Ջհանգիրյանն առաջարկում է «ֆեյքերի» մասին օրինագծում «կարող» է բառը փոխարինել «պարտադիր»-ով
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը առաջարկում է «ֆեյքերի» մասին օրինագծում փոփոխություն կատարել, որը կպակասեցնի մտահոգությունների զգալի մասը:
ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ նախագծի 8.1 հոդվածով՝ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի տիրոջից պահանջել հեռացնել տեղեկատվությունը: «Կարող է, այսինքն՝ իրավունք ենք տալիս: Միևնույն ժամանակ ավելացնում ենք, որ կարող է դիմել դատարան: Այ, եթե մենք այս «կարող է»-ն դարձնենք պարտադիր, խոսքը անհայտ օգտատիրոջ կողմից կատարված որևէ գրառման մասին է, չէ՞, եթե հայտնի է քաղաքացիաիրավական ինստիտուտը գործում է: Մտահոգությունն ի՞նչն է, որ դատարանը կարող է որպես մահակ օգտագործել այս կամ այն լրատվամիջոցի կամ կայքի դեմ, սա է, որ կլինի լրացուցիչ մահակ: Այ, եթե մենք խմբագրենք՝ դարձնելով, որ քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե նախօրոք դիմել է լրատվամիջոցին, պահանջել հեռացնել, բայց չեն հեռացրել, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: Այդ դեպքում խնդիր չկա, թող դիմի դատարան, լրատվամիջոցից էլ ստանա»:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե 21 դարն է, ինչին Գագիկ Ջհանգիրյանը հակադարձեց՝ ասելով, թե 21-րդ դարում վիրավորել և զրպարտել չի կարելի:
Ջհանգիրյանը նշեց, թե շատերն են փոշմանել, որ քրեաիրավական ինստիտուտը՝ զրպարտության և վիրավունքի, որ ուներ երկու հատված՝ հանրային մեղադրանքի ու մասնավոր մեղադրանքի, հանել են, լցրել քաղաքացիաիրավական դաշտ, ու ստացել այն, ինչ ունենք: