«Ես մնում եմ». նոր խոսք հայրենիքը լքողներին

Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատոմ այսօր հոտնկայս ծափահարություններն առատ էին. Վահրամ Փափազյանի անվան թատրոնը ցուցադրեց ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր, լրագրող Վարդգես Բաղրյանի առաջնեկ դրամայի՝ «Ես մնում եմ»-ի առաջնախաղը:

Արդիական թեմայով ներկայացումն ազատագրված Արցախի ցավալի թեմաներից մեկի մասին է՝ արտագաղթի:

Սիմոնյանների ընտանիքը, որն ապրում է Արցախում, ինչպես ղարաբաղյան շատ ընտանիքներ այսօրվա խաղաղության համար թանկ է վճարել՝ զոհվել է ամուսինների որդիներից մեկը՝ Հրայրը: Երկու որդիներից մեկն էլ՝ գիտնական Ժիրայրը, կնոջ հետ պատրաստվում է հեռանալ Հայաստանից՝ ավելի լավ կյանքի ու աշխատանքի ետեւից:

Հայրենիքում ապրելու, դժվարություններին դիմակայելու, պատերազմի բովում կազմավորված բանակում ծառայելու խնդիրներն է բարձրացրել դրամայի հեղինակը:

Ներկայացումը ողողված էր հայ բանաստեղծների հայրենասիրական շնչով, որը հնչում է թե դրամայի գլխավոր դերակատարներից մեկի՝ ծննդյան 70-երորդ տարին բոլորած ուսուցչի՝ Սիմոն Սիմոնյանի, թե նրա երբեմնի աշակերտների բերանից, ովքեր դեռեւս տասերորդ դասարանում էին, երբ սկսվեց արցախյան գոյամարտը: Դրամայի դերակատարներից մեկը՝ Աշխեն Բալայանը՝ Սիմոնյանների հարսը, մեր օրերի մտածելակերպի տեր քաղքենի կինն ամեն կերպ փորձում է ընտանիքով հեռանալ Ամերիկա, աշխատելով կրտսեր որդուն ծառայությունից «փրկել»:

«Ես մնում եմ» բեմադրության անունը կրող նախադասությունն ու միտքը ներկայացման կենտրոնական դերերից մեկի՝ հայոց բանակից նոր զորացրված Նարեկ Սիմոնյանինն է, ով ծառայելով հայոց բանակում շարունակում է զոհված հորեղբոր գործը եւ նպատակ ունի ընկերուհու հետ մնալ հայրենիքում ու գրել արցախյան գոյապայքարի պատմությունը՝ ճիշտ, առանց խեղաթյուրման: Հենց նոր զորացրված զինվորի հստակ խոսքն էլ փոխում է ողջ ընտանիքի ավելի վաղ կայացրած որոշումը՝ Ամերիկա տեղափոխվելու մասին:

«Ծափահարություններից դատելով պետք է ասել, որ ներկայացումն ինչ-որ չափով հասավ իր նպատակին: Եթե ներկայացումից հետո գոնե մեկ ընտանիք մտափոխվի եւ չմեկնի հայրենիքից՝ մենք հասած կլինենք մեր նպատակին»,- առաջնախաղից հետո իր խոսքում նշել է հեղինակ Վարդգես Բաղրյանը:

Հանդիսատեսի տպավորութունը ծափահարություններից պարզ էր, բայց ներկայացման ընթացքում կուտակված զգացողությունները պոռթկացին. «Ուզում ես անվերջ շարունակվի ներկայացումը, նյութի գերակայության մեր օրերում գաղափարապես հագեցած քարոզչությունն առաջին անգամ էր մեր բեմի վրա, պետք է շարունակել լցնել օդի մեջ այս պակասը»:

Ներկայացման բեմադրությունը ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանինն է: Ի դեպ, ներկայացումը կարող եք դիտել նաեւ առաջիկա երկու օրերին՝ նոյեմբերի 19-ին եւ 21-ին:

Մարիամ Սարգսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս