Պատերա՞զմ, թե՞ դաղալություն

Քաղաքագետների մեծ մասը վստահ է՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մալազիական ինքնաթիռի կործանումը և որպես դրա հետևանք` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարման նոր փուլն իր արտահայտությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում: Քաղաքագետների մեծ մասը չի սխալվում՝ այդ կանխատեսումներն իրականանում են օր օրի: Առնվազն` Հայաստանի մասով: Հայաստանում ու Հայաստանի շուրջ: Իրականանում են ամենակեղտոտ ու ամենաստոր մեթոդներով: Ռուսական մեթոդներով: Ռուսական մեթոդներով՝ նաև հայերի կատարմամբ: Նախօրեի երեկոյան, օրինակ, մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմը:

Միջադեպի մանրամասն նկարագրությունից հետո հաղորդագրության մեջ շեշտվում է. «Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխն ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի և թմրադեղերի ազդեցության տակ:

Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50 հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով և վայելուչ հագուկապով այրեր: Կոչ ենք անում Վրաստանի իրավապահ մարմիններին` համապատասխանաբար գնահատել տվյալ գործողությունները և հետաքննել դրանք` որպես կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործություն, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` Վրաստանում ազգային և կրոնական նշաններով ցանկացած պառակտում կանխելու նպատակով»:

Նմանատիպ որակումներ ու գնահատականներ պարունակող հայտարարություններ են տարածել նաև Վրաստանում գործող հայկական մի շարք կազմակերպություններ: Տեղի ունեցածն, իհարկե, նողկալի և խստագույնս դատապարտելի երևույթ է:

Մյուս կողմից, սակայն, քաղաքական մեղսունակությունը պահանջում է առնվազն չբացառել, որ նման հանցագործությունները՝ նման լարված պայմաններում ու նման լարված տարածաշրջանում, չեն կատարվում պատահաբար ու, որ «վայելուչ հագուկապով այրերը», որպես կանոն, ուղղորդվում են շատ որոշակի տեղից, շատ որոշակի նպատակներով: Ընդհանրապես, ցանկացած հանցագործությունից հետո ծագող առաջին հարցն «ո՞ւմ է այն ձեռնտու» հարցադրումն է:

Իսկ Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները, ակնհայտ է՝ ձեռնտու են առաջին հերթին` Ռուսաստանին, որն իր բոլոր նպատակներին հասնելու համար միայն մեկ մեթոդի է տիրապետում՝ սառը հակամարտությունների «տաքացումը»: Ձեռնտու է ճիշտ այնպես, ինչպես հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում ակտիվացած բախումները, որոնց հետևանքով ամեն շաբաթ հայ զինվորներ են սպանվում:

Բայց, ըստ ամենայնի, Ռուսաստանը չի բավարարվում սահմանային փոխհրաձգությունների ներկայիս «մակարդակով», և պետք է ավելին: Ընդհուպ՝ մինչև պատերազմի վերսկսումը: Որպեսզի դա տեղի ունենա, բավարար է, որ հայկական կողմն ադրբեջանցիների կրակոցներին պատասխանի ոչ թե զուսպ, այլ առանձնակի դաժանությամբ՝ մեկին տասը հարաբերակցությամբ: Հայկական կողմն այդպես չի վարվում, ու դա առաջացնում է ոմանց վրդովմունքը: Ոմանց թվում են ոչ միայն պատերազմի նախկին վետերանները, ովքեր թշնամուն արժանի հակահարվածներ տալու մասին խոսում են` առանց քաղաքական հաշվարկներ անելու, այլ նաև նրանք, ովքեր որևէ բառ չեն արտասանում` առանց քաղաքական հաշվարկի: Թե ինչո՞ւ կարող է նրանց համար ցանկալի լինել կամ առնվազն մերժելի չլինել պատերազմի վերսկսման հնարավորությունը, կարելի է միայն կռահել: Այնքանով, որքանով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ:

Ռուսներն արդեն նույնիսկ չեն թաքցնում, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դիմաց Հայաստանը կարող է վճարել Լեռնային Ղարաբաղով: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանն է պատրաստ վճարել Լեռնային Ղարաբաղովգ Ադրբեջանի անդամակցության դիմաց: Ու որպեսզի դա ընդվզում չառաջացնի հայ հասարակության շրջանում, անհրաժեշտ է նրան կանգնեցնել երկընտրանքի առաջ՝ պատերազմ կամ անդամակցություն: Հիմա շատերը զբաղված են այդ երկընտրանքը «հասունացնելով»: Վրաստանում և Հայաստանում: Երկու ճակատով:

 

Տեսանյութեր

Լրահոս