
Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար, կասեցրել երկկողմ համաձայնագրերը

Պակիստանը փակել է Հնդկաստանի հետ սահմանին գտնվող «Վագահ» անցակետը, ինչպես նաև իր օդային տարածքը հնդկական և Հնդկաստանի սեփականություն հանդիսացող ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Իսլամաբադը կասեցրել է Հնդկաստանի հետ գործող բոլոր երկկողմ համաձայնագրերը։
Ինչպես տեղեկանում է պակիստանյան Dawn պարբերականից, այս որոշումները կայացվել են Ազգային անվտանգության կոմիտեի նիստի արդյունքներով։
Ըստ Իսլամաբադի՝ այս քայլերն ընդունվել են Նյու Դելիի կողմից ձեռնարկված «ագրեսիվ միջոցներին» ի պատասխան։
Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները հայտնել են Իսլամաբադում ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։
«Մտահոգություն հայտնելով զբոսաշրջիկների կյանքերի կորստի կապակցությամբ՝ կոմիտեն դիտարկել է 2025 թվականի ապրիլի 23-ին Հնդկաստանի կողմից հայտարարված միջոցառումները և դրանք համարել միակողմանի, անարդար, քաղաքական դրդապատճառներ ունեցող, ծայրահեղ անպատասխանատու և իրավական արժանիքներից զուրկ», – մեջբերում է լրատվամիջոցը հատված Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հայտարարությունից, որն արվել է Ազգային անվտանգության կոմիտեի նիստից հետո։
Պակիստանի կառավարության ձեռնարկած միջոցառումների թվում է Հնդկաստանի հետ երկկողմ համաձայնագրերի գործողության ժամանակավոր կասեցումը, այդ թվում՝ Սիմլայի համաձայնագրի, որը կնքվել է 1972 թ. հուլիսի 2-ին, և որով վերջ է դրվել Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմին։ Հարձակումը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիրի նահանգում ապրիլի 22-ին. Պահալգամ քաղաքում զինյալների խումբը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա։ The Times of India-ն, վկայակոչելով հնդկական հետախուզությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ Պահալգամում հարձակումն իրականացվել է Պակիստանում տեղակայված «Լաշկար-է-Թայբա» արմատական խմբավորման դիվերսիոն թևի՝ «Դիմադրության ճակատ»-ի զինյալների կողմից:
Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։ Իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ 2019 թվականին Հնդկաստանը Քաշմիրը զրկեց կիսաինքնավար կարգավիճակից։