Բաժիններ՝

Գրեմ Հենքոք. «Հայաստանն այն վայրն է, որտեղից սկիզբ է առել նոր քաղաքակրթությունը»

«Աշխարհը, կարծես, մոռացել է Հայաստանի մասին, բայց Հայաստանն աշխարհին ցույց տալու շատ բաներ ունի: Իմ այցելությունը Հայաստան հենց այս նպատակով է, որպեսզի աշխարհին ցույց տամ այն, ինչը որ աշխարհը մինչ այժմ չգիտի Հայաստանի մասին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց բրիտանացի լրագրող և գրող Գրեմ Հենքոքը (Graham Hancock): Նա գրում է հին քաղաքակրթությունների և միստիկայի մասին, տասնյակից ավելի գրքերի և երկու ֆիլմերի հեղինակ է: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 27 լեզուներով և տպագրվել ավելի քան 5 միլիոն տպաքանակով: Սա նրա առաջին այցելությունն էր Հայաստան: Առաջարկը եղել էր հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ Վազգեն Գևորգյանի կողմից:

«Մոտ մեկ տարի ինտերնետի միջոցով կապ եմ ունեցել Վազգեն Գևորգյանի հետ, ով ինձ բավականին հետաքրքրող բաներ ցույց տվեց Հայաստանի մասին: Ինձ հետաքրքրեց Վազգենի առաջարկը` ուսումնասիրություններ կատարել Հայաստանում, և ես՝ ունենալով շատ զբաղված գրաֆիկ, գտա, որ կարևոր է Հայաստան գալը: Հիասթափություն չապրեցի, որովհետև այցելությունս հիանալի էր: Աշխատում եմ կնոջս` Սանտա Ֆայայի հետ, ով պրոֆեսիոնալ լուսանկարչուհի է: Մեր հիմնական նպատակն էր՝ տեսնել Հայաստանն ու ծանոթանալ նրա հին քաղաքակրթությանը: Ինձ վրա շատ մեծ տպավորություն գործեց հայ ժողովրդի ողբերգական անցյալը, և, կարծում եմ, որ աշխարհն իսկապես շատ անարդարացի է եղել հայ ժողովրդի նկատմամբ: Բայց Հայաստանն իսկապես դիմակայել և վերածնվել է իր հոգևոր քաջությամբ: Շատ տպավորված եմ հայ ժողովրդի ջերմությամբ, ազնվությամբ և հյուրասիրությամբ»,- ասաց Գրեմ Հենքոքը:

Գ. Հենքոքը նշեց, որ իր առաջիկա գրքում մեծ տեղ է հատկացնելու Հայաստանին և պատրաստվում է մի քանի այցելություններ ևս ունենալ այստեղ: «Իմ վերջին 20 տարիների աշխատանքն ուղղված է բացահայտելու այն հին քաղաքակրթությունների գաղտնիքները, որոնք մարդիկ կորցրել են ժամանակի ընթացքում: Մենք կարիք ունենք վերականգնելու մեր հիշողությունը: Լինելով Հայաստանում, ծանոթանալով նրա անցյալի հետ, կարծում եմ, որ Հայաստանն իսկապես պետք է բեկումնային մի բան լինի, որը կօգնի մեզ վերականգնել մեր հիշողությունը»,-ասաց նա:

Վազգեն Գևորգյանը նշեց, որ այս կարճ ժամանակահատվածում փորձել են անցնել ժամանակային տարբեր շերտեր: «Եղել ենք Զվարթնոցում, Էջմիածնում, Ագարակի հնավայրում, Սյունիքում, մասնավորապես` Տաթևի հնավայրում, Քարահունջում, Ուղտասարում, Գորիսի թանգարանում, որտեղ հրաշալի վկայություններ կան, այցելել ենք նաև Դվինի թաքնված բուրգ, որը տեսնելով՝ պարոն Հենքոքն ապշահար էր եղել, որ ունենալով այսպիսի հարստություն` չենք կարողանում այն բացահայտել աշխարհին: Նշեմ, որ Դվինի բուրգը մեր կողմից հայտնաբերվել էր 4 տարի առաջ, երկար ժամանակ չէինք հասկանում, թե դա ի՞նչ է, զգացվում էր միայն, որ դա բրգաձև կառույց է: Սակայն երկու տարի առաջ, երբ գյուղացիները քանդեցին բուրգի գագաթը` կասկածները վերացան, և համոզվեցինք, որ դա բրգաձև կառույց է: Այն ծածկված է 2-3 մ հաստությամբ հողի շերտով և թաքցված է եղել»,- ասաց Վ. Գևորգյանը:

Գ. Հենքոքն ասաց, որ իր վերջին տարիների ուսումնասիրություններն իրեն տարել են բազմաթիվ երկրներ, օրինակ` Պերու, Բոլիվիա, Բրազիլիա, ԱՄՆ, Իսպանիա, Եգիպտոս, Հնդկաստան, Թուրքիա, Ճապոնիա, և այլ երկրներ. «Բայց մինչ Հայաստան գալս զգում էի, որ ինչ-որ մի բան ինձ պակասում է: Ինչ-որ շատ վատ բան է պատահել աշխարհում 11-13 հազար տարի առաջ, և այս 2 հազար տարիների ընթացքում` այդ սառցե դարաշրջանից հետո, աշխարհը վերածնվում է, և Հայաստանն այն տեղն է, որտեղից սկիզբ են առել այդ նոր քաղաքակրթությունները: Մեր նախնիներն ուսումնասիրել և հասկացել են աստղերի իմաստը: Այս առումով` ինձ համար շատ տպավորիչ էր այցելությունը Քարահունջ, որը շատ հետաքրքիր ու շատ հին աստղադիտարան է: Հետաքրքիր էր Դվինի բուրգը: Մենք չգիտենք, թե որքան է բուրգի հնությունը, ով է այն կառուցել, բայց այն հրաշք է: Ես տեսել եմ բազմաթիվ բուրգեր, բայց այսպիսի բուրգ երբեք չեմ տեսել»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ո՞րն է Հայաստանում այն հիմնական գաղտնիքը, որն ամենաշատն է արժանի բացահայտման, Գ. Հենքոքը պատասխանեց. «Իրականում ես ուղղակի մոտեցա, շփվեցի այս ամենի հետ, բայց կարող եմ ասել, որ առաջին հերթին պետք է լուրջ մոտեցում ցույց տալ հենց Դվինի բուրգին, պետք է բացահայտել, թե ի՞նչ է այն իր մեջ պարունակում, գուցե այն իր մեջ սենյակներ ունենա: Առեղծվածային են նաև Քարահունջը, Տաթևի հնավայրը, Ուղտասարը»:

Խոսելով Տաթևի վանական համալիրի և այնտեղի սյան մասին, Գրեմ Հենքոքն ասաց, որ վանական համալիրը կառուցվել է հին մի կառույցի վրա, որն ունեցել է աստղագիտական հիմք: «Ես ունեմ մի գիրք` «Երկնքի հայելիները», որում ասում եմ, որ երկրի վրա ստեղծվող նմանատիպ կառույցները երկնքի հայելային կրկնություններն են: Իրականում ամեն ինչ կապված է աստղերի և աստղագիտության հետ: Ցավոք, հնագետներն ու բոլոր մյուս մասնագետները, որոնք ուսումնասիրում են նմանատիպ կառույցները, բացառում են աստղերի հետ կապը: Այս սյունն էլ, ըստ էության, գտնվում է վանական համալիրում, որտեղ ևս բացառում են, որ դա կապ ունի աստղագիտության հետ: Ուզում եմ, որ նախապաշարմունքները չխանգարեն` բացահայտելու այդ գաղտնիքները: Հայաստանում այս ուղղությամբ աշխատում է միայն Վազգեն Գևորգյանը, սակայն նա միայնակ ոչինչ անել չի կարող: Դուք իսկապես ազգային արժեք ունեք այստեղ, և պարոն Գևորգյանն արժանի է, որ ճանաչվի և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում»,- եզրափակեց նա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս