Արսեն Սապարով. «Ադրբեջանը չէր սպասում Հայաստանի նման հակահարվածին»

Միչիգանի համալսարանի դասախոս, քաղաքագետ, «Կովկասում բախումներից դեպի ինքնավարություն. ԽՍՀՄ-ն ու Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Լեռնային Ղարաբաղի կերտումը» (2014 թ.) գրքի հեղինակ, հայազգի պատմաբան Արսեն Սապարովը 168.am-ի խնդրանքով մեկնաբանեց սահմանային վերջին դեպքերը.

– Սահմանային իրադրության սրումը և գործողությունների բնույթը թույլ են տալիս ասելու, որ դրանք ընդամենը տեղային բնույթ կրող գործողություններ էին և հրահրված չէին դրսի որևէ ուժի կողմից: Այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը Ադրբեջանի ռազմական ղեկավարության որոշումն էր: Ընդ որում, պետք է նկատել, որ իրավիճակը շփման գխում լարված է եղել ամբողջ ամառ: Իսկ սրացումը պայմանավորված էր Հայաստանի կողմից համապատասխան հակահարվածով: Ադրբեջանը չէր սպասում Հայաստանի նման հակահարվածին. հայկական կողմի պատասխանը շոկային ազդեցություն ունեցավ ադրբեջանական հասարակության և քաղաքական ու ռազմական էլիտայի վրա: Վերջիններս այնպիսի կորուստների, ինչպիսին ունեցան` չէին սպասում, իսկ հասարակությունը ղեկավարությունից պահանջում էր համապատասխան գործողություններ, մինչև իսկ պատերազմի վերսկսում:

Եթե պատերազմական գործողությունների վերսկսումը ադրբեջանական ղեկավարության պլանների մեջ մտներ, ապա անմիջապես կյանքի կկոչվեր: Սակայն ադրբեջանական ղեկավարության դրսևորած վարքագիծը խոսում է այն մասին, որ նրանք փորձում են խուսափել լայնամասշտաբ պատերազմական գործողություններից, միաժամանակ փորձում են բավարարել հասարակության պահանջը՝ հայտարարելով հայկական կողմի «կրած» մեծաթիվ կորուստների մասին:

Վերջին դեպքերը, հակառակ երկու կողմի կորուստներին, փաստեցին մի բան. Ադրբեջանում հասարակությունը մասնատված է, ոգին ընկած է, մի բան, որ չենք կարող ասել հայաստանյան հասարակության մասին, Հայաստանում ընդհակառակը՝ վերջին դեպքերից հետո ժողովրդի ոգին բարձրացավ: Իսկ դա հետագա գործողությունների համար, անկախ նրանից` ինչ ընթացք կստանան, լավ նախադրյալ է, հօգուտ հայկական կողմի:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ շատ հավանական է, որ առաջ կքաշվի շփման գծում ռուս խաղաղապահներ մտցնելու հարցը: Այս կերպ Ռուսաստանը կփորձի ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտվելով սահմանային լարվածությունից: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն իր կողմից հավանական է, որ փորձեր անի կանխելու իրադարձությունների նման զարգացումը: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ն այս լարվածության նախաձեռնողները չեն, բայց կփորձեն այն օգտագործել իրենց շահերից ելնելով:

Տեսանյութեր

Լրահոս