Ի՞ նչ է փոխել ուղեվարձի սակագնի փոփոխությունը

Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի հիմնական երթուղիները սպասարկող «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությունը օրական փոխադրում է շուրջ 16 հազար ուղևորներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ստեփանակերտ Սերվիս» ընկերության տնօրեն Լևոն Չալյանը` նշելով, որ ուղևորափոխադրումները իրականացվում են նոր, հարմարավետ 28 «Հունդայի», 3 «ԳԱԶել» և 1 «Ֆորդ» մակնիշի փոխադրամիջոցներով։

«Մեր ընկերությունը ամեն օր սպասարկում է հինգ երթուղային գիծ, և, անկախ եղանակային պայմաններից, բոլոր երթուղիները գործում են անխափան, իհարկե, եթե դժվարանցանելի չեն ճանապարհները, և մաքրման աշխատանքները ժամանակին են տարվում»,- ասաց Լ. Չալյանը:

Այն հարցին, թե անցած տարեվերջին ուղեվարձի փոփոխության արդյունքում ընկերությունն արդյո՞ք կարողանում է աշխատել առանց վնասի, Լ. Չալյանը պատասխանեց, որ ուղեվարձի սակագնի փոփոխությունը մեծապես բարելավել է ընկերության ֆինանսական վիճակը:

«Նախկինում կուտակած պարտքերը մարելու համար այս տարի ևս կունենանք Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսական աջակցության կարիքը, բայց մինչև տարեվերջ մենք կկարողանանք հաղթահարել առկա ֆինանսական դժվարությունները և գործող սակագնի շրջանակներում գործունեությունն իրականացնել ինքնաֆինասավորմամբ»,- ասաց «Ստեփանակերտ Սերվիս» ընկերության տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս