«Շոկոլադը կանխում է կարիեսը». ճապոնացի գիտնականներ

Շոկոլադն ու կակաոն պատրաստվում են կակաոյի հատիկներից, որոնք պարունակում են մեծ քանակությամբ բնական հակաօքսիդանտներ: Կակաոյի ծառի պտուղներում հակաօքսիդանտները ֆլավոնոիդներն են՝ նյութ, որ շատ տարածված է բուսական աշխարհում և պայմանավորում է ծաղիկների, տերևների ու պտուղների վառ գունավորումը: Ֆլավոնոիդներով է պայմանավորված նաև կարմիր գինու գույնը, վերջինիս օգտակար հատկությունները հայտնի էին արդեն վերջին տասնամյակներում: Կենսաքիմիկոսներին հայտնի է ընդամենը 4 հազար տեսակի ֆլավոնոիդ:

40 գրամ շոկոլադում առկա է մոտ 400 միլիգրամ հակաօքսիդանտ, և մոտ այդքան էլ հակաօքսիդանտ կա մեկ բաժակ գինու մեջ: Սև շոկոլադը պարունակում է դրանից կրկնակի շատ հակաօքսիդանտներ, իսկ կակաոյի փոշու մեջ դրանց քանակը քառակի է: Բայց մեկ բաժակ կակաոյին բաժին է ընկնում 1-2 թեյի գդալ կակաոյի փոշի. արդյունքում ստացվում է, որ մեկ բաժակ կակաոն 2 անգամ ավելի քիչ ֆլավոնոիդ է պարունակում, քան կաթնային շոկոլադի մի սալիկը: Այժմ հայտնի «Մարս» ընկերությունը (որը, ի դեպ, ֆինանսավորել է այս հետազոտությունները) մշակել է արտադրության նոր մեթոդ, որը բացառում է ֆլավոնոիդների կորուստը կակաոյի հատիկների վերամշակման ընթացքում: Այդպիսի մեթոդներով պատրաստված շոկոլադը կկրի հատուկ նշան:

Բացի ֆլավոնոիդների քանակությունից, կարևորվում է նաև դրանց որակը: Շոկոլադում դրանք ներկայացված են պրոցիանիդինների ձևով. վերջինիս մոլեկուլը պարունակում է 3 արոմատիկ օղակ: Կակաոյի հատիկներում այդ մոլեկուլները միացված են զույգերով, եռյակներով, քառյակներով (դիմերներ, տրիմերներ, տետրամերներ) և ավելի խոշոր պոլիմերներով: Պրոցիանիդինների պոլիմերները կանխում են խոլեստերինային կուտակումներն արյունատար անոթների պատերին (այդ կուտակումներն առաջանում են արյան ճարպերի օքսիդացման արդյունքում, իսկ ֆլավոնոիդները կանխում են դրանց օքսիդացումը): Բացի այդ, պրոցիանիդինները նպաստում են անոթների լայնացմանը: Գերմանացի գիտնականները ցույց են տվել, որ ամենաակտիվ պրոցիանիդինային պոլիմերները տետրամերներն են: Շոկոլադի պրոցիանիդինները նաև արգելակում են բորբոքում առաջացնող ֆերմենտների ակտիվությունը:

Բուենոս Այրեսի համալսարանից Սեզար Ֆրագան ցույց է տվել, որ 1 կամ 2 շոկոլադե կոնֆետ կերած մարդու արյան մեջ ի հայտ են գալիս պրոցիանիդիններ և շարունակում են այնտեղ մնալ մոտակա ավելի քան 2 ժամը: Որքան շատ է մարդը շոկոլադ ուտում, այնքան արյան ճարպերն ավելի ապահովված են օքսիդացումից:

Կարդացեք նաև

Ամերիկացի կենսաքիմիկոս Կարլ Կինն իր հետազոտություններում ցույց է տվել, որ շոկոլադի ֆլավոնոիդները պակասեցնում են արյան մակարդելիությունը և ունեն, ըստ այդ հատկանիշի՝ ասպիրինի ազդեցություն, որը խորհուրդ է տրվում խմել կաթվածի բարձր ռիսկ ունեցողներին: Դրանք նաև պակասեցնում են թրոմբերի առաջացման հավանականությունը:

Փենսիլվանիայի համալսարանում անցկացվող փորձին մասնակից 24 կամավորների մոտ՝ սև շոկոլադով և կակաոյի փոշով հարուստ սննդակարգով սնվելուց հետո, արյան մեջ ավելացել էր բարձր խտության լիպոպրոտեինների պարունակությունը. վերջինս պակասեցնում է աթերոսկլերոզի առաջացման ռիսկը:

Պատմաբան Լուիս Գրվետտին ասում է, որ շատ տարբեր, այդ թվում և՝ եվրոպական ազգեր, շոկոլադը և կակաոն օգտագործել են բժշկության մեջ: Ավելի քան 500 տարի շարունակ կակաոյի միջոցով բուժել կամ փորձել են բուժել տասնյակ հիվանդություններ, ներառյալ՝ պալարախտը (туберкулез), սակավարյունությունը, երիկամային քարերը և մարսողական խանգարումները:

Շոկոլադի մասին վերջին նորությունները Ճապոնիայից են. շոկոլադը կանխում է կարիեսը: Իհարկե, դրա համար շոկոլադի մեջ պետք է ներառել դրա արտադրական թափոնները՝ կակաոյի հատիկների կեղևը, որ սովորաբար դեն են նետում: Ինչպես ցույց տվեց Օսակի քաղաքի համալսարանից Տակասի Օօսիման՝ կակաոյի հատիկների կեղևում առկա նյութերը կանխում են կարիես առաջացնող մանրէների մոտ դրանց՝ էմալին ամրանալուն նպաստող կպչուն նյութերի սինթեզը: Ճապոնացիները կերակրում էին առնետներին շաքարով, և դրանց մի խմբի խմելու ջրի մեջ ավելացնում էին կակաոյի հատիկների կեղևի էքստրակտ: Երեք ամիս անց այդ խմբի մոտ ատամների վնասվածքները կրկնակի քիչ էին, համեմատ մյուս խմբի, որ չէր ստացել կեղևի էքստրակտ: Եթե նման փորձերը նույն արդյունքն ունենան նաև մարդկանց շրջանում, ապա կակաոյի հատիկների կեղևի էքստրակտը կարելի է ներառել նաև ատամի մածուկի և անգամ շոկոլադի կազմի մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս