Բաժիններ՝

«Սեփական զինվորներին կոտորածի են ենթարկում, միայն թե իրենց քաղաքական հարցերը լուծեն». Ինչո՞ւ է հակառակորդը դարձյալ ակտիվացել. galatv.am

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունն առաջիկա օրերին կմեղմվի: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա նշել է նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերին իրավիճակի սրում չի նկատվում. «Արցախի սահմաններում որևէ լարվածություն չկա, այս պահին հանգիստ վիճակ է:

Սովորական իրավիճակ է, Հայաստանում էլ այդ իրավիճակն իմ կարծիքով ժամանակավոր բնույթ է կրում, եւ առանձնակի անհանգստանալու առիթ չկա»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնել է, թե տարբերություն չկա՝ թշնամին լարվածություն ստեղծում է հայ-ադրբեջանական, թե ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Պետք է հակահարված հասցնել թշնամուն.

«Հակառակորդը չի տարբերակում Արցախը և Հայաստանը, մենք այս առումով միշտ ասում ենք, որ կա երկու հայկական անկախ պետություն, բայց մեկ հայրենիք, հիմա մենք նույնպես չպետք է տարբերակենք Արցախի սահմանում և Հայաստանի Հանրապետության հատվածում տեղի ունեցող գործընթացները, սա մի ընդհանրական ճակատ է: Ու հակառակորդն անկախ նրանից, թե Արաքսի ափից մինչև Վրաստանի սահմանը, թե Նախիջևանի հատվածում ինչպիսի գործողություններ է վարում, այն վարում է հայոց պետականության դեմ»,- նշել է Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ հակառակորդի վերջին օրերի ակտիվության համար առանձին պատճառներ չկան, սակայն կան որոշակի հանգամանքներ, որոնք, ըստ Դ. Բաբայանի, ակտիվություն են հաղորդում այս գործընթացին.

«Իմ կարծիքով Ադրբեջանում քանի որ ներկայումս ակտիվ քաղաքական շրջան է սկսվել, ու այնտեղ ընտրություններ են սպասվում, սպասվում է նաև «թեժ ադրբեջանական աշուն», ինչպիսին «արաբական գարունն» էր:

Եվ պայթյունից խուսափելու համար հակառակորդը փորձում է շեղել սեփական բնակչության ուշադրությունը Ադրբեջանում առկա խնդիրներից ու սերմանում է արտաքին թշնամու կերպար: Ընդ որում, ադրբեջանական կլանը շահագրգռված է, որ ինչքան շատ զոհեր լինեն ադրբեջանական կողմից, այնքան լավ, քանի որ այս առումով թաղումներ կազմակերպելը ևս ընտրապայքարի մի ձև է դարձել»,- ասել է Բաբայանը՝ ավելացնելով նաև, թե Ադրբեջանում հանրության ուշադրությունը քաղաքական պրոցեսներից փորձում են շեղել՝ սահմանին լարված իրավիճակ ստեղծելով. «Հանրության ուշադրությունը փորձում են շեղել քաղաքական գործընթացներից ու ցույց տալ իրենց ժողովրդին, թե՝ տեսեք, կա այսպիսի հայկական գազանի կերպար, որ դիմում է այդպիսի քայլերի:

Սա է խնդիրը, այսինքն իրենք սեփական բնակչությանը ու սեփական զինվորներին կոտորածի են ենթարկում, միայն թե իրենց քաղաքական հարցերը լուծեն»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս