
Հնդկաստանի ոստիկանությունը բացահայտել է զբոսաշրջիկների վրա հարձակված զինյալների ինքնությունը

Հնդկաստանի ոստիկանությունը բացահայտել է Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիրի շրջանի Փահալգամ քաղաքում զբոսաշրջիկների վրա հարձակման կասկածյալների ինքնությունը:
Այս մասին հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։Երեք կասկածյալներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են։ Ջամու և Քաշմիրի ոստիկանությունը տարածել է հայտարարություններ ահաբեկիչների անուններով։ Նրանցից յուրաքանչյուրի մասին տեղեկատվության համար, ինչպես նշված է թռուցիկներում, առաջարկվում է 2 միլիոն հնդկական ռուփի (ավելի քան 23 000 դոլար) պարգև։ Անվտանգության ուժերը շարունակում են ծայրահեղականների որոնման գործողությունը:
Ապրիլի 22-ին ցերեկը Փահալգամում քողարկող համազգեստով զինված մարդիկ կրակ են բացել ինքնաձիգներից: Ահաբեկիչներն ստուգել են որոշ զբոսաշրջիկների փաստաթղթերը, հարցրել նրանց դավանանքի մասին։ 26 զոհերից 25-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, 1-ը՝ Նեպալի։
Կան բազմաթիվ վիրավորներ։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Ինչպես հաղորդում է հնդկական The Times of India թերթը՝ վկայակոչելով հնդկական հետախուզության աղբյուրները, Փահալգամում խաղաղ բնակիչների վրա հարձակումն իրականացրել են «Դիմադրության ճակատ»-ի՝ Պակիստանում գործող «Լաշքար է Թայբա» արմատական խմբավորման դիվերսիոն թևի զինյալները:
Ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հայտնել են Իսլամաբադում իրենց ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։
Ի պատասխան՝ Պակիստանը փակել է Հնդկաստանի հետ սահմանին գտնվող «Վագահ» անցակետը, ինչպես նաև իր օդային տարածքը հնդկական և Հնդկաստանի սեփականություն հանդիսացող ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Իսլամաբադը կասեցրել է Հնդկաստանի հետ գործող բոլոր երկկողմ համաձայնագրերը։