ՀԱՊԿ-ում մեր ներգրավվածությունը պայմանավորված է տարածաշրջանի ընդհանուր անվտանգությամբ. Խոսրով Հարությունյան

«Նախագահը խաղաղապահության գագաթնաժողովի իր ելույթում հստակ արձանագրեց Հայաստանի պատասխանատու մասնակցությունն ու պատրաստակամությունը գլոբալ անվտանգության խաղաղապահության միջոցառումներին: Այսինքն՝ Հայաստանը մասնակցել է, մասնակցում է և կմասնակցի, ընդ որում ՝ ընդլայնելով թե՛ իր մասնակցության չափը, ծավալը և թե աշխարհագրությունը: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը միջազգային հանրության կամ գոնե պատասխանատու դերակատարների համար՝ գլոբալ անվտանգության հարցերում, խաղաղապահության գործընթացում, դիտվում է որպես վստահելի գործընկեր: Նախագահը սա կարևորում է և դիտում մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ ամբողջ հարցն այն է, որ այսօր շատ է խոսվում այն մասին, թե կոնֆլիկտի կարգավորման բանալին, միգուցե ինչ-որ մի սահմանագծով, խաղաղապահ ուժերի տեղակայումն է, բայց նրա կարծիքով՝ մեծ իմաստով խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիրը օրակարգային կարող է դառնալ միայն այն ժամանակ, երբ առանցքային կարևորագույն բանակցային հարցերի շուրջ ձեռք բերվեն պայմանավորվածություններ կամ մատեցումների ընդհանրություններ. «Այսինքն՝ եթե սկզբունքային հարցերի վերաբերյալ կողմերի միջև պայմանավորվածություններ չկան, խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիրը չի կարող դառնալ օրակարգային, որովհետև դա ընդամենը միջոց է լինելու այն էլ անհրաժեշտության դեպքում»:

Նա նշեց, որ ՀԱՊԿ ներգրավածությունը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում հայաստանյան քաղաքական ղեկավարության կողմից չի դիտարկվում որպես խիստ անհրաժեշտ հարց.

«ՀԱՊԿ-ում մեր ներգրավվածությունը, մեծ իմաստով, պայմանավորված է տարածաշրջանի ընդհանուր անվտանգությամբ: Ես այն կարծիքին չեմ, որ այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ շրջանում խաղաղապահների ձևավորմանը , ուղղակիրոն, թեկուզ Հայաստանի նախաձեռնությամբ, պայմանավորված են մեր հեռուն գնացող նպատակներով՝ հայ-ադրբեջանական կամ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի կոնտեքստում: Խաղաղապահության խնդիրը գլոբալ առումով է դրված այսօր, և ՀԱՊԿ-ը՝ տեղայնացնելով իր կառույցներում այդ խնդիրը, փորձում է ինքն էլ հաղորդակից դառնալ միջազգային խաղաղապահության գործընթացին»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս