ՀՀ-ին ու Եվրոպական միությանը երկար և բարդ աշխատանք է սպասվում, որից կարևոր է համաձայնագրով դուրս գալը. Լոռ Դելքուռ

«Հայաստանն ու Եվրոպական միությունը կարողացան շրջանցել փակուղին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը` անդրադառնալով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ապագային:

Մասնավորապես, հարցին, թե ինչո՞ւ են մոսկովյան պաշտոնյաները նախազգուշական հայտարարություններով հանդես գալիս Երևանում, հորդորում լուրջ փաստաթղթեր չստորագրել ԵՄ-ի հետ, երբ Մոսկվայի համար գլխավոր սպառնալիք համարվող Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրն այլևս ՀՀ-ԵՄ շփումների օրակարգում չէ, ֆրանսիացի դիվանագետը պատասխանեց՝ վտանգի զգացողություն Մոսկվան ունի, քանի որ Եվրոպական միությունն ու Երևանը վերջերս սկսեցին լրջորեն մտածել քաղաքական հարաբերությունները փաստաթղթով կամ լուրջ համաձայնագրով ամրագրելու մասին, թեև Հայաստանը ներկայացնում է Եվրասիական տնտեսական միությունը:

Թեև, ըստ նրա, դեռ քննարկվում է ապագա համաձայնագրի պոտենցիալ շրջանակը, հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, այդ համաձայնագիրը կենտրոնանալու է քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության և ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված ՀՀ-ԵՄ առևտրային հարաբերություններում առկա խնդիրները վերացնելու, այդ թվում՝ մաքսերի շուրջ համաձայնության գալու վրա: «Աշխատանքներ են տարվելու նաև վիզային դյուրացման գործընթացի ուղղությամբ: Այսինքն` Ասոցացման համաձայնագիրը, որը Հայաստանը նախկինում պատրաստ էր ստորագրել, հարմարեցվելու է աշխարհաքաղաքական նոր իրողություններին՝ հատկապես Հարևանության քաղաքականության վերանայման պայմաններում»,- նկատեց Լոռ Դելքուռը:

Անդրադառնալով ԵՄ «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայանալիք գագաթաժողովին` ասաց, թե չի կարծում, որ Ռիգայից Հայաստանը կարող է մեծ սպասելիքներ ունենալ, քանի որ սովորաբար համաձայնագրի մշակման, այս դեպքում՝ Ասոցացման համաձայնագրի փոփոխման գործընթացները բավականին ժամանակատար գործընթաց, ընթացակարգեր են ենթադրում:

«ԵՄ-ն սովորաբար իրականացնում է քաղաքականության մշակման մի շարք ընթացակարգեր, այդ թվում՝ համաձայնագրերի համաձայնեցում ԵՄ անդամ երկրների հետ, համապատասխան մանդատի ձեռքբերում: Սա բավականին բարդ և երկար գործընթաց է լինելու: Այդ պատճառով, կարծում եմ, որ Ռիգայում Ռուսաստանի համար անակնկալներ չեն լինի, և որևէ փաստաթուղթ Ռիգայում կայանալիք գագաթաժողովի ընթացքում պատրաստ չի լինի: Բայց ասեմ, որ դա այդքան էլ կարևոր չէ: Ամենակարևոր ձեռքբերումը կլինի նոր համաձայնագիր ունենալը և այն մինչ դրա ստորագրումը ճիշտ և մանրակրկտորեն մշակելը, ինչն այն ավելի պակաս խոցելի կդարձնի»,- մեկնաբանեց Լոռ Դելքուռը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը նախազգուշական հայտարարություններով էր հանդես եկել՝ հիշեցնելով հայաստանյան պաշտոնյաներին Ուկրաինայի և Մոլդավայի անցած ուղին ու կրած վնասները` ակնարկելով, թե ինչպիսի բացասական հետևանքներ են սպասվում Հայաստանին՝ ԵՄ-ի հետ լուրջ քաղաքական բնույթի որևէ փաստաթուղթ ստորագրելու արդյունքում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս