Բաժիններ՝

Բուհերում կստեղծվեն նոր ամբիոններ, իսկ որոշ ամբիոններ ու ֆակուլտետներ՝ կմիաձուլվեն. Արմեն Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց 2014թ., խոսեց տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների ու բացթողումների մասին:

«2014թ. նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով»,- ասաց նա:

Նախարարը փորձեց պայմանականորեն առանձնացնել այս տարվա 5 խոշոր ձեռքբերումները.

Նրա խոսքով՝ ներդրվեց ուսանողների սոցիալական աջակցության նոր, աննախադեպ փաթեթ, որը հետևանք էր՝ բարձրագույն կրթության նոր օրենքում ամրագրված նոր երաշխիքների: «Նոր օրենքը պարտադրում է բոլոր բուհերին իրենց վճարովի ծառայությունների 7 տոկոսն ուղղել ուսանողական զեղչերին, թվարկում այն սոցիալական խմբերին, որոնց հասանելի է դառնում երաշխավորված ուսման վարձերի զեղչը: Միաժամանակ, կառավարությանը իրավունք վերապահվեց՝ սահմանելու ուսման վարձի վերին շեմ և ընդլայնվեց Փարոս համակարգում ընդգրկված ընտանիքների, ուսանողների սոցիալական աջակցության ծրագիրը: Այս ամենի արդյունքում, միայն այս տարի, շուրջ 2.000 երիտասարդ հնարավորություն ստացավ օգտվել պետության կողմից երաշխավորված նոր սոցիալական ծրագրից, այդպիսով ունենալով ավելի մատչելի բարձրագույն կրթություն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Կարդացեք նաև

Երկրորդ ձեռբերումն, ըստ Արմեն Աշոտյանի՝ նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրն է, որի շրջանակներում ՀՀ 10 բուհեր ստացան մոտավորապես 3.7 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք ֆինանսական աջակցություն նոր կրթական ծրագրերի և ենթակառուցվածքների ներդրման համար:

Որպես ձեռքբերում նա առանձնացրեց նաև կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկը, որը նույնպես երկարաժամկետ գործողությունների ծրագիր է՝ հիմնված միջազգային և ազգային կրթական համակարգերի լավագույն ավանդույթների և նոր մեխանիզմների ներդրման վրա:

««Հանրակրթության մասին» օրենքի նոր խմբագրության ընդունում, որով հայտ ենք ներկայացրել՝ անցնելու տոտալ ներառականության սկզբունքին: Նոր օրենք, որը հեղափոխական է երեխայի կրթության և իրավունքի ապահովման տեսանկյունից, որը շատ հավակնոտ էր ի սկզբանե, որն իր մեջ պարփակել է միջազգային լավագույն փորձն ու տեղական կառույցների ցանկությունը՝  ՀՀ կրթական համակարգը դարձնել մաքսիմալ ներառական, մատչելի, հասանելի բոլոր երեխաների համար՝ անկախ իրենց ֆիզիկական կամ որևէ այլ սահմանափակումներից»,- հավելեց նախարարը:

Հինգերրորդ ձեռբերումը աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքըն է, երբ Հայաստանի աշակերտական թիմերը միասին  նվաճեցին 19 օլիմպիական մեդալ՝ միջազգային առարկայական օլիմպիադաներից: «Ցուցանիշ, որին մենք երբեք չէինք հավակնում այս տարիների ընթացքում և որը վկայությունն է կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների արդյունավետության և մեր երեխաների ու կրթական համակարգի մրցունակության»,- նկատեց Արմեն Աշոտյանը:

Միաժամանակ Արմեն Աշոտյանը նշեց, որ այս 5 խոշոր ձեռքբերումներից զատ իրականացվել են նաև բազմաթիվ այլ ծրագրեր.

«2014թ կայացված լավագույն որոշումներից մեկը բարձրագույն կրթության ոլորտում նոր մասնագիտությունների ցանկը հաստատելու որոշումն էր: ՀՀ-ում երկար տարիներ գործում էր բարձրագույն կրթության մասնագիտությունների հետխորհրդային ցանկ և  տրվող մասնագիգությունները չէին համապատասխանում միջազգային որակավորումներիմ: Խնդիրներ էին առաջացնում  կրթական փաստաթղթերի ճանաչման հետ կապված: Մենք ունեինք մասնագիտություններ, որոնք ունեինք միայն մենք:

Երկու տարի աշխատեցինք՝ մշակելով մասնագիտությունների նոր ցանկ, որը հիմնականում ամբողջությամբ համադրելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպական ընկերության դասիչների ու որակավորումների ցանկի հետ: Սա նշանակում է, որ հաջորդ ընդունելության քննություններից սկսած, հանրապետության բուհերը պարտավոր կլինեն ներդնել տվյալ մասնագիտություններով կրթական ծրագրեր: Բուհերում մեկնարկելու է կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների հսկայական գործընթաց, որը բերելու է ֆակուլտետների վերաբաշխմանը, նոր ամբիոնների ստեղծմանը, որոշ ամբիոնների, ֆակուլտետների  միաձուլմանը: Այսինքն՝ մենք բուհերին  տվել ենք հանձնարարական՝ համապատասխանեցնել իրենց կրթական ծրագրերը և կառուցվածքները՝ ելքային արդյունքներին»:

Նախարարը կրթության ոլորտի խոշորագուն բացթողում է համարում այն, որ իրենք չենք կարողացել միանգամից բավարարել այն բոլոր սպասումները, որ կան կրթության համակարգից, որն ըստ նախարարի՝  ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հիմքեր:

«Համակարգի ամենախոշոր խնդիրներից մեկը կոռուպցիան է, մյուսը՝ անարդարությունները. համակարգում աշխատող շահառուների մի զգալի մասը համարում է, որ համակարգը դեռ ամբողջությամբ արդար չէ: Խոսքը հիմնականում աշխատանքի տեղավորման և ազատման խնդիրների մասին է: Մի կողմից հասարակությունը մեզ պարտադրում է երիտասարդացնել կադրերը, մյուս կողմից՝ հասարակության մի հատված՝ լրատվամիջոցների օգնությամբ, մեզ քննադատում է, եթե հանկարծ տեղի են ունենում կրճատումներ: Կրթության համակարգը ամենախոշոր գործատուներից մեկն է, մեծ թվով շահառուներ կան այս համակարգում: Սա նշանակում է, որ մի կողմից ունենք կրթության դոմինանտ՝ որակյալ և մատչելի կրթություն, մյուս կողմից՝ սոցիալական բեռ, հավելյալ աշխատույժ, որի կարիքը չկա, եթե կոշտ թվերով խոսենք, 10.000-ից ավել հավելյալ մանկավարժներ, մի քանի հազար հավելյալ դասախոս և տեխնիկական անձնակազմ: Մի կողմից ունենք սոցիալական խնդիր, մյուս կողմից՝ կրթության արդյունավետության բարձրացման խնդիր»,- եզրափակեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս