Ուիթքոֆը Պուտինին խնդրել է ստորագրել Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր գործարքի բանաձևով երկտողը. CNN
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Կրեմլում ընթացող բանակցությունների ժամանակ փորձել է անձնական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նշվում է The New York Times-ի լրագրողների վերջերս լույս տեսած «Ռեժիմի փոփոխություն. Դոնալդ Թրամփի կայսերական նախագահության ներսում» գրքում։
Ինչպես պնդում են հեղինակները, հանդիպումներից մեկի ժամանակ Պուտինը թղթի կտորի վրա «3+2» նշումն է արել. ենթադրվում է, որ խոսքը տարածքային այն բանաձևի մասին է, որը քննարկվել է Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում։
Գրքի հեղինակների տվյալներով՝ Ուիթքոֆը խնդրել է ռուսական լիդերին ստորագրել այդ թղթի վրա և թույլ տալ այն պահել իրեն։ Պուտինը դրել է իր ստորագրությունը, ինչից հետո ամերիկացի դիվանագետը վերցրել է երկտողը և հետագայում այն տեղադրել շրջանակի մեջ։

