Բաժիններ՝

Փոքրերի աշխարհ. Փորձենք հասկանալ և օգնել

Յուրաքանչյուր երեխայի մոտ անխուսափելիորեն նկատվում են մի քանի ճգնաժամային ժամանակաշրջաններ, որոնք կապված են նրա մտավոր, ֆիզիկական և սեռական աճի հետ։

Նորածինը և նոր աշխարհը
Զարգացման սաղմնային շրջանի ավարտից հետո երեխան կյանքի առաջին վայրկյանից սկսում է հարմարվել նոր միջավայրին, այս ժամանակաշրջանը հագեցած է մեծագույն իրադարձություններով. առաջին շնչառական գործողությունը, առաջին հայացքը, առաջին ճիչը, հետո` առաջին ժպիտը, և այլն։

Երեխան աճում է ժամ առ ժամ, և, իհարկե, նրան անհրաժեշտ է մոր մարմնի ջերմությունը, իսկ ամենակարևորը` մայրական կաթը։

Ի դեպ` ապացուցված է, որ երեխային ինչ-ինչ պատճառներով չկերակրող կանանց մոտ կրծագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն ավելի մեծ է։

Նորածին մանկիկի համար ուտելու և հիգիենիկ նորմերի պահպանումից բացի` կա ևս մեկ շատ կարևոր բան` ծնողների և հատկապես` մայրիկի ուշադրությունը և սերը։ Մայրս հին տետր ուներ, որի մեջ գրված էր, որ մարդու բնավորության հիմնական գծերը կախված են նրա լույս աշխարհ եկած ժամից։ Անձամբ ես գրել և պահպանում եմ, թե որ ժամերին են ծնվել իմ ընտանիքի անդամները և ինձ համար թանկ մարդիկ։ Չգիտեմ` որքանո՞վ է այդ բոլորը գիտականորեն հիմնավորված, սակայն դա շատ է օգնել ինձ` զավակներիս ավելի լավ հասկանալու և դաստիարակելու հարցում։ Եթե ընթերցողին կհետաքրքրի` ես կհրապարակեմ այդ տեղեկությունները, որոնք տարիներ առաջ թարգմանել էր իմաստուն մայրիկս։

Ձեր բալիկը մեկ տարեկան է
Ծնողներից պահանջվում է մեծագույն ուշադրություն և համբերատարություն։ Երեխան մինչև 7-8 ամսականը բավականին շփվող է և չի նեղվում մարդաշատ վայրերում, իսկ մեր մեկ տարեկան թոռնիկը հրաժարվեց գնալ նույնիսկ պապիկի գիրկը, ինչը շատ նորմալ երևույթ է։

Մեկ տարեկան երեխայի մոտ սկսում է արտահայտվել ինքնապաշտպանական բնազդը, նկատվում են ինքնահաստատման առաջին նշույլները. նա արտաբերում է առաջին բառը, կատարում առաջին քայլը, դրսևորում է կամային որակներ, բաժանում մարդկանց յուրայինների և օտարների։

Մեկից մինչև երեք տարեկան հասակի երեխաների խնամքը երևի թե ամենադժվարն է ծնողների և դաստիարակների համար։ Կարևոր է, որ կարողանաք խոսել երեխայի լեզվով։ Հաճախ փոքրիկի կամակորությունը ծնողների հետ ոչ բավարար շփման արդյունք է։ Այս տարիքի երեխաները, որպես օրենք, ստեղծում են իրենց անձնական տարածքը, որտեղ ապահով և պաշտպանված են զգում։
Զգուշացում։ Եթե երեխայի մոտ չեն նկատվում ըմբոստանալու և հակադրվելու ռեակցիաներ, ապա պետք է դիմել բժշկի` դա կարող է աուտիզմի ախտանիշ լինել։
Հետազոտությունների միջոցով պարզվել է, որ 9-12 ամսական երեխաների արյան մեջ բարձրանում է սթրեսի հորմոնի (կորտիզոլ) մակարդակը, այն դեպքում, երբ նա հայտնվում է օտար շրջապատում։ Պաշտպանական ռեակցիան ազդակում է նաև այն դեպքում, երբ երեխան մնում է առանց մայրիկի։

Մարդաշատ վայրերում երեխան իրեն ապահով է զգում «կենգուրուի» կամ «սլինգի» մեջ, մայրիկի հետ մարմնի հպումը լավագույն պաշտպանությունն է երեխայի համար։ Մարդաշատ վայրերում իրենց անապահով են զգում նույնիսկ երեք տարեկան երեխաները։
Այն օրերին, երբ հյուրեր եք ընդունելու, նախօրոք նախապատրաստեք երեխային` օրինակ` ասեք, որ նրանք շատ բարի են և սիրում են իրեն, իսկ երբ հնչի զանգը, ապա մոտեցեք դռանը երեխայի հետ, ասեք, որ եկել են այդ լավ մարդիկ, և ներս հրավիրեք ձեր հյուրերին։

erexa (2)Զգուշացրեք նրանց. «Երեխայի տարիքը այնպիսին է, որ նա վախենում է բոլորից, և դրա պատճառով կարող է ինչ-որ վատ խոսք ասել կամ անվայելուչ արարք գործել»։
Մեկ և կես տարեկան երեխան կարող է հաճախել մսուր, սակայն կարևոր է իմանալ, որ նախնական շրջանում չի կարելի միայնակ թողնել օտար շրջապատում։ Պայմանավորվեք տնօրենի հետ և առաջին մի քանի օրը գտնվեք երեխայի հետ, մինչև երեխան ընտելանա շրջապատին։

Յուրաքանչյուր օր համոզվեք, ուր ձեր փոքրիկի մոտ չկա վախի, տագնապի կամ անվստահության զգացում։ Դա կարելի է պարզել խաղի միջոցով, օրինակ. «Փոքրիկ գայլուկի մայրիկը գնացել էր աշխատանքի, և նա մնացել էր միայնակ` այլ գազանների շրջապատում։ Ի՞նչ էր զգում փոքրիկ գայլուկը, արդյո՞ք ապահով և անվտանգ է նրանց որջը»։

Կարևոր է իմանալ, որ վախը բնորոշ է բնության բոլոր կենդանի արարածներին, և պետք չէ, որ երիտասարդ հայրիկները իրենց փոքրիկի մեջ հերոսի փնտրեն։ Երեխան շատ երկար տարիներ պաշտպանության կարիք ունի, և, ի վերջո, իրական հերոս է նա, ով կարողանում է պաշտպանել իր մերձավորներին` հերոս է այն ծնողը, ով կարողացել է դաստիարակել հայրենասեր երեխաներ։ Հերոս չեն ծնվում, այլ դառնում են` հանգամանքների բերումով, պարզապես պետք է հոգեբանորեն պատրաստ լինել, իսկ դա կախված է ճիշտ դաստիարակությունից։

Ես երեք տարեկան եմ, ես ինքնուրույն մարդ եմ
Երեք տարեկանի ճգնաժամը սեփական «ես»-ի կայացման փնտրտուքն է։ Երեխան սկսում է գիտակցել, որ ինքը և մայրիկը տարբեր մարդիկ են` դա տեղի է ունենում հոգեբանական և մտավոր մակարդակով։ Երեխան սկսում է վերանայել իր և ծնողների փոխհարաբերությունները, փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել և իրագործել դրանք` «Չխանգարեք ես ինքս կանեմ», «Ես կարող եմ», «Ես գիտեմ», և այլն։

Փորձառու ծնողները գիտեն, որ երեխան չի կատարում այս կամ այն խնդրանքը միմիայն այն պատճառով, որ ապացուցի` «Ես կարող եմ և չհնազանդվել ձեր հրամաններին»։
Կարևոր է ապահովել երեխայի համար այն միջավայրը, որտեղ նա կարող է խաղի կամ գործնական վարժանքների միջոցով իրագործել իր մտահղացումները, և հաճախ գովեստի խոսքեր ասեք փոքրիկն. «Ապրե՛ս, ինչպե՞ս կարողացար այսպես լավ կատարել աշխատանքը, մի՞թե դու ինքնուրույն ես որոշել և իրագործել այս ամենը։ Սա պարզապես հիանալի է, դու լավ նկարիչ (ճարտարագետ, փականագործ, խոհարար և այլն) կդառնաս»։
Եվ, իհարկե, «չորս աչքով» հետևեք երեխայի խաղերին։

Նախադպրոցական տարիքի ճգնաժամը
Հինգից յոթ տարեկան երեխաների մոտ նկատվում է բնավորության «թռիչքային» փոփոխություն։ Նրանք ազատվում են անգիտակցական և ենթագիտակցական նախապաշարումներից, առաջնային դեր է սկսում կատարել ինտուիտիվ-ինտելեկտուալ զարգացումը։ Երեխան սկսում է նկատել ծնողների թերացումները, հաճախ վիճում է նրանց հետ, դիմում է զանազան խորամանկությունների։

Մեր հինգ ու կես տարեկան թոռնուհի Անին մեզ նկար նվիրեց, որի վրա նկարել էր տիեզերքը` մոլորակներով, արևով, և ասաց. «Մենք բոլորս մի ընտանիք ենք, տիեզերքի պես ամուր»։ Ես գովեցի նրան և դրեցի նկարը ամենաերևացող տեղում։ Այս տարիքի երեխաները հեշտությամբ են յուրացնում երաժշտական արվեստի հիմքերը` երգում են, նվագում նոտաներով, պարում, կարող են սովորել մեկ կամ երկու օտար լեզուներ և նույնիսկ յուրացնել մինչև 7-8 տարեկանը։ Նախադպրոցական տարիքի երեխաների արարքները հաճախ զուրկ են նախկին անմիջականությունից` նրանց զգացմունքները և գործողությունները կրում են ավելի մտածված, կազմակերպված և նույնիսկ նպատակասլաց բնույթ։

Սեռական հասունացման տարիքի առանձնահատկությունները
Տասներկու-տասներեք տարեկան երեխաների մոտ նկատվում է մանկության վերջին ճգնաժամը, որից հետո սկսվում են դեռահասության տարիները։ Երեխան ակամայից ձեռք է բերում նոր ֆիզիոլոգիական և ֆիզիկական հատկություններ։ Որքանով էլ նա տեղեկացված լինի այդ փոփոխությունների մասին` բոլորովին այլ է, և այդ բոլորը տեղի է ունենում` առաջին անգամ և «անսպասելիորեն»։

  • Նոր հատկությունների և ձեռք բերված որակային հմտությունների մշակույթը դեռ անհասկանալի է երեխայի համար, նա պետք է նվաճի այդ մշակույթը` վերագնելով նոր` վերընթաց ուսուցողական ծրագրեր։
  • Շատ կարևոր է, որ ծնողներն օգնեն երեխային կողմնորոշվել այդ բարդ ուսուցողական-մշակութային ծրագրերի ընտրության հարցում։ Այդ տարիքում երեխան կարող է սխալ հետևությունների գալ` ընթերցելով համացանցի` հաճախ անհայտ ծագման, անպատասխանատու և շահադիտական նպատակներ հետապնդող գրառումները։
  • Սակայն ծնողների ճիշտ մանկավարժական մոտեցումը պետք է կայանա նրանում, որ ցույց տան դեպի նոր մշակութային տարածք տանող ճանապարհը` թողնելով «նվաճման» իրավունքը երեխային։ Երբ դեռահասի մոտ կսկսեն հարցեր առաջանալ նոր արժեքային համակարգի վերաբերյալ, պետք է մանրակրկիտ քննարկման արժանացնել նույնիսկ առաջին հայացքից` աննշան և անհեթեթ թվացող ցանկացած մանրուք։

Փոքրիկ տղան և տիկնիկները
Մեր բարեկամներից մեկի ընտանիքում երկար սպասված տղա երեխա ծնվեց, քույրերը տասը, և տասներկու տարեկան էին։ Փոքրիկի խաղալիքների «շրջապատում» կարևոր տեղ էին զբաղեցնում տիկնիկները։ Նա դղյակներ էր կառուցում դրանց համար, որոնք պաշտպանում էին քաջ նետաձիգները, ձիավոր ասպետները և զրահապատ սայլերը։

Երեխան պաշտպանական համակարգ էր ստեղծում տիկնիկների համար, իսկ գիշերը` քնում էր տիկնիկների հետ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց զատել տիկնիկներին` ըստ դեմքի արտահայտության։ Նրա «դասարանում» նստում էին` միայն խելացի դեմքով, իսկ մեքենայի մեջ` ժպտերես տիկնիկները։ Տղան արդեն յոթ տարեկան է, ասում է, որ երբ մեծանա` գեներալ է դառնալու, որ պաշտպանի իր հայրենիքը, և իր որոշումը վերջնական է։

Երբեմն երեխան պատմում է տիկնիկին իր վախի կամ ուրախության մասին, իրողություններ, որոնք պարտադիր պետք է տեսնի և հաշվի առնի մայրը։ Երբեմն տղայի խաղը տիկնիկի հետ կարող է դաժան բնույթ կրել, օրինակ, նա կարող է որոշել պատժել դրանցից մեկին` ինչ-որ մի հայտանիշի պատճառով։ Նման ագրեսիվությունը պետք է անմիջապես կանխվի։ Առաջարկեք երեխային ինչ-որ այլ լուծումներ կամ բացատրեք նրան, որ տիկնիկը մեղավոր չէ, որ նրա դեմքի արտահայտությունը լալկան է կամ շփոթված, փորձեք համատեղ ուժերով պարզել դրա պատճառները` հարցրեք տիկնիկին, թե ինչո՞ւ է շփոթված։ Երբ երեխան հայտնվի այդ «դժբախտի» դերում` նա անպայման կգտնի ճիշտ պատասխանը և կների տիկնիկին։

Կարևոր է միշտ հիշել, որ տիկնիկը մանկական խաղալիք է և բնավ չի նախատեսված միայն աղջիկների համար։

Տիկնիկաթերապիա
Մոտ հարյուր տարի առաջ նյարդաբան Մալկոմ Ռայթը տիկնիկային թատրոնի օգնությամբ բուժել է նևրոզը։ Ավելի ուշ տիկնիկաթերապիան սկսել են օգտագործել շարժողական ֆունկցիայի վերականգնման, կակազության և սթրեսի բուժման համար։ Տիկնիկների օգնությամբ խաղարկվում են դաստիարակչական բնույթի մանկական ներկայացումներ։ Տիկնիկը տարբերվում է այլ խաղալիքներից նրանով, որ այն կարող է օգտագործվել հոգեբուժական թերապիայում` որպես հեքիաթի կամ խաղի գլխավոր հերոս։ Տիկնիկի պատրաստման գործընթացը նույնպես ունի կարևոր դաստիարակչական և թերապևտիկ նշանակություն։

Խաղալիքի ընտրությունը` ըստ երեխայի տարիքի

  • Մինչև մեկ տարեկան երեխաներն ընկալում են աշխարհը զգայարանների միջոցով։ Խաղալիքները պետք է զարգացնեն երեխայի լսողությունը, տեսողությունը, շարժողական ֆունկցիան` ընտրեք վառ գույնի, ջերմ, փափուկ և թեթև նյութերից պատրաստված խաղալիքներ։
  • Մեկ-երկու տարեկան երեխայի խաղալիքները պետք է նպաստեն նրա մտավոր զարգացմանը։ Երեխան կարող է լուծել տարածքային բնույթի խնդիրներ` հավաքել աշտարակը, դասավորել մեկը մյուսի վրա ինչ-որ այլ իրեր։ Նրան հետաքրքրում են հեշտությամբ հավաքվող և քանդվող խաղալիքները։
  • Երկու-երեք տարեկան երեխայի համար խաղալիքն այլևս անշունչ աբստրակտ առարկա չէ, այն պետք է ինչ-որ գործողություն կատարի` ունենա շարժական մասեր։ Երեխան խոսում է տիկնիկի, գազանիկների, ռոբոտների հետ, հավաքում է տնակը, ուղղորդում է մեքենայի ընթացքը։ Խաղալիքների միջոցով փոքրիկը կառուցում է իր աշխարհը, որտեղ ամեն մի «էակ» ունի իր ուրույն դերը և նշանակությունը։
  • Երեք-չորս տարեկան երեխան փորձում է ներթափանցել մեծերի աշխարհ։ Աղջիկները երազում են իրենց անձնական վարսավիրանոցը, խոհանոցը կամ հիվանդանոցն ունենալ, իսկ տղաներն ավելի հակված են դեպի շինարարական մասնագիտությունները։ Այդ ամենը, իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի իրենց սիրելի տիկնիկը «առողջ և կուշտ» լինի, նրա մազերը և դեմքը հարդարված լինեն, իսկ ամենակարևորը` տաք և ապահով բնակարան ունենա։
  • Չորս-հինգ տարեկան երեխային այլևս դժվար է զարմացնել ինչ-որ պատրաստի խաղալիքով։ Նրա ուղեղում երբեմն ֆանտաստիկ մտահղացումներ են առաջանում` պահարանը դառնում է քարանձավ, սեղանը կամ բազմոցը` տնակ, անձնական մահճակալը` մեքենա կամ շոգենավ, ջրով լի կաթսան` ծով, իսկ բնակարանը` տիեզերանավ։ Նրան պետք է ընդամենը ապահովել համապատասխան նյութերով և մի փոքր օգնել, որ նա կառուցի իր տունը, ընտրի տիկնիկի շորը, հավաքի ոչ բարդ խճանկարներ։
  • Հինգ-վեց տարեկան երեխաները սիրում են ստեղծագործել` հավաքել բարդ կառուցվածքներ, նկարել մատիտով, ջրաներկով և ֆլոմաստերով, զբաղվել կար ու ձևով։ Այս տարիքում երեխաներին հետաքրքրում են սեղանի խաղերը, հատկապես` դոմինոն զարգացնում է թվաբանական գործողություններ կատարելու ունակությունը, շախմատը սովորեցնում է մտածել և որոշումներ ընդունել, և այլն։

Խաղալիքի ընտրությունը` ըստ երեխայի նախասիրությունների

  • Կան երեխաներ, որոնք շատ արագ են ընկալում աուդիոինֆորմացիան, նրանք ամեն ինչ գիտեն և երբեմն սիրում են լրտեսել։ Նման նախասիրություն ունեցող երեխաներին հարկավոր է շրջապատել երաժշտական խաղալիքներով և գործիքներով, ինչը կնպաստի նրանց ընդունակությունների զարգացմանը։
  • Զարգացած տեսողական հիշողություն ունեցող երեխաներն ընկալում են շրջակա միջավայրը աչքերով։ Նրանք գիտեն, որ նման ընդունակությունն առավելություններ է տալիս, և հաճախ մեծամիտ են լինում, սիրում են կարդալ և դիտել ուսուցողական բնույթի ֆիլմեր։
  • Կան երեխաներ, որոնք սիրում են հասկանալ իրերի կառուցվածքային առանձնահատկությունները և բնույթը։ Նրանց պետք է նվիրել փափուկ, ավելի մեծ տարիքում` հեշտ հավաքվող խաղալիքներ, և այլն։

Անկախ տարիքից` ամենասիրելին և թանկն է այն խաղալիքը, որը երեխան պատրաստում է իր ձեռքերով կամ ծնողի միջամտությամբ։ Նման խաղալիքները շատ երկար կյանք են ունենում։
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս