«Ժիրինովսկին հաստատեց Ռուսաստանի կարգախոսը` «Հայաստանն` առանց հայերի»»

«Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվի, ուստի այդ հարցի լավագույն լուծումն այն ևս Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է, այդ դեպքում ոչ հայերը կնեղանան, ադրբեջանցիներն էլ ստիպված կլինեն հաշտվելու, որովհետև Ղարաբաղը չի մնում Հայաստանին, այլ մտնում է Ռուսաստանի կազմի մեջ»:

Ո՛չ, բարեբախտաբար, այս անգամ այսպիսի հայտարարություն անողը հայ չէ, այլ մեկ ուրիշ պետության քաղաքացի, բավական հայտնի: Խոսքը ռուսական քաղաքականության ամենաէքսցենտրիկ, ամենասկանդալային և, միաժամանակ, ամենաազդեցիկ գործիչներից մեկի` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ЛДПР) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի մասին է: Վերջինս այս արտահայտությունն արել է մարտի 11-ին «Նորությունների ռուսական ծառայություն» (Русская служба новостей) ռադիոկայանին տված հարցազրույցում՝ խոսելով Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնությանը միացնելու թեմայի մասին:

Արդյոք սա ասելիս` սկանդալային պահվածքով հայտնի Ժիրինովսկին սթափ վիճակո՞ւմ է եղել, թե՞ ոչ, դեռևս չի հաջողվել պարզել, քանի որ ЛДПР-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել` խնդրելով հարցն ուղարկել էլեկտրոնային հասցեին: Իսկ նամակին դեռևս պատասխան չենք ստացել:

davit.babayanԱյդուհանդերձ, այս հարցի շուրջ մենք առաջին հերթին զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել Ժիրինովսկիի հայտարարությունը, բայց միաժամանակ նշեց հետևյալը. «Արցախի ժողովուրդն արդեն վաղուց ինքնորոշվել է, և այդ ինքնորոշումը դրսևորել է երկու հանրաքվեների ժամանակ (1991 և 2006 թթ.): Մենք կառուցում ենք անկախ, ժողովրդավարական, սոցիալական պետություն: Սա է մեր ինքնորոշման իրավունքի դրսևորումը, և չկա որևէ նախադրյալ մեր որոշումը վերանայելու համար»:

Բաբայանի խոսքերով` Ժիրինովսկին ընդամենը պատգամավոր է, և տարբեր քաղաքական գործիչներ կարող են տարբեր տեսակի կարծիքներ հայտնել, բայց դա չի նշանակում, որ նրանք արտահայտում են տվյալ երկրի պաշտոնական դիրքորոշումը: «Մենք հիշում ենք, որ Ժիրինովսկին հայտարարություններ է արել նաև Թուրքիայի, Հնդկական օվկիանոսի մասին, դա ուղղակի այդ մարդու կարծիքն է, ուրիշ ոչինչ: Մենք չենք տեսնում փոփոխություն պետական մակարդակում, նոր վեկտորներ կամ զարգացման նոր միտումներ»,- նշեց մեր զրուցակիցը:

Իսկ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ընդանրապես հրաժարվեց մեկնաբանել նշված հայտարարությունը` ասելով, թե Ժիրինովսկին այն մարդը չէ, ում կարելի է մեկնաբանել:

Ղարաբաղյան խնդրի լուծման Ժիրինովսկիի յուրօրինակ տեսլականը Հայաստանի քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում արդեն հասցրել է արժանանալ բացառապես բացասական գնահատականի` ընդհուպ մինչև նրա հասցեին անձնական վիրավորանքների: «168 Ժամի» հետ զրույցում մոտավորապես այդպիսի վերաբերմունք արտահայտեց նաև հայաստանյան քաղաքական ուժերից մեկի` «Ժառանգության» վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

TH_Styopa-SafaryanՎերջինս շեշտեց, որ Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչները, պետք է անհապաղ պատասխանեն Ժիրինովսկիի «ամբարտավան», «անդաստիարակ» և «արկածախնդիր» հայտարարությանը, իսկ պետական ղեկավարներից առնվազն Ազգային ժողովի փոխնախագահները` Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը պետք է չափազանց կոշտ գնահատական հնչեցնեն այդ կապակցությամբ:
Սաֆարյանը կարծում է, թե անլուրջ կերպար համարվող Ժիրինովսկին շատ հաճախ ասում է այն, ինչը չի կարող ասել ՌԴ նախագահ Պուտինը կամ նրա կուսակցությունը:

«Պետք է մի բանի վրա ուշադրություն դարձնել. Ռուսաստանը, 2008 թվականից սկսած, ձեռքը դնում է ոչ թե տարածքների, այլ հակամարտությունների վրա: Ռուսաստանը ձեռքը դնում է այդ վերքերի վրա` փորձելով իրեն ենթարկեցնել այդ պետություններին: Ղրիմի հարցն էլ ծագել է ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանին հող է պետք, այլ` որովհետև Ռուսաստանին Կիևն է պետք, – ասաց Սաֆարյանը՝ ավելացնելով,- Կարծում եմ` Ժիրինովսկին ուղղակի բարձրաձայնել է այն հաջորդ հանգրվանի մասին, որը կարող է լինել ռուսական արտաքին քաղաքականության մեջ, և դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղը»:

Ստեփան Սաֆարյանի խոսքերով` այդ հարցազրույցում քաղաքական գործիչ Ժիրինովսկին ոչ միայն «անցնում է չափերը» և վիրավորում է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, այլև ակնհայտորեն հասկացնում է, որ Ռուսաստանի համար ոչ թե հայ ժողովուրդն է կարևոր, այլ տարածքը:

«Թերևս Ժիրինովսկին իր շուրթերով հաստատում է Ռուսաստանի կարգախոսը` «Հայաստանն` առանց հայերի»: Սրա մասին պետք է մտածի ռուսական կողմը, որովհետև նման անդաստիարակ հայտարարություններից հետո պիտի հասկանան, թե ինչու են ուկրաինացիներն իրենց ատում, ինչու են Հայաստանում աճ գրանցում հակառուսական տրամադրությունները, պիտի մեղքերը փնտրեն նման արկածախնդիր, անդաստիարակ, ամբարտավան հայտարարությունների հեղինակների մեջ»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Ժիրինովսկիի այս արտահայտության կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել նաև Նախախորհրդարան հասարակական-քաղաքական շարժումը, որը բավարարվել է ռուս պատգամավորի հայտարարությունն ընդամենը «ոչ հայանպաստ» որակելով: Նախախորհրդարանը պատահական չի համարել այն, որ ուկրաինական իրադարձությունների լարված խորապատկերի վրա աշխուժացել են քննարկումները նաև ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, և ողջունել է Դավիթ Բաբայանի հայտարարությունը հարցի կապակցությամբ:

Իհարկե, առավել հետաքրքիր կլիներ Վլադիմիր Ժիրինովսկիի այս կեղծ հայասիրության վերաբերյալ լսել արցախցի հրապարակախոս Զորի Բալայանի կարծիքը, քանի որ Ժիրինովսկիի հարցազրույցից հետո շատերը հիշել են հենց Զորի Բալայանի հայտնի նամակը Ռուսաստանի նախագահ Պուտինին, որում նա պնդում էր, թե «Ղարաբաղի խնդիրն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է», և հիշեցնում էր Գյուլիստանի պայմանագիրը՝ ուղիղ հասկացնելով, որ Ռուսաստանը պետք է «տեր կանգնի Ղարաբաղին»: Սակայն պարոն Բալայանը, մեզ հետ հեռախոսազրույցում հայցելով մեր ներողամտությունը, հրաժարվեց որևէ մեկնաբանությունից կամ հանդիպելուց:

«Ցավոք սրտի, նման գնահատականի (ինչպես Ժիրինովսկու դեպքում.- Ա.Ս.) պիտի արժանանա նաև Զորի Բալայանը, ով ուղղակի պետք է հասկանա, որ իր այդ տխմար նամակով մեծ մեղք է գործել սեփական ազգի առջև, այնպիսի խարան է դրել, որն այսօր ուղղակի խնդիր է դարձել բոլորիս համար»,- փոխարենը` Զորի Բալայանի նամակը հիշեց Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս