Ստեղծելու ենք զսպման կարողություն ունեցող այնպիսի բանակ, որ որեւէ երկիր մտքով չանցկացնի հարձակվել մեզ վրա. Թաթոյան
«Միասնության թեւեր» նախաձեռնության անդամներն այսօր այցելել են Արմավիրի մարզ եւ հանդիպել քաղաքացիների հետ։
«Մենք շատ մանրամասն քննարկել ենք և մշակել ենք բանակի որոշումներ կայացնելու մեխանիզմը։ Մենք պիտի ունենանք մոբիլ բանակ, պիտի ունենա տեղում ակնթարթային որոշումներ կայացնելու հնարավորություն։ Մենք պիտի ունենանք շատ ուժեղ հետախուզական ծառայություններ։ Հետախուզությունդ այնքան բարձր պիտի լինի, ուղնուծուծով պետք է իմանաս՝ քո շուրջբոլորը ինչ է կատարվում։ Դու այնպիսի պիտի բանակ ունենաս, որ ինչ-որ մի պետություն քո վրա հարձակվելուց առաջ հազար անգամ մտածի՝ հարձակվի, թե չէ։ Մենք ստեղծելու ենք զսպման կարողություն ունեցող այնպիսի բանակ, որ որեւէ երկիր մտքով չանցկացնի հարձակվել մեզ վրա»,– ասել է Թաթոյանը։
Թաթոյանն իր թիմակիցների հետ նաեւ այցելել է Մայր տաճար։ Նշենք, որ այսօր նշվում է Ծաղկազարդը։



