Բաժիններ՝

Գազի պատճառով ջերմոցները փակվելու վտանգի առաջ են

Հայաստանում ջերմոցային տնտեսությունները լուրջ խնդրի առջև են կանգնած: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Ջերմոցների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը, Կոտայքի մարզում գազի պարտքի պատճառով 13 ջերմոց կանգնած է փակման վտանգի առաջ:

«Գազի գրասենյակը սպառնում է գազն անջատել: Մարդիկ ասում են՝ սպասի, բերքը հավաքվենք՝ պարտքը տանք, չեն համաձայնում»,- ասաց Պ.Գևորգյանը:

Գազի վճարի հետ կապված խնդիրների պատճառով «Սազ Ագրո» ընկերությունը ջերմոցների մշակության սկզբից՝ նոյեմբերից, 10 մլն դրամ գազի պարտք է կուտակել, որից 7 մլն-ը վճարել է, իսկ 3 մլն դրամի պատճառով սպառնում են անջատել գազը: Եղվարդում 44 հեկտար տարածքով ջերմատունը 40 մլն է պարտք և նույնպես խնդիրներ ունի:

«Մինչև մեր գազի գները չիջացնեն, իրավիճակը չի փոխվի: Ոչ թե ռուսներն իջացնեն, այլ՝ հայերը, ռուսները կապ չունեն, նրանք էժանացնում են, իսկ սրանք՝ ոչ: Գազի պատճառով մենք մրցունակ չենք Ռուսաստանում»,- նշեց Պ.Գևորգյանը:

Նրա խոսքով՝ գազի վճարումները հետաձգելու հետ կապված բանակցություններն անարդյունք են ավարտվել, ոչ մի զիջում չի արվում. «Պահանջում են՝ ջերմոցատերերը վարկ վերցնեն, փակեն իրենց գումարը: Մարդիկ ցանում են՝ վարկ են վերցնում, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվարը մարդիկ վարկով են փակել գազի գինը, մնացել է մարտին բերքի տակ մտնեն, չեն զիջում: Իսկ մարդիկ վարկ վերցնելու տեղ էլ չունեն»:

Նա նշեց, որ ՀՀ-ում ջերմոցի լոլիկի ինքնարժեքի 70-80 %-ը գազն է, մինչդեռ շուկան ողողված է թուրքական էժան լոլիկով. «Հարցադրում եմ անում՝ թուրքերը որտե՞ղ են՝ սահմանի՞ն, թե՞ «Գազպրոմում», թե՞ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, թե՞ թուրքական լոլիկ բերողները, և ոչ թե՝ սահմանում, ու մեր տղաներն իզուր են գնացել՝ սահմանին զոհվում են»:

Ջերմոցները տաքացնելու այլընտրանքային եղանակ, Պ.Գևորգյանի կարծիքով՝ չկա: Նա նշեց, որ փորձ է եղել հոսանքով՝ ինֆրակարմիր ճառագայթներով տաքացնել, բայց թանկ է ստացվում: Շատ թանկ հաճույք են նաև արևային տաքացուցիչները: «Անհնարին է, արևային տեխնոլոգիաները շատ թանկ են, կես հեկտարի համար հաշվել ենք տվել, 1.5 մլն դոլար է կազմում: Նախ՝ այդքան գումար հատկացնող չկա, հետո, եթե վարկ էլ տան, ե՞րբ վերադարձնենք»,- ասաց միության նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս