նշեց, որ որևէ տեսանյութ չի տեսել, և հավելեց, որ դիզվառելիքը պետք է որոշակի չափանիշների համապատասխանի, իսկ այդ ընկերությունը ներմուծել է իր խմբաքանակը։

Անդրադառնալով վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 100 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը Հայաստանի համար ռեկորդային բարձր, աննախադեպ ցուցանիշ է, Ալավերդյանը պարզաբանեց, որ ապրիլին ունեցել ենք 97 մլրդ հարկային եկամուտներ, իսկ «աննախադեպ» բառն օգտագործվել է՝ նկատի ունենալով, որ անկախության տարիներից ի վեր ապրիլ ամսին այդքան եկամուտ երբեք չի հավաքագրվել. «Դրա մեջ տեսակարար մեծ կշիռ ունեցան երկու հարկատեսակ` ԱԱՀ և շահութահարկ։ Տարեկան շահութահարկի և ԱԱՀ-ի հաշվին է եղել։ Հնարավոր եղավ շահութահարկ ապահովել այնպիսի կազմակերպություններից, որոնց գծով նախկինում մուտքեր չէինք ունեցել»,- ասաց Ա.Ալավերդյանը` չնշելով, սակայն, որևէ անուն։ Նա խորհուրդ տվեց սպասել խոշոր հարկատուների հաջորդ ցանկին, որը կհրապարակվի հուլիսին։ Ըստ նրա` հարկերի բարձր մակարդակը ստուգումների արդյունքում չի արձանագրվել, ճշգրտումները կազմակերպությունների մի մասն ինքնակամ է կատարում` ՊԵԿ առաջարկով, և նման դեպքերը հարյուրավոր են, իսկ մի մասը հրաժարվում է։

Ա.Ալավերդյանը նշեց, որ տնտեսվարողները տարեկան 30 մլրդ ավելի շատ հարկային վնասներ են արձանագրել, քան նախորդ տարի, բայց հարց է, թե ինչպես է, որ կազմակերպությունների ծախսերն անընդհատ գերազանցում են եկամուտներին, դա արդյոք ծախսերն ուռճացնելո՞ւ արդյունք է։

Ըստ ՊԵԿ փոխնախագահի` ապրիլի մակարդակի հարկ մայիսին չի հավաքագրվի. «Ամբողջ վերջին տարիների շղթան է ցույց տալիս դա, քանի որ ապրիլը հաշվետու ամիս է, շահութահարկի տարեկան հաշվետվության ամիսն է, դրա համար բոլոր տարիներին ապրիլին ավելի բարձր է լինում, քան մյուս ամիսներին։ Ապրիլի մակարդակին կարող ենք մոտենալ միայն աշնանը»։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս