Բաժիններ՝

«Չեմ զարմանում, Հայաստանում հնարավոր է ամեն ինչ. Գալկինի համերգի ընթացքում մի աղջնակ առանց ամոթի սկայպով էր խոսում»

Ասում է Երևանում մարտին կայանալիք` Իրինա Ալեգրովայի համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Զառա Մխեյանը

Ամիսներ առաջ պրոդյուսեր Զառա Մխեյանի կազմակերպած` հումորիստ Մաքսիմ Գալկինի համերգը Երևանում յուրօրինակ նվեր էր բոլոր նրանց համար, ովքեր հոգնել էին անորակ, անմիտ հումորից: Կարճ ժամանակ անց Զ. Մխեյանը հայտարարեց, որ գարնանային օրերը Երևանում կազդարարվի երգչուհի Իրինա Ալեգրովայի «На Бис» կոչվող համերգով: Մեզ հետ զրույցում պրոդյուսերը բացեց նախորդ համերգից մի քանի գաղտնիքներ, ինչպես նաև պատմեց Ի. Ալեգրովայի rider-ի` կազմակերպչական յուրահատուկ, սակայն զուտ հայկական պահանջների մասին:

– Որպես պրոդյուսեր` գո՞հ եք Երևանում կայացած` Մաքսիմ Գալկինի համերգից: Հայ հանդիսատեսն ընդունեց արտիստին սրտաբաց նաև այն պատճառով, որ դահլիճում այդ օրը որակյալ հումորի տոն էր` շնորհիվ Գալկինի պրոֆեսիոնալիզմի: Սակայն Դուք` որպես այդ տոնի կազմակերպիչ, ի՞նչ գնահատական կտաք այդ ամենին: Ինչպիսի՞ն այդ համերգը կարող էր լինել, սակայն չեղավ` ինչ-ինչ կազմակերպչական հարցերի պատճառով:

– Կազմակերպչական և բուն համերգի բովանդակության, որակի առումով միանշանակ գոհ եմ: Համերգի ընթացքում ուշադիր հետևում էի հանդիսատեսին և տեսնում էի դրական, բարի և որակյալ հումորի ազդեցության ներքո գտնվող, այդ մի քանի ժամը բեմում ներկա արտիստի հետ ապրող հանդիսատես: Սակայն պետք է նշել, որ այս վերջին տարիներին ակնհայտ է մեր ժողովրդի սոցիալապես գնալով վատթարացող իրավիճակը: Մարդիկ անկեղծորեն ուզում են գալ և մասնակցել համերգներին, սակայն շատ քչերն են ի վիճակի իրենց թույլ տալ դա: Միջին խավ ասվածը մեր երկրում ժամանակի ընթացքում էլ ավելի է նոսրանում:

Կարդացեք նաև

– Իսկ Գալկինը գո՞հ էր հայ հանդիսատեսի ընդունելությունից: Կարծիքների ինչպիսի՞ փոխանակում է տեղի ունեցել Ձեր և Գալկինի միջև` համերգից հետո:

– Համերգից հետո և հաջորդ օրը մենք երկար զրուցել ենք Մ. Գալկինի հետ: Նա խոստովանեց, որ մեծ ջերմություն է զգացել, և, որ հայ հանդիսատեսն իրոք անկեղծ է իր գնահատականներում: Ի դեպ, նա շատ սիրում է հայկական և՛ մշակույթը, և՛ կենցաղը: Նա այնքան էր հուզվել բեմում, որ երբ փորձեց անակնկալ մատուցել և հայերեն երգել և ասմունքել` փոքր-ինչ խնդիր եղավ` հուզմունքից:

Zara

– Այո, և հանդիսատեսը զգալով այդ անկեղծ հուզմունքը` աջակցեց նրան, և նրանք միասին` արտիստը և հանդիսատեսը, երգեցին և ասմունքեցին հայերեն: Իրոք, յուրահատուկ ջերմ մթնոլորտ էր դահլիճում տիրում:

– Սակայն որոշ ԶԼՄ-ներ և ոչ միայն նրանք, անգամ այդ պահերը խոսակցությունների թեմա դարձնելով` կարծիք հայտնեցին, թե ինչո՞ւ Գալկինը որոշեց երգել հայերեն, ի՞նչ գործ ունի` Չարենց է արտասանումգ Բոլոր այդ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուզում եմ ասել միայն, որ իրենք այդպիսի հրապարակումներով, արձագանքներով ոչ պրոֆեսիոնալ են վարվել` արտիստին նման որակներ տալով: Եթե փոքր-ինչ պրոֆեսիոնալիզմ ունենային, գոնե կիմանային, որ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ արտիստ ամեն անգամ բեմ բարձրանալով` հուզվում է: Հատկապես, երբ նա որոշում է ծրագրից դուրս անակնկալ մատուցել տվյալ ազգի հանդիսատեսին: Սակայն նշեմ, որ ընդհանուր առմամբ կարծիքներն ու գնահատականները դրական էին:

Ի դեպ, երբ մինչ համերգը նա զրուցել էր մոսկվայաբնակ իր հայ ընկերների հետ` ասելով, որ ուզում է անակնկալ մատուցել հայ հանդիսատեսին` հայերեն ասմունքելով, սկզբում նրան առաջարկել էին Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը: Սակայն Գալկինն այնքան անկեղծ և հանդիսատեսին հարգող արտիստ է, որ լսելով բանաստեղծության թարգմանությունը` անմիջապես խոստովանել է, որ այդպես նա անկեղծ չի լինի, չէ՞ որ նա հայ չէ, և սուտ կլինի, եթե բեմից ասի Սահյանի այդ խոսքերը` «Հայաստան ասելիս` ծնկներս ծալվում են»: Գալկինն ասել է, որ այդ խոսքերն անկեղծ են հնչում հենց հայի շուրթերից:

– Որպես տարբեր երկրներում համերգների կազմակերպման բազմամյա փորձ ունեցող պրոդյուսեր, թերևս, կհամաձայնեք, որ հայ հանդիսատեսը դահլիճ է գալիս` դատավորի դիմակով: Հետաքրքիր է` Գալկինը դա նկատե՞ց, քանի որ համերգի առաջին րոպեները հանդիսատեսը նստել էր «Դե, քեզ տեսնենք» հայացքով:

– Ոչ, Գալկինը դա չնկատեց, սակայն դա նկատեցի ես: Դա մեզ` հայերիս հատուկ բարդույթներից է: Մենք դժվար ենք ուրախանում, մենք սովոր չենք ուրախանալու: Դահլիճում կար հանդիսատես` երիտասարդ մի աղջնակ, ով նստած էր և առանց ամոթի զգացողության` սկայպով էր խոսում: Մեզ այդ մակարդակի, ավելի ճիշտ` մակարդակ չունեցող հանդիսատես պետք չէ: Թող նա նստի տանն ու որքան ուզում է` սկայպով խոսի: Ես չեմ հասկանում, թե այդ ընտանիքներում երեխաներին ինչպե՞ս են դաստիարակում, որ նա կարող է իրեն նման վարք թույլ տալ:

– Վերջերս համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ տնարար հայ հանդիսատես մի կին համերգի ժամանակ ինքնամոռաց գուլպա էր գործում:

– Չեմ զարմանում, Հայաստանում հնարավոր է ամեն ինչ: Օրինակ, Մոսկվայում կամ որևէ այլ երկրում համերգների ժամանակ անգամ միացրած հեռախոս չի լինում: Համերգի եկող հանդիսատեսն ունի այն մակարդակը, որ անհարմար է զգում միացրած հեռախոսով դահլիճ մտնել:

– Անդրադառնանք Իրինա Ալեգրովայի` Հայաստանում կայանալիք համերգին: Այն կոչվում է` «На Бис»: Եթե չեմ սխալվում` նա 2012 թվականին մեծ համերգային ծրագրով հանդես եկավ տարբեր երկրներում, որի շրջանակներում նա հրաժեշտ էր տալիս իր համերգային գործունեությանը:

– 2012թ. նա հրաժեշտ տվեց հանդիսատեսին իր համերգային շրջագայության ժամանակ: Սակայն բազմահազարանոց հանդիսատեսի նամակներից, ովքեր գրում են Ալեգրովայի երկրպագուների էջերում, նրա օֆիսային հասցեին, ֆան-ակումբի էջին, պարզվեց, որ հանդիսատեսը պատրաստ չէ հրաժեշտ տալու Ալեգրովային: Նրան ամենուր ուզում են լսել: Նա այն երգչուհիներից է, ով իր անզուգականության պատճառով մշտապես սիրված և սպասված է հանդիսատեսի կողմից: Եվ երգչուհու պրոմոութորը որոշեց, որ պետք է կազմակերպվի համերգ «На Бис», այսինքն` հանդիսատեսը կրկին ու կրկին կանչում է երգչուհուն:

Alegrova (3)

– Գալկինի համերգից քիչ ժամանակ անց հայտարարեցիք Ալեգրովայի համերգի մասին: Դո՞ւք ձեռնարկեցիք այդ համերգի կազմակերպումը վերցնել Ձեր կազմակերպության վրա, թե՞ երգչուհու պրոմոութորի որոշումն էր դա:

– Երբ կազմակերպվում է համերգային շրջագայություն, բոլոր արտիստների ներկայացուցիչներն ունենում են իրենց գործընկերները տարբեր երկրներում: Տվյալ դեպքում Ի. Ալեգրովայի համերգը Հայաստանում կազմակերպելու համար նրա պրոմոութորը դեմել է մեր ընկերությանը: Մենք արդեն, ավելի քան 5 տարի, ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում աշխատում ենք Ալեգրովայի հետ: Որպես կանոն` պրոմոութորն է որոշում, թե ում հետ պետք է համագործակցի տվյալ երկրում համերգի կազմակերպման հարցում:

Իհարկե, կարող են լինել մարդիկ, և ասեմ ավելին, որ եղել են մարդիկ, ովքեր փորձել են առաջ ընկնել և առաջարկել իրենց աջակցությունը` համերգի կազմակերպման հարցում, բայց քանի որ Ալեգրովայի պրոմոութորը բարձր որակի պրոֆեսիոնալ է, նա ում պատահի` չի վստահի նման մեծության արտիստի համերգի կազմակերպումը:

– Եթե չեմ սխալվում` Դուք տարվա մի մասն անցկացնում եք Ռուսաստանում, մի մասը` Հայաստանում: Ո՞ր երկրում է առավել հեշտ աշխատելը:

– Ինձ համար շատ ավելի հեշտ է ապրել և աշխատել Ռուսաստանում: Ի տարբերություն մեր երկրի, նրանք հարգում և գնահատում են գործընկերական հարաբերությունները: Ես միշտ ասել եմ և էլի կասեմ` այնտեղ չկա դավաճանություն: Տեսեք, պարզ օրինակ` Ալեգրովայի ներկայացուցիչը կարող էր առաջարկել երևանյան համերգը մեկ այլ կազմակերպության, սակայն գնահատելով «գործընկերություն» ասվածը` նա առաջինը մեզ դիմեց:

Alegrova (2)

– Փաստորեն համերգը «На Бис» անվանելով և վերջինը հայտարարելով` պարզապես գովազդային հնա՞րք չեն իրականացնում:

– Միանշանակ ո՛չ: Ալեգրովան այն երգչուհիներից է, ով գովազդային նման հնարքների կարիք առհասարակ չի ունեցել երբևէ և հիմա էլ չունի:

– Որքանո՞վ է հեշտ համագործակցել Ի. Ալեգրովայի հետ: Տեսնելով նրան բեմում, լսելով նրա հարցազրույցները, ակնհայտ է, որ նա էությամբ «կրակ» է:

– Շատ հեշտ է աշխատել պրոֆեսիոնալ արտիստի հետ: Իսկ Ալեգրովայի դեպքում դա անքննելի իրողություն է: Նա զբաղվում է միայն արվեստով: Ընդհանրապես չի միջամտում որևէ կազմակերպչական կամ ֆինանսական հարցերի: Այդ ամենի համար նա ունի շատ լուրջ ներկայացուցիչ, ով շուրջ 30 տարի է` ինչ առաջիններից է Ռուսաստանի շուկայում: Իսկ երգչուհին խոսում է միայն և միայն արվեստի մասին:

– Համերգի պաստառն ազդարարում է, որ լինելու է շոու-ծրագիր:

– Թե՛ Պուգաչովան, և թե՛ Ալեգրովան այն կարգի երգչուհիներ են, որ բեմում կարող է չլինել ոչ դեկորացիա, ոչ պարողներ, ոչ բեք վոկալ, ոչ լուսային ձևավորում, սակայն, երբ նրանք հայտնվում են նույնիսկ դատարկ բեմում, բեմն ինքնին «լցվում» է: Նրանք այնպիսի աուրա են տարածում բեմում, այնպիսի աներևույթ կապ են հաստատում հանդիսատեսի հետ, որ ինքնաբերաբար աննկարագրելի շոու է ստացվում: Այդ երգչուհիների համերգի ընթացքում հանդիսատեսն ասես մոնոներկայացման ներկա լինի: Սակայն տվյալ դեպքում` Ալեգրովայի համերգի ժամանակ երգչուհին հանդես է գալու իր նվագախմբով, դեկորացիայի փոխարեն` օգտագործվելու են էկրաններ, որտեղ ներկայացվելու է` ըստ ծրագրի հավաքված ամբողջ տեսաշարը:

Լինելու են պարողներ, որոնք ամեն երգի ժամանակ բեմ դուրս գալով` ոչ թե պարզապես շարժումներ են անում` բեմը լցնելու համար, այլ այդ ամբողջ խորեոգրաֆիան պայմանավորված է երգի բնույթով: Այդ օրը բեմում լինելու է թատերականացված շոու ծրագիր:

– Ի՞նչ հետաքրքիր կամակորություն կա Ալեգրովայի rider-ի` կազմակերպչական և այլ պահանջների մեջ: Ազգությամբ հայ լինելով` երևի թե «ճոխությունների» սիրահար է:

– Երգչուհու ռայդերում չկա ոչ մի կամակորություն, բացի մի կետից, որ ես չեմ համարում կամակորություն, այլ նրա հայ լինելու հերթական դրսևորումն է զուտ: Երգչուհու ռայդերում գրված է, որ նա ուզում է, որպեսզի սնունդը բաղկացած լինի զուտ հայկական-տնական ուտեստներից` հայուհու ձեռքով տանը պատրաստված: Ի դեպ, նա ինքն արտակարգ պատրաստում է, սիրում է համեղ ուտեստներ եփել և խմորեղեն թխել:

– Եվ ինչպե՞ս եք այդ հարցը կարգավորելու:

– Արդեն կարգավորել ենք: Թե մենք, թե նա ունենք բարեկամուհիներ, ովքեր պատրաստ են մեծ հաճույքով պատրաստել երգչուհու համար: Նա չի սիրում ռեստորանային սնունդը: Ի դեպ, տանել չի կարող տուսովկաները, նա տնային կյանքով է ապրում: Ինչ վերաբերում է ռայդերի այլ պահանջներին, ապա ասեմ, որ այնտեղ չկա որևէ ավելորդ կետ: Բայց քանի որ խոսեցինք ռայդերներից` ասեմ, որ կան երգիչներ, ովքեր իրենցից բան չեն ներկայացնում, սակայն ռայդերը կարդալիս` պարզապես ապշում ես մարդու երևակայության վրա: Չգիտես ինչո՞ւ` ծով չունեցող Հայաստանում նա պետք է մի ամիս պահված-փտած սուշի ուտի, իսկ եթե այդ ընթացքում հանկարծ պարզի, որ հյուրանոցի սենյակի վարագույրն իր ուզած գույնին չի համապատասխանում, շատ խիստ կնեղանա:

– Սուշին կուլ չի գնա, երևի…

– Ըստ երևույթին` այո: Կան նման արտիստներգ Իսկ Ալեգրովայի համար առաջնահերթ է, որ ապահովված լինի համերգի տեխնիկական կողմը, այնպես, ինչպես գրված է ռայդերում:

– Համամի՞տ եք երգչուհու հայտնի երգի բառերի հետ` «Все мы бабы стервы»:

– Նա միշտ այդ հարցին պատասխանում է հետևյալ կերպ. «Лучше быть стервой, чем дурой»: Իհարկե, կա իրականություն այդ խոսքերի մեջ: Ժամանակին, երբ աշխատում էի Երևանում` մոդելային գործակալությունում, հետագայում պարզվեց, որ իմ աշխատակիցներն ինձ стерва էին անվանում: Մեծ մասն ասում էր, որ սիրում է ինձ, մի մասն էլ ինձ стерва էր համարում: Ես համարում եմ, որ դա հաճոյախոսություն է: Իհարկե, ես ինձ стерва չեմ համարում, բայց երբ փորձում եմ վերլուծել ինձ, ստացվում է, որ ինչ-որ մի բան կա այդ խոսքից (ծիծաղում է.- Ք.Մ.):

Alegrova (1)

– Անդրադառնանք Ձեր գրքին, որը սկսել եք անհիշելի ժամանակներից և ոչ մի կերպ չեք ցանկանում ավարտել:

– Ուզում եմ վերջացնել այն, սակայն իրապես չի ստացվում: Այդ գրքի շուրջ աշխատում եմ արդեն 6 տարի և չեմ կարողանում ավարտել զուտ այն պատճառով, որ չեմ տեսնում զարգացում, ընթացք և ճիշտ ավարտ: Չգիտեմ` արդյոք կփոխե՞մ գրքի անվանումը, թե՞ ոչ, սակայն գրքի նախնական անունն է՝ «Шоу призраков»: Գիրքը պատմում է շոու-բիզնեսի ոլորտի իրական կերպարների մասին, ովքեր հանդես են գալիս իրենց իրական անուններով: Դա իմ կյանքն է տվյալ ոլորտում` իր վերելքներով, սիրով, դավաճանություններով, հիասթափություններով…

Կյանք` ինչպիսին կա իրականում: Սակայն այդ ամենի մասին ես պատմում եմ` վերլուծելով, բացատրելով և, ամենակարևորը` յուրաքանչյուր արված քայլը հասկանալու ձգտումով: Գրքի գլխավոր ասելիքը, այնուամենայնիվ, այն է, որ պետք է սիրել կյանքը և գործել բարին:

– Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը գրքի հերոսներին:

– Դրական է, քանի որ նրանցից յուրաքանչյուրի վարքագծի դրդապատճառը ես փորձում եմ հասկանալ, վերլուծել: Ի վերջո, դա իմ կյանքի պատմությունն է:

– Ձեր գրքի հերոսներն ու իրադարձությունները չե՞ն խանգարել Ձեզ` անձնական կյանքի ձևավորման հարցում:

– Չէի ասի, թե այդ ամենն ինձ երբևէ խանգարել է անձնական կյանքը կառուցելու համար:

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում` ինչպես ապրել: Ես աշխատել եմ նաև պետական հիմնարկներում, բայց հասկացել եմ, որ դա իմը չէ, ես չեմ կարող այնտեղ երկար մնալ: Ես չեմ կարող ապրել առանց շոու-բիզնեսի, առանց կազմակերպչական իմ ունակության ու ցանկության: Սակայն վստահ կարող եմ ասել, որ այլևս երբեք հանդես չեմ գա` որպես պրոդյուսեր որևէ անհատի համար, զրոյից նրանից պրոդուկտ ստեղծելու գործով չեմ զբաղվի: Այլևս երբեք չեմ նվիրվի այդ անշնորհակալ գործին: Չեմ նվիրվի ոչ մի արտիստի կայացմանը, ինչպիսի հսկայական գումարներ էլ որ առաջարկեն ինձ:

– Եվ ո՞վ է Ձեզ այդ աստիճան դավաճանել և իսպառ վերացրել Ձեր մեջ ցանկությունն անելու այն, ինչ Ձեզ մոտ շատ լավ է ստացվում:

– Չեմ ուզում խոսել այդ մարդու մասին: Ուղղակի համարում եմ, որ չի կարելի զոհաբերել սեփական կյանքը: Բայց, միևնույն է, ես հպարտանում եմ իմ անցած ճանապարհով:

– Ինչի՞ց եք վախենում ամենից շատ:

– Ոչ մի ֆինանսական վայրիվերումներից, ճգնաժամերից, անկումներից չեմ վախենում: Ես դիմացկուն եմ: Ինձ թևաթափ է անում միայն հարազատ մարդու կորուստը: Այդ ժամանակ մենք բոլորս անզոր ենք:

– Մեր նախորդ հանդիպման ժամանակ խոսեցինք Ձեր չիրականացած երազանքի մասին` մայրանալու բերկրանքի: Ի՞նչ փուլում է գտնվում այդ երազանքի իրականացումը:

– Ամուսինս ու ես աշխատում ենք այդ ուղղությամբ: Մայր լինելը միայն հղիությունն ու ծննդաբերությունը չէ: Դա շատ լուրջ աշխատանք է, քանի որ պատասխանատու ես նոր լույս աշխարհ եկած էակի համար: Հուսամ` այս տարի երազանքս իրականություն կդառնա:

– Ձեր կազմակերպած համերգները հաջորդում են իրար: Ո՞վ է լինելու հաջորդ հյուրը Երևանում:

– Մայիսին մեծ համերգային ծրագրով հանդես կգա Սոսո Պավլիաշվիլին` Անչոկի և Նարի Հարությունյանի հետ համատեղ: Գարունն այս տարի համերգառատ կլինի: Մարտին` Իրինա Ալեգրովա, մայիսին` Սոսո Պավլիաշվիլի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս