Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցիները Կարենին վերադարձնելու դեպքում՝ աշխարհով մեկ ծիծաղի առարկա կդառնային

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանի լուսանկարները և տեսանյութը: Վերջինս հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել: Այսօր Haqqin.az ադրբեջանական պորտալը տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ գերեվարված Կարեն Պետրոսյանը Բաքվում «հանկարծակի մահացել» է:

Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության՝ նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան «պատճառ է հանդիսացել» սրտանոթային սուր անբավարարությունը: Մահվան մասին արդեն իսկ իրազեկվել է «Կարմիր խաչի» ադրբեջանական ներկայացուցչությունը:

Ըստ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի՝ Կարեն Պետրոսյանն անտառում մոլորվելով՝ անցել էր սահմանը, և սահմանամերձ ադրբեջանական գյուղում գյուղացիները նրան հանձնել էին զինվորականներին: «Էշով գնացել էր անտառ՝ փայտի, մոլորվել էր։ Մոլորվել էր, մտել թուրքի գյուղը, գյուղացիները բռնել էին ու տվել զինվորականներին»,- ասաց Ս. Սաղոյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին ներկայացնում էին՝ որպես դիվերսանտ: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոլորված երիտասարդի գերեվարման մասին իրենց լրատվամիջոցներին ասել էին, թե իբր հայկական դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Թովրուզի շրջան, զինված ուժերն այդ խմբի անդամներից չորսին սպանել են, մեկին՝ Կարեն Պետրոսյանին, ձերբակալել։

Կարդացեք նաև

Չինարիի գյուղապետը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարեն Պետրոսյանը առողջական՝ հոգեկան որոշակի խնդիրներ ուներ, ընդամենը երկու դասարան է սովորել դպրոցում: Վերջինս նաև հարբեցողությամբ էր տառապում:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական պաշտոնական այդ հայտարարությունները՝ դիվերսոն խմբի հայտնաբերման և ոչնչացման մասին՝ անլուրջ ու զավեշտալի համարեց.

«Քաղաքացիական մարդուն ներկայացնում են դիվերսանտ, ինչպես այն ժամանակ հիվանդ պապիկին էին նույնկերպ ներկայացնում։ Ո՞ւր են իրենց ասած չորս սպանվածները: Եթե Կարեն Պետրոսյանին հետ վերադարձնեին, պարզ է, որ ծիծաղի առարկա էին դառնալու աշխարհով մեկ, քանի որ այդ մարդը առողջական՝ հոգեկան խնդիրներ ուներ, երբևէ զինվորական չի եղել: Կարեն Պետրոսյանի համագյուղացիներն են այդ մասին տեղեկացրել, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Իսկ ես էլ չհավատալու պատճառ չունեմ, ես իրեն չեմ ճանաչում, նա զինվորական չի եղել: Փաստ է, որ նա մահացել է»:

Մեր հարցին՝ Կարեն Պետրոսյանը մահացե՞լ է, թե՞ սպանել են, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը՝ առավել հավանական է, որ սպանել են նրան»:

Տեսանյութեր

Լրահոս