Բոլորը նրանց համարում էին վախկոտ ու անբարո, ովքեր ուրացել են սեփական արյունը՝հանուն մի քանի օրվա կեղծ խաղաղության. Արտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյանը գրում է. «Առակ կոտրված պարսպի, ուրացված հիշողության և անանուն ժառանգների մասին
Մի խաղաղ գյուղում կար մի հնամենի տուն, որտեղ դարերով ապրում էր Քարագործի ընտանիքը։ Տան մուտքի վրա փորագրված էր տոհմական զինանշանը՝ վեհաշուք լեռան և արծվի պատկերով, որը խորհրդանշում էր նրանց հազարամյա կապն այդ հողի հետ։
Մի օր գյուղ եկավ մի չարագործի ընտանիք և բնակվեց հարևանությամբ՝ Երկաթե տանը։ Այս եկվորները չունեին ո՛չ այդ հողի հետ կապված հիշողություն և ո՛չ էլ տեղի մշակույթի հանդեպ հարգանք։ Շատ չանցած նրանք սկսեցին ուժով զավթել Քարագործի «Արևի այգին»՝ պնդելով, որ իրենց պապը ժամանակին այդ այգում մեկ օր քնել է ու կերել դրա խնձորներից, ուստի այգին իրենցն է։ Այդ զավթման ժամանակ եկվորները սպանեցին Քարագործի մի քանի զավակներին, ովքեր փորձում էին պաշտպանել իրենց հայրական ծառերը։
Տեսնելով, որ չարագործի ընտանիքը շարունակում է սպառնալ, ինչի հետևանքով իր զավակները դժգոհում են իրենից՝ Քարագործը կայացրեց մի որոշում, որը ցնցեց նրա գերդաստանին։ Նա հրամայեց իր որդիներին այլևս պարիսպներ չկառուցել և չհսկել սահմանները։ Ավելին՝ նա սեփական ձեռքով քանդեց տան մուտքի զինանշանը՝ ասելով, որ «այդ լեռան պատկերը զայրացնում է հարևանին» և դա ընդամենը «քարի կտոր է»։
Նա հրահանգեց պաշտպանության վրա ծախսվող ողջ գումարն ու ջանքն ուղղել շքեղ խնջույքների կազմակերպմանը։ Նա հրավիրում էր հեռավոր թաղամասերի մեծավորներին ու դիտորդներին, հյուրասիրում նրանց թանկարժեք գինիներով և հպարտանում իր «առաջադեմ ու խաղաղասեր» մտածելակերպով։ Մինչ հյուրերը գովում էին նրա «իմաստությունը», նրանք պատուհանից տեսնում էին, թե ինչպես է հարևանը ամեն օր ցանկապատը մի քանի սանտիմետր առաջ բերում, բայց լուռ շարունակում էին ուտել ու խմել։ Ավելին, այդ հյուրերը պարբերաբար խնջույքների էին մասնակցում նաև Չարագործի տանը՝ գովելով նրա «ուժն ու մեծահոգությունը»:
Քարագործն իր զավակներին ստիպեց այգու ծառերն անվանել այնպես, ինչպես կոչում էր Չարագործը։ Եթե մի ծառ դարերով կոչվել էր «Պապական ծիրանի», նա ստիպում էր կոչել այն «Հարևանի հանգստի ծառ», որպեսզի եկվորն իրեն «օտար» չզգա։
Ամենասարսափելին սակայն նրա վերաբերմունքն էր նահատակված զավակների հանդեպ։ Իր վախկոտությունն արդարացնելու համար նա սկսեց հրապարակավ մեղադրել սպանված որդիներին։ Նա ասում էր, թե նրանք են մեղավոր իրենց մահվան համար, քանի որ հարևանի «ոտքի տակ են ընկել», երբ վերջինս թալանում էր այգին։ Նա սեփական երեխաների պաշտպանական բնազդը անվանեց «սադրանք», իսկ թափված արյունը՝ «հարևանի հետ բարեկամության մատաղ»։
Մի օր Չարագործը առաջ քաշեց վերջին պայմանը. «Ես քեզ հետ կխմեմ միայն այն դեպքում, եթե դու ընդունես, որ այս տունը երբեք քոնը չի եղել և դու այստեղ ապրել ես միայն իմ բարի կամքով»։ Քարագործը, հույս ունենալով վերջնականապես խաղաղություն գնել, համաձայնեց նաև դրան։
Բայց հարևանների մոտ դա ոչ թե բարեկամություն, այլ բացարձակ արհամարհանք ծնեց։ Մի օր, երբ Քարագործը կանգնած էր այն նույն հնամենի ջրհորի մոտ, որի վրայից ջնջել էր նախնիների անունները, հարևանի զավակները մոտեցան նրան։ Նրանք ծիծաղելով բռնեցին Քարագործին, և երբ նա սկսեց ողորմություն խնդրել՝ հիշեցնելով իր կազմակերպած խնջույքները, հարևանի որդին ասաց.
«Եթե դու չհարգեցիր քո զավակների արյունը և քո նախնիների հիշատակը, մենք ինչո՞ւ պիտի հարգենք քո ծերությունը»։
Նրանք Քարագործին նետեցին ջրհորի խորքը և փակեցին կափարիչը։
Նրա ողջ մնացած զավակները, տեսնելով հոր սարսափելի վախճանը և գիտակցելով, որ իրենք չունեն ո՛չ պարիսպ, ո՛չ զենք և ո՛չ էլ բարոյական հիմքեր, փախան կողքի գյուղ։ Նրանք թողեցին ամեն ինչ՝ տունը, այգին և հայրական գերեզմանները։
Կողքի գյուղում, երբ մարդիկ հարցնում էին. «Որտեղի՞ց եք եկել», նրանք չէին կարողանում պատասխանել, որովհետև իրենց հայրը ջնջել էր իրենց տան ու գյուղի անունը։ Նրանք դարձան անանուն մարդիկ՝ առանց անցյալի և առանց ապագայի հույսի։ Ոչ ոք նրանց հանդեպ հարգանք կամ սեր չցուցաբերեց. բոլորը նրանց համարում էին վախկոտ ու անբարո մարդիկ, ովքեր ուրացել են սեփական արյունն ու իրավունքները՝ հանուն մի քանի օրվա կեղծ խաղաղության և խնջույքի»։



