Իրանը հայտարարել է՝ գնում ենք մինչև վերջ, ոչ մի հրադադար. Ադրբեջանն, ի վերջո, ներքաշվելու է. Պեպե Էսկոբար
Ադրբեջանին, ի վերջո, ներքաշելու են Իրանի դեմ պատերազմի մեջ, եթե այն շարունակվի, և եթե ադրբեջանցիներին ներքաշեն պատերազմի մեջ, և նրանք թույլ տան հարվածներ հասցնել Իրանին Ադրբեջանի տարածքից, ստիպված կլինեն մեծ գին վճարել։
Այսպիսի կարծիք է հայտնել նորվեգացի քաղաքագետ, Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենի հետ հարցազրույցում բրազիլացի քաղաքական վերլուծաբան և հեղինակ Պեպե Էսկոբարը՝ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի երկակի խաղերի մասին։
Էսկոբարի խոսքով՝ հենց դա էլ տեղի է ունեցել նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ, սակայն Իրանը որևէ պատասխան քայլ չձեռնարկեց, թեև ուներ բոլոր ապացույցները, որ Իրանի տարածքին հարվածներ հասցնող իսրայելական անօդաչուները թռչում էին Ադրբեջանի տարածքից։
«Եթե դա կրկնվի, Ալիևը, մեղմ ասած՝ լուրջ անախորժությունների մեջ կհայտնվի։ Սպասենք և տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը։ Նրանք կարծում են, թե այս պատերազմն իրենց չի վերաբերում, բայց վերջիվերջո, կախված իրադարձությունների զարգացումից՝ նրանք նույնիսկ կարող են օգուտներ քաղել այս պատերազմից, բայց առայժմ ոչինչ որոշված չէ։ Բոլոր դեպքերում ես հրավեր եմ ստացել մասնակցելու Բաքվում կայանալիք համաժողովներից մեկին և պատրաստվում եմ ընդունել այն, քանի որ կուզեի այս հարցերը տալ այնտեղի մարդկանց, եթե, իհարկե, ինձ բանտ չնետեն»,- հավելել է Պեպե Էսկոբարը։
Գլեն Դիզենի համոզմամբ՝ Միացյալ Նահանգների բազմաթիվ նախագահներ խուսափել են Իրանի դեմ պատերազմից այն պատճառով, որ կան չափից ավելի շատ անորոշ, անհայտ և անկառավարելի գործոններ, օրինակ՝ ինչ կպատահի Ադրբեջանի հետ, եթե այն ներքաշվի պատերազմի մեջ։ Ըստ նորվեգացի քաղաքագետի՝ դա կփոխի ոչ միայն եվրոպական, այլև եվրասիական աշխարհաքաղաքական լանդշաֆտը։
«Տասնամյակների պատժամիջոցներից, սպառնալիքներից ու միջնորդավորված հարձակումներից հետո Իրանն ուզում է մաքրել բոլոր հաշիվները և դա անել իր պայմաններով։ Այնպես որ, այս պատերազմը հեշտ էր սկսել, բայց այն ավարտելը շատ դժվար է լինելու, քանի որ, երբ ամեն ինչ ավարտվի, աշխարհն, ինձ թվում է, բոլորովին այլ տեսք կունենա»,- նշել է Դիզենը։
Պեպե Էսկոբարն էլ իր հերթին՝ հավելել է, որ Իրանի իմպերատիվ պահանջներից մեկն այն է, որ այլևս ոչ մի պատժամիջոց չլինի Իսլամական Հանրապետության դեմ, սակայն բրազիլացի վերլուծաբանի կարծիքով՝ դա բացարձակապես անհնար է, քանի որ պատժամիջոցները պետք է չեղարկի ԱՄՆ Կոնգրեսը, իսկ դա երբեք տեղի չի ունենա: Մյուս պահանջը՝ փոխհատուցում վճարել Իրանին, դա ևս չափազանց դժվար է պատկերացնել, որ կայսրությունը փոխհատուցում կամ ռազմատուգանք վճարի Իրանին։
«Իրանցիների համար դա հավատքի հարց է, դա իրենց հիմնական երեք-չորս կետերից մեկն է՝ ի թիվս Արևմտյան Ասիայից ամերիկյան ռազմաբազաները հանելու պահանջի, այնպես որ՝ երկու կողմերի միջև առաջացած անդունդն անհաղթահարելի է, և չկա որևէ մեկը, որը կարող է հանդես գալ որպես միջնորդ։ Միակ հնարավոր միջնորդը կարող էր լինել Ռուսաստանը, և եթե նայենք, թե Ուշակովն ինչ չի հայտնել Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցի մասին, ապա կարելի է չկասկածել, որ նրանք շոշափել են այս թեման։ Պուտինը կարող էր ասած լինել Թրամփին. «Այո, ես կարող եմ լինել միջնորդ, բոլոր մասնակիցներն էլ հարգում են մեզ»։ Խնդիրն այն է՝ ուզո՞ւմ են արդյոք իրանցիները միջնորդություն։ Տվյալ պահին մենք միևնույն բանն ենք լսում Իրանի ղեկավարությունից, այդ թվում՝ այաթոլլահ Խամենեիից. «Ո՛չ, ոչ մի հրադադար, ոչ մի միջնորդություն. մենք գնում ենք մինչև վերջ»։ Հենց սա է այսքան պայթյունավտանգ դարձնում իրավիճակը»,- հավելել է Պեպե Էսկոբարը։
Նորվեգացի պրոֆեսորն էլ իր հերթին հավելել է՝ «սա հիմար պատերազմ էր, որն ի սկզբանե պետք չէր սկսել»։



