Բաժիններ՝

«Անպտղության պատճառները տարեցտարի շատանում են». Վրեժ Շահրամանյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը խոսեց անպտղության, դրա հիմնական պատճառների, բուժման արդյունավետության և այլ հարցերի շուրջ: Նրա խոսքով՝ թեման իսկապես արդիական է, չնայած այն հանգամանքին, որ հաճախ է այն քննարկվում. «Թեման քննարկվում է տարբեր մոտեցումներով, համապատասխան մասնագետների հայեցակարգով, բայց, այնուամենայնիվ, այն մինչ օրս էլ մնում է օրակարգային խնդիր»: Ըստ նրա՝ անպտղությունը մեզ՝ հայերիս համար ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիր է. «Ելնելով ներկա իրավիճակից, ինչպես նաև մեզ դիմող զույգերի վիճակից՝ կարելի է եզրակացնել, որ անպտղությունը մեզ մոտ նաև դեմոգրաֆիկ խնդիր է դարձել»:

Վ. Շահրամանյանի խոսքով՝ անպտղության պատճառները տարեցտարի շատանում են և՛ իրենց բովանդակությամբ, և՛ հետագայում բարդությունների առաջացման խորությամբ, քանի որ, եթե նախկինում կային անպտղության միայն մի քանի պատճառներ, ապա այսօր դրանց գումարվել են նաև ժամանակակից պայմաններն ու պատճառները. «Այդ պատճառներից մեկն էկոլոգիայի անմխիթար վիճակն է, սակավաշարժ կենսակերպը, ավելորդ քաշը, ինչպես նաև նյարդահոգեկան լարվածությունների առատությունը, այլ կերպ ասած՝  նևրոզները, որոնք ավելի խոցելի են դարձնում հատկապես կանանց: Հաճախ բժշկական հետազոտություններ կատարելու արդյունքում տեսնում ենք, որ բոլոր ցուցանիշները նորմալ են, շեղում չկա, բայց հղիություն էլ չկա. պատճառն այն հոգեբանական գերլարվածությունն է, որում գտնվում են կանայք երկար տարիներով, և հղիություն գրանցելու երկար սպասված վիճակը հանգեցնում է նրան, որ հղիություն չի գրանցվում»:

Խոսելով տղամարդու և կնոջ անպտղության դասական պատճառների մասին՝ Վ. Շահրամանյանն ասաց, որ հիմնական պատճառը սեռավարակներն ու վիրուսային հիվանդություններն են: «Մենք հաճախ շեշտը դնում ենք սեռավարակների վրա՝ անտեսելով վիրուսային հիվանդությունները, որոնք նույնպես իրենց չար գործն են անում, մասնավորապես՝ հերպեսը, ցիտոմեգալովիրուսը, խոզուկը և այլն: Բայց դրա հետ մեկտեղ՝ անպտղությունն այսօր մնում է տագնապալի խնդիր, քանի որ չի փոխվում մոտեցումն այդ խնդրի հանդեպ. զույգերը, առավել ևս՝ տղամարդը, նման դեպքում շատ հաճախ ստուգումների և բուժման է ուղարկում իր կնոջը, այսինքն՝ ամուսինը հաճախ չի էլ մտածում, որ խնդրի հեղինակն ինքն է: Սա նույնպես մտահոգիչ խնդիր է, քանի որ անպտղությունը զույգային բնույթ է կրում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարաբերակցությունը տղամարդկանց և կանանց առումով 50:50 է, այսինքն` գրեթե հավասար հաճախականությամբ: Ասեմ նաև, որ անպտուղ է կոչվում այն ամուսնությունը, երբ մեկ տարվա կտրվածքով կանոնավոր սեռական հարաբերություն ունենալու պարագայում, առանց հակաբեղմնավորիչների օգտագործման, չի գրանցվում հղիություն:  Հետևաբար՝ եթե զույգը նկատում է, որ առկա է խնդիրը, ապա պետք է և՛ կինը, և՛ ամուսինը դիմեն բժշկին միաժամանակ. կինը՝ գինեկոլոգին, ամուսինը՝ սեքսապաթոլոգին: Հաջորդ պատճառն անպտղության, որ այսօր նույնպես ակտուալ է, հորմոնային խանգարումներն են: Այս դեպքում խոսքն ավելի շատ կանանց է վերաբերում, քանի որ հորմոնային խանգարումների պարագայում, երբ խախտվում է ձվազատումը, բեղմնավորում, հղիություն չի նկատվում: Այս խնդիրը շատ հաճախ նկատվում է դեռևս դեռահասության տարիքից սկսած, երբ աղջիկների մոտ նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ: Տղամարդկանց մոտ հորմոնային խանգարման պատճառ կարող են լինել բնածին արատները, երբ տղամարդու ամորձիները՝ հիմնական սեռական գեղձերը, որոնք արտադրում են սերմնաբջիջներ, թերի են զարգացած, կամ ամորձիներից մեկը բացակայում է: Այս ամենը հաճախ ստվերում է մնում, քանի որ պատանեկան հասակում չեն ստուգվում, չեն նկատվում:

Անպտղության պատճառ կարող են լինել նաև իմունային խնդիրները: Հաճախ իմունային անհամատեղելիության պատճառով նկատվում է անպտղություն, որը նույնպես, իհարկե, ժամանակին դիմելու դեպքում բուժելի է, ինչպես վերը նշված գրեթե բոլոր խնդիրները: Մի դեպքում` տղամարդու սերմնաբջիջները կնոջ օրգանիզմի կողմից դիտվում են իբրև օտար մարմին, և չի գրանցվում հղիություն, մյուս դեպքում` տղամարդու սերմնաբջիջները կամ կնոջ ձվաբջիջը սեփական օրգանիզմի կողմից ենթարկվում է պաշարման, և էլի նկատվում է անպտղություն:  Հաջորդ պատճառը վնասակար սովորություններն են, մասնավորապես՝ ծխելը, որը, ցավոք, այսօր աղջիկների շրջանում էլ է մեծ տարածում գտել: Ծխախոտի ծուխը, պարունակելով մի շարք վնասակար նյութեր, բացի մի շարք հիվանդությունների պատճառ դառնալուց, տղամարդու մոտ հանգեցնում է սերմնաբջջի որակական և քանակական ցուցանիշների փոփոխություն, իհարկե՝ վատթարացման տեսակետից: Կնոջ դեպքում շատ հաճախ նկատվում է սեռական ցանկության նվազում, կարող է օրգազմի ֆունկցիան տուժել, բեղմնավորման ունակության նվազում, և այլն:  Ամենալուրջ պատճառներից են նաև գենետիկ պատճառները, որոնք համեմատաբար ավելի քիչ են հանդիպում: Անպտղության պատճառ կարող են դառնալ նաև արհեստական ընդհատումները: Դրանք ունեն մի շարք բացասական հետևանքներ, որոնցից մեկն էլ անպտղությունն է: Սխալ սննդակարգը, ֆասթֆուդային կերակուրները, տարատեսակ դիետաները ևս կարող են հանգեցնել անպտղության: Այս տարբեր պատճառներից ելնելով էլ` բուժումը տարբեր տևողություն է կրում»,- ասաց բանախոսը:

Վրեժ Շահրամանյանի խոսքով` այժմ զույգերը չեն սպասում՝ մինչև դանակը հասնի ոսկորին, բժշկին են դիմում ժամանակին. «Սա, իհարկե, ողջունելի փաստ է, բայց խնդիրը բարդանում է, երբ դիմում են շատ ուշ կամ էլ թերի բուժված, չստուգված, ստուգված, բայց չբուժված: Այս դեպքերում խնդիրն ավելի է բարդանում, քանի որ որքան ժամանակն անցնում է, այնքան պրոցեսն ավելի է հնանում, հատկապես, եթե խոսքը բորբոքային գործոններով պայմանավորված անպտղության մասին է: Պետք է հնարավորինս շուտ դիմել, որպեսզի և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական առումով դժվարություններ չլինեն»: Բժշկի խոսքով` վերարտադրողական առողջության համար կա տարիք, օպտիմալ ժամանակաշրջան` 25-35 տարեկան ժամանակաշրջանում, որից հետո ոչ թե անհնար է հղիանալ, այլ՝ դժվար:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս