Թրամփը պատմել է «ռուս գեներալի սոսկալի սխալի» մասին
Ռուսաստանը կարող էր Ուկրաինայի պատերազմն ավարտել հենց առաջին օրը, եթե չլիներ «ռուս գեներալը», որը տանկերն ուղարկեց դեպի Կիև՝ «ճահճի միջով»։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ, պարզապես ապշեցուցիչ է։ Պատերազմ, որը պետք է շատ արագ ավարտվեր… Պուտինն ուներ հարյուրավոր տանկեր, որոնք շարժվում էին մայրուղով։ Մայրուղին բետոնապատ է, շատ լավ, ժայռի պես ամուր մայրուղի է՝ ուղիղ դեպի Կիև… Նա այնտեղ կհասներ երեք ժամում՝ ժամում 80 կիլոմետր արագությամբ շարժվելով, ինչը մոտավորապես համապատասխանում է տանկի առավելագույն արագությանը… Եվ նրանք ունեին ինչ-որ գեներալ, որն, ամենայն հավանականությամբ, այլևս մեզ հետ չէ։ Նա որոշեց ուղիղ չգնալ Կիև և չավարտել պատերազմը հենց առաջին օրը… Իսկ դրանից մի քանի օր առաջ նրանց մոտ ռեկորդային անձրև էր տեղացել, և այդ տանկերը խրվեցին այդ ցեխի մեջ…», — իր վարկածն է ներկայացրել ԱՄՆ նախագահը։
Ուկրաինացի զինվորականները, ամերիկյան առաջնորդի խոսքով, ռուսների բոլոր տանկերը ոչնչացրել են «Ջավելիններով» (Javelin), որոնք, ինչպես նշել է Թրամփը, ինքն ավելի վաղ էր տրամադրել Կիևին։ Նրա վարկածով՝ «եթե այդ գեներալը պարզապես շարժվեր ուղիղ բետոնե ճանապարհով, նրանք Կիևում կլինեին չորս ժամվա ընթացքում, և Ուկրաինան ոչինչ չէր կարող անել դրա դեմ։ Այդ պատերազմը կավարտվեր մեկ օրում։ Դա չորսուկես տարի առաջ էր։ Այնպես որ, դա սոսկալի սխալ էր…»։

