Նիկոլայ Ծատուրյան. «Ինչի՞ պիտի էնքան քոսոտ, խեղճ ու կրակ լինենք, որ չուղարկենք այնտեղ մեր զորքը և պաշտպանենք հայերին…» (տեսանյութ)

Հայտնի դերասան, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով 18 տարի շարունակ ներկայացումներ է բեմադրել Սիրիայի տարբեր քաղաքներում և քաջ ծանոթ է հայկական համայնքին, մասնավորապես` հալեպահայությանը և քեսաբահայությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սիրիահայության խնդիրներին և սիրիական ճգնաժամին:

«Նյու Յորքի հայության հետ էլ եմ աշխատել, Լոս Անջելեսում, Կիևում եմ հանդիպել հայ համայնքին, որովհետև բեմադրություն եմ արել, Բեյրութում էլ, բայց այնպիսի հայ համայնք, ինչպիսին Հալեպն է, երևի թե չկա: Ինչո՞ւ, որովհետև, կարծես, հայերի երկրորդ հայրենիքը լինի»,- ասում է Նիկոլայ Ծատուրյանը,- Գաղթել են Դեյր Զոր և հիմնվել են այնտեղ»:

Արվեստագետը պատմում է իր տպավորությունների մասին` արաբները, նախագահ Բաշար ալ-Ասադը իսկապես շատ լավ են վերաբերում հայերին, ինչպես նաև մյուս ազգային կրոնական փոքրամասնություններին:

«Եվ եկան էս «մուսուլման եղբայրները» ու համը հանեցին: Այնպիսի գազանություններ են այնտեղ հիմա տեղի ունենում, սարսափելի բան է… Երբ ես մեկ-մեկ ասում էի` մարդ արարածին չեմ սիրում, ինձ ասում էին` ոնց, ասում էի` սիրում եմ երեխաներին և կենդանիներին, որովհետև մարդը հետո մեծանում է, այնպիսի մի գազան է դառնում,- շարունակեց Նիկոլայ Ծատուրյանը:- Երևի նայում եք Ֆեյսբուքում` ինչպես է գլուխը բռնել, կտրում վիզը, հետո գլուխը դնում են մարմնի վրա… Էլի կադրեր կային` ինչպես են հերթով կրակում ծնկաչոք քրիստոնյաների վրա: Լավ, կրակեցիք, հասկացաք, հետո սկում են հեռանալ ու անընդհատ կրակում են, անընհատ, և այդ մահացած մարմինները ցնցվում են կրակոցներից: Մի խոսքով, էս վայրենությունները սարսափելի են: Եվ ակամա հիշում եմ հումանիստ Վիլյամ Սարոյանի խոսքերը, որը մի բեմադրության մեջ եմ օգտագործել: Ասում է` «առանձին-առանձին վերցրած` ես սիրում եմ մարդկանց, անհատին, որովհետև մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը, իմ թշնամանքն ամբոխին է ուղղված»: Եվ սա ասում է հումանիստ Սարոյանը:

Իսկապես այդ ամբոխ կոչեցյալը` տգետ, ագրեսիվ, սարսափելի բան է: Ասեմ ձեզ տարօրինակ բան` պատուհանից նայում եմ Երևան քաղաքին, շենքերը, Արագածն է երևում և այլն, հետո մտածում եմ` ախր նույն բանը Քեսաբում էր, ես եղել եմ այնտեղ, ինձ տարել են, հանգստացել եմ: Գեղեցիկ, լեռների մեջ, հանգստյան վայր, և ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այսպիսի մի բան կարող է տեղի ունենալ: Հիմա նայում եմ Երևանին և մտածում` բայց բոլորիս հետ այդ բանը կարող է տեղի ունենալ, և զարմանում եմ, թե ինչու ենք այդքան մի փոքր անտարբեր քեսաբցիների նկատմամբ»:

Ն. Ծատուրյանը կիսվեց Քեսաբի և շրջակա հայկական բնակավայրերի, մասնավորապես` Քարադուրանի մասին հիշողություններով, իսկ Քարադուրանն անվանեց դրախտային վայր:

«Առավոտյան ժամը 7-ին դուրս եկա ու նայեցի այդ լեռներին, մաքրագույն օդին, հենց այդտեղից մի հրաշք տեսարան` ծովն է, գոգավոր է, լողափը մի քիչ լայն է, հետո ծայրերից նեղանում է, մեկ էլ նայում ես դիմացը` Մուսալեռը: Այսինքն, որ ասում են դրախտ` երևի ինձ համար դա է… Մի խոսքով` մի հրաշք, Քարադուրանն էլ, Քեսաբն էլ, և հանկարծ այսպիսի մի վիճակ»,- ասաց Ծատուրյանը:

Իր կարծիքը հայտնելով քեսաբահայերի տեղահանության և ներկայիս ծանր վիճակի մասին` նա հիշեց արգենտինա-անգլիական հակամարտությունը` Ֆոլքլենդյան կղզիների համար, թե ինչպես բրիտանական զորքերը վերագրավեցին վիճելի տարածքները:

«Երևի թե լավ բան չի ասում, բայց պիտի ասեմ. ինչի՞ պիտի  մենք էնքան քոսոտ, էնքան խեղճ ու կրակ լինենք, որ չգնանք, չուղարկենք այնտեղ մեր զորքը և պաշտպանենք հայերին, որոնք վտանգված են: Հա´, մեր հողերը չեն, Սիրիայինն են, ի՞նչ նշանակություն ունի, հայերն են այնտեղ ապրում: Չէ´, օգնություն, ես ինչ գիտեմ` զուգարանի թղթեր ենք ուղարկում, հաց և այլն: Ախր ինչի՞ պիտի այդքան հզոր չլինեինք, որ մեր խոսքը, մեր դիրքորոշումը շատ հստակ չասեինք… Եվ այս մեր խեղճությունը շատ հարցերում է երևում` թե´, ներողություն, ռուսների քացու տակ ընկնելը, թե´ ամեն անգամ սպասելը, որ մեր մեծ եղբայրն ինչ կասի: Լավ, ինչքան կարելի է»,- ավելացրեց Նիկոլայ Ծատուրյանը:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

Տեսանյութեր

Լրահոս