Բաժիններ՝

Լավ ազատամարտիկը զոհված ազատամարտիկն է

Ազատամարտիկների, զինվորականների թաղման արարողությունները ցուցադրական շքեղ են կազմակերպվում: Շիրիմի մոտ էլ ելույթ ունեցողների գեղեցիկ հերթ է գոյանում: Դե, մահացածը մեծ իրավունքներ էլ չունի. պառկած է իր համար գերեզմանում, ձայն չի հանում, ոչ մեկին չի մերժում: Յուրաքանչյուրը, ով կցանկանա, կարող է կանգնել հերոսի գերեզմանին ու խոսք ասել՝ ավտոմատ դառնալով զոհվածի մարտական ընկեր: Զոհվածը լուռ է, չի ըմբոստանում, որ իր ընդհատված կյանքը դարձավ հռետորի հերոսական ներկայի դեկորը:

Սակայն այլ է չզոհված ազատամարտիկների դեպքում: Վերջիններս հիշողություն ունեն, ըմբոստանում են, գործող գեներալներին ու երկրի առաջին դեմքերին հիշում են դեռ այն ժամանակներից, երբ փողկապ չէին կրում, չէին սափրվում և չունեին թարմ գրած ու սրբագրած անթերի կենսագրություն:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը մինչ օրս ո՛չ ՀՀ իշխանությունների կողմից, ո՛չ ԼՂ իշխանությունների կողմից քաղաքացիություն ստանալ չի կարողանում: Նույնը տեղի կունենար Մովսես Գորգիսյանի կամ Մոնթե Մելքոնյանի դեպքում, եթե վերջիններս ողջ մնալու բարեբախտությունն ունենային:
Չբացահայտված հանգամանքներում այրվեցին «Նախախորհրդարանի» անդամների մեքենաները, օրը ցերեկով փողոցում հարձակվեցին Գևորգ Սաֆարյանի վրա: Հանցագործները, բնականաբար, չհայտնաբերվեցին: Իշխանական և անգամ ոչ իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ սկսեցին սրամտել, թե մեքենաներն ինքնաայրվել են: Գևորգ Սաֆարյանի վրա հարձակման մասին արդեն չեն էլ հիշում:

Եվ ահա թարմ իրադարձություններ՝ հարձակվել ու ծեծել են ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին, Ռազմիկ Պետրոսյանին և Սուրեն Սարգսյանին:
Հինգշաբթի երեկոյան արդեն լուր տարածվեց, որ հարձակում է եղել ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի վրա:

Սրանք կոնկրետ հանցագործություններ են, որոնք չբացահայտելու դեպքում` բարձրաստիճան ոստիկանները, բարոյականություն ու մասնագիտական պատվախնդրություն ունենալու դեպքում, իհարկե, անմիջապես հրաժարական կտան: Սակայն ի՞նչ է պարզվում:

Վերջերս քաղաքացի Վարդգես Գասպարիին բռնի տարել էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակ՝ «զրույցի»: Եվ, ահա, մեկ հատված պարոն Գասպարիի ֆեյսբուքյան գրառումից (այն մինչ այս պահը չի հերքվել). «…Այդ պահին ոստիկանապետը կորցրեց ինքնատիրապետումը, տվեց ոստիկանին վայել վերջին սեռական հայհոյանքները իմ և իմ ծնողների հասցեին…»: Աստվածավախ ոստիկանապետը Վարդգես Գասպարիին սպառնացել էր նաև նրա «ոսկորները փոշի անել»:

Նվաստացուցիչ ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ: Մարդկանց կյանքի և առողջության հանդեպ ոտնձգությունը փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն անգամ չի էլ դատապարտում կամ վստահեցնում, թե րոպե առաջ կհայտնաբերվեն հանցագործները: Այլ ասում է. «Ես կաշկանդվելու բան չունեմ. այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»:

Այս ամենի մասին անմիջապես գրեցին թերթերը, հրապարակվեցին ազատամարտիկների՝ հարվածներից անճանաչելի դարձած լուսանկարները:

Այն, որ իրենց զինակիցներին հրապարակային նվաստացրել են, լսեցին բոլոր ազատամարտիկները՝ ներկա և նախկին, լսեց երկրի նախագահը, ով նաև ԶՈՒ գլխավոր հրամանատարն է, լսեց պաշտպանության նախարարը, լսեցինք բոլորս:
Վովա Գասպարյանն ու նրա տեղակալը ծառայում են կոնկրետ մարդու, սպասարկում կոնկրետ կլանի շահերը: Հետևաբար` ենթադրել, թե ՀՀ նախագահի արձագանքը համարժեք էր լինելու՝ այս երկու ոչ ադեկվատ պաշտոնյաներն անմիջապես պաշտոնանկ էին արվելու, ռեալ չէ:

Իսկ մյուսներս, երբ կարդացինք այս մասին, ինչո՞ւ դուրս չեկանք փողոց՝ պաշտպանելու նվաստացած մեր համաքաղաքացիների արժանապատվությունը:
Երբ ասում ենք՝ աշխարհի ոչ մի երկրում այս պաշտոնյան տասը րոպե էլ չէր մնա պաշտոնում նման վարքագիծ ու նման հիմարություններ դուրս տալուց հետո, պիտի հաշվի առնենք նաև, որ նույն հիմնավորմամբ՝ նման պաշտոնյաներն աշխատանքից վռնդվում են հասարակական դիմադրության արդյունքում:
Մեր երկրում կոռումպացված, զինված ու ամեն ինչի ընդունակ իշխանությունների առաջ միայնակ մարդն է: Բոլորս՝ մեկ առ մեկ:

Ինֆորմացիան չափազանց շատ է: Թվում է՝ ինֆորմացիան հասնում է մարդուն, սակայն ինչ-որ հրաշքով նաև չի հասնում: Ֆիզիկապես դու տեսնում ես հանցագործության մասին տեղեկատվությունը, լսում ես, սակայն գիտակցությանդ լուրը կարծես ոչ մի կերպ չի հասնում:

Համարվում է, որ խորհրդային շրջանում ինֆորմացիա չկար, այդ պատճառով հասարակությունը չէր մոբիլիզացվում: Սակայն ինչո՞ւ հասարակություն չկա այսօր, երբ ոչ մի ինֆորմացիա թաքցնել հնարավոր չէ:

Հետաքրքիր է սոցիալական ցանցի առեղծվածը. հենց կապն էլ մարդկանց բաժանում է:

Կարող ենք վերցնել վիրտուալ դանակն ու օն լայն կտրել անպատկառ պաշտոնյայի ականջները, ինչպես… Դե, շարունակությունը գիտեք: Ֆեյսբուքը միասնության իլյուզիա է ստեղծել, իսկ իրականում դու տանը միայնակ ես: Միայնակ ես նաև շքամուտքում, ուր քո վրա հարձակվում են: Միայնակ ես նվաստանալուց ու ծեծվելուց հետո:

Ի դեպ, օմբուդսմենը դեկտեմբերի 10-ին հայտարարում է, թե Վովա Գասպարյանի պաշտոնավարությունից հետո ծեծը ԳՐԵԹԵ վերացել է: Իհարկե, գրեթե. Կարեն Անդրեասյանին չեն ծեծել, ազատամարտիկներին, քաղաքացիական ակտիվիստին, ՀԱԿ ներկայացուցչին ծեծել են: Ահա և ԳՐԵԹԵ-ն:

Հ.Գ. Տայգայի անտառներից մեկում գիտնականները հատնաբերել են 145 միլիոն մրջյուն: Այն էլ՝ հարաբերականորեն բանական: Սակայն այս մրջյուններն էլ կարծիք չունեն: Օրենքը՝ Տայգան է, տեր ու տնօրենն՝ արջը: Արջը հարյուրներով, հազարներով մրջյուն է տրորում, քանդում նրանց բները, իսկ մյուս մրջյունների պետքն էլ չէ: Անգամ տեղյակ էլ չեն ողբերգությանը: Հաղորդավարը հաշվել էր, որ եթե յուրաքանչյուր մրջյունը կշռում է անգամ մեկ գրամ, նրանք միասին 145 տոննա են կազմում: Եթե այդ 145 միլիոն մրջյունը հարձակվեր արջի վրա, նրանից թաց տեղը կմնար…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս