Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ Սարգսյան

ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների անատամ հայտարարությունների, Ցեղասպանության 110-րդ տարելիցին մասշտաբային միջոցառումների չկազմակերպելու վերաբերյալ հարցին: 168.am-ը մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայամանավորում այս հետընթացը, այն իշխանությունների կողմից Թուրքիային հաճոյանալու փո՞րձ է, թե՞ այլ բան կա:

«Ես չգիտեմ՝ ինչ կա, բայց որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել Ցեղասպանության հարցը, դա փաստ է: Իսկ ենթադրել, թե նրանք ինչ են մտածում, ինչու են անում, անշնորհակալ գործ է»,- ի պատասխան՝ ասաց երրորդ նախագահը:

Հարցին՝ իշխանություններն ուղիղ ասում են՝ Ցեղասպանության ճանաչման հարցն առաջնային չէ իրենց համար, արդյո՞ք այս քաղաքականությունն ուրացման քաղաքականություն չէ, նա պատասխանեց. «Որ ասեմ՝ 100 տոկոսով ուրացել են, կարծես թե՝ ոչ, այսօր էլ են եկել այստեղ, և այլն, և այլն, բայց իմ կարծիքով՝ այդ ճանապարհին են»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորում Փաշինյանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման դատապարտումը:

Կարդացեք նաև

«Ես նոր ասացի, որ նրանք ինչ էլ անեն, ինչ էլ ասեն, միևնույն է՝ մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նրանք դավաճան են: Այնպես որ, նրանց ասածի վրա ուշադրություն դարձնելն անշնորհակալ գործ է»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ճշտող հարցին՝ երբ ասում է՝ դավաճան են, դա 2026թ. ընտրություններին ինչ-որ կերպ կարտացոլվի՞, նա պաատսխանեց. «Կարծում եմ՝ դա կարտացոլվի նաև մինչև 2026թ.»:

Նա դրական պատասխանեց հարցին՝ արդյո՞ք փողոցային պայքար է սպասվում:

Երրորդ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ն հստակ ծրագիր ունի՞ իշխանափոխության ուղղությամբ, ինչին ի պատասխան նա ասաց, որ իրենք առանց ծրագրի չեն գործում.

«Այո, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակել»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ին կապելու վերաբերյալ խոսակցություններին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ շատ-շատ երկար է ծառայել ՀՀ-ին՝ 25 տարուց ավելի, և միգուցե դրանով է նաև պայմանավորված, որ այս երկրի ամենազրպարտված պաշտոնյաներից, գործիչներից մեկն է. «Այնպես որ, զրպարտություններն ինձ չեն զարմացնում և ոչ էլ զայրացնում են»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ այս պահին ի՞նչ հարաբերություններ ունի, և, ի վերջո, էշին համբուրողը ո՞վ է եղել, նա պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ-շատ են եղել»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե էշին ո՞վ աճեցրեց այս տարիներին, թողեց խորհրդարան, բանտից ազատեց, նա շեշտեց «Ի՞նչ է նշանակում՝ թողեց, այսինքն՝ բանալիներն իմ ձեռքի՞ն էին։ Միայն ինքը չի համաներմամբ ազատվել: Բանտից համաներմամբ ազատվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև՝ ինքը, իսկ այդ համաներումը կիրառվում է, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի»:

168.am-ը հետաքրքրվեց Անկախության հռչակագրից հրաժարվելու վերաբերյալ գործող իշխանությունների հայտարարությունների մասին՝ ուրացման արա՞ր է, թե՞ Սերժ Սարգսյանն այլ պատճառներ է տեսնում:

«Ես չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, որովհետև չեն հասցնի, ուղղակի չեն հասցնի: Չեն կարող, ուղղակի չեն կարող: Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այդ հանրաքվեն չի կայանա. Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ալեն Սիմոնյանի հայտարարությանն ի պատասխան, թե թող հայելու մեջ նայեն, գուցե ամաչեն, Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե ամաչելուց խոսենք, ապա «ձեր նշած այդ անձնավորությունը և նրա հետ մոտ 70-80 հոգի այդ մասին ընդհանրապես պետք է լռեն», որովհետև ըստ երրորդ նախագահի՝ «նրանք կկարմրեն, երբ նայեն հայելու մեջ»:

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է համոզված, որ Փաշինյանին հեռացնելու մասին հայտարարությունը հաջողությամբ կպսակվի, որովհետև իր պաշտոնավարումից հետո բազմաթիվ այդպիսի փորձեր եղել են, բայց ընդդիմությունը չի հաջողել հասցնել վերջնակետին, նա պատասխանեց. «Միգուցե, հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այդ բոլոր շարժումները բերել և հարցը հասունացրել են»:

Սերժ Սարգսյանը նշեց, որ փողոցային շարժումը կառաջնորդի նա, ով այդ առաքելությունը կարողանա ստանձնել:

Հարցին՝ դուք պատրա՞ստ եք նորից առաջնորդել երկիրը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ո՛չ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս