Ցտեսություն, Հայաստան

Երեկ` ապրիլի 9-ին հաջորդած առաջին օրը Հայաստանում մի տեսակ դատարկություն էր: Այնպիսի տպավորություն էր, որ կյանքը, գոնե քաղաքական կյանքը կանգ է առել: Ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական մասնակիցները՝ բացառությամբ «Ժառանգության» մեկ-երկու անդամների, կարծես ընդհատակ էին անցել: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հասարակությունը փետրվարի 18-ից հետո լսում էր բառացիորեն ամեն օր, երեկ լուռ էր:

Ոչ միայն լուռ էր, այլ անգամ ստույգ հայտնի չէր նրա գտնվելու վայրը:

Հատկապես, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին հայտարարել էր, թե մեկնելու է Մոսկվա` «Պուտինի հետ խոսելու»:

Այս իրավիճակից, իհարկե, հրճվողներ կան: Այդպիսիք շատ են ինչպես` իշխանական դաշտում, այնպես էլ` իրենց ընդդիմադիր համարողների շրջանում: Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, մեծ հաշվով, պարտվեց: Պարտվեց` չկարողանալով առաջնորդել բազմահազար քաղաքացիներին:

Բայց դա նաև հասարակության պարտությունն էր, հասարակության առնվազն այն հատվածի, որը դժգոհ է իշխանությունից, որը չի ընդունում այս իշխանությանն ու նրա վարած քաղաքականությունը, և որն, ի դեմս Րաֆֆիի, այս իրականությունը փոխելու հնարավորություն էր տեսնում: Հասարակության այդ հատվածն էլ ավելի է հիասթափվելու երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորությունից, որոշ մասը` արտագաղթելու է:

Եվ ճակատագրի հեգնանքով վերջին քսան տարիներին հայրենադարձության խորհրդանիշ դարձած Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործունեությամբ, ավելի շատ` անգործությամբ դառնալու է Հայաստանից արտագաղթի հերթական ալիքը խթանողներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս