Բաժիններ՝

Ժանսեմ, Գառզու… անպատ թանգարան (ֆոտոշարք)

Ժամանակակից արվեստի թանգարանը մոտ մեկ ամիս շարունակ ցուցադրեց Ժանսեմի (Հովհաննես Սեմեջյան) թանգարանի պահոցում գտնվող գործերը: Այցելուների համար մեծ անակնկալ էր մեր երկրում տեսնել արժեքավոր այդ հավաքածուն, որը, պարզվում է՝ հեղինակը տարբեր ժամանակաշրջաններում նվիրել է Ժամանակակից արվեստի թանգարանին: Թեև ընդունված է համարել, որ մեր հասարակությունը ժամանակակից արվեստի հանդեպ, մեղմ ասած՝ անտարբեր է, այնուամենայնիվ, Ժանսեմի ցուցահանդեսի ակտիվ այցելությունները, քննարկումներն ու արձագանքները ստիպեցին համոզվել, որ հայ մարդը ոչ միայն ընկալում է արժեքավոր նյութը, այլև այդ ինֆորմացիան որսալու առիթներ է փնտրում: Ողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող Ժանսեմի նկարչությունն այսօր համարվում է գծանկարչությամբ մարդկային ողջ էմոցիոնալ դաշտը շարժող այն սպեցիֆիկ ներուժը, որտեղ գիծը դառնում է հույզ, իսկ պատկերը՝ հիշողություն: Նրա գրաֆիկական աշխատանքներից ամեն մեկը մի ողբերգություն է պատկերում, որտեղ նուրբ գիծն այնքան զգայական, բազմաշերտ ու խորն է, որ թվում է՝ սև ու սպիտակի մեջ ամփոփված են աշխարհի բոլոր հայտնի ու անհայտ գույները: Առհասարակ Ժանսեմի նկարչության մեջ գույնի առկայությունն աննշան ու թեթև է: Նա կարողանում է պատկերել զգացմունքը, աներևույթն ու անտեսանելին, և Ժանսեմի` հատկապես գրաֆիկական աշխատանքներից ամեն մեկը մի դրամա է, որն արտացոլքն է հիշողության, դիպվածի: Ժանսեմի արտահայտչական լեզուն ինքնատիպ ու չկրկնվող է, մասնավորապես գրաֆիկական աշխատանքները` որքան ինքնամփոփ ու զուսպ են, նույնքան էլ՝ կրակոտ ու խանդավառող: Ընդհանրապես Ժանսեմը, ում գործերը միլիոնավոր դոլարներով վաճառվում են Սոթբիս, Քրիսթի և այլ համաշխարհային համբավ ունեցող աճուրդային կենտրոններում, աշխարհի բոլոր երկրներում մեծ հեղինակություն է վայելում: Որքան էլ տարօրինակ է, բայց Ժանսեմի մասին ամենաքիչը տեղեկացված է հայ հասարակությունը:

Մեր հայրենակից Հովհաննես Սեմերջյանը ծնվել է Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արևմտյան Հայաստան), այնուհետև մանկությունն անցկացնելով Հունաստանի Սալոնիկում` տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում: Ի դեպ, նշենք նաև, որ Ժանսեմն այն հազվագյուտ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան՝ երկուսն էլ` Ճապոնիայում: Նրա ստեղծագործություններն իրենցից մեծ արժեք են ներկայացնում և գտնվում են մի շարք հեղինակավոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Ժանսեմի գործերի մի մասն այսօր էլ ցուցադրվում է Փարիզի Հայկական արվեստի թանգարանում, ինչպես նաև` շատ այլ գալերեաներում: Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ, ով ստեղծել է շուրջ 6000 գեղանկարչական և գրաֆիկական գործեր: Նրա նկարչության մեջ շատ է հիշատակվում Եղեռնի թեման, որը, կարծես, մարդկային ճակատագրերի ինքնատիպ մի փաստագրում լինի: Նշենք նաև, որ առաջին անգամ Ժանսեմը Հայաստան է եկել 1973 թ., այնուհետև 2001-ին, կրկին այցելելով մեր երկիր, 34 կտավներից բաղկացած իր հեղինակած «Եղեռն» շարքը նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին: Ժանսեմի շուրջ 500 գունավոր լիտոգրաֆիաները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Նաև հիշեցնենք, որ Ժանսեմն արտասահմանյան գրականության (Սերվանտես, Լորկա և այլք) նկարազարդման մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել:
Ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը հավաստիացնում է, որ Ժանսեմի ցուցահանդեսի նկատմամբ հասարակական ակտիվությունն անգամ թանգարանի համար էր անակնկալ: «Շատ-շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել այդ ցուցահանդեսը: Անընդհատ այցելություններ ենք ունեցել: Անգամ մեր նկարիչները հարցնում էին, թե ինչպե՞ս է, որ մեր նկարիչների ցուցահանդեսներին այդքան չեն գալիս, իսկ Ժանսեմի ցուցահանդեսով այդքան հետաքրքրված են մարդիկ: Պետք է մեկ բան ընկալել, որ Ժանսեմը, ինչպես նաև` Գառզուն, մեր ժամանակի դասականներն են: Կարոտ կա նրանց նկարչության հանդեպ: Եվ հետո Ժանսեմի արվեստի այդ պարզության մեջ մեծ ճաշակ, պրոֆեսիոնալիզմ ու գեղագիտություն կա: Պետք է նշեմ, որ ուսանողների հոսքը շատ մեծ էր, որովհետև հասկացան, թե ինչ ասել է` գծանկար»,- ասում է Զ. Այրումյանը՝ հավաստիացնելով, որ Ժանսեմի` թանգարանի ֆոնդում գտնվող գործերի ցուցադրությունն այնքան մեծ հաջողություն է արձանագրել, որ որոշել են շարունակել ֆոնդերում պահպանվող մյուս հեղինակների աշխատանքների ցուցադրությունը: Ժամանակակից արվեստի թանգարանում մարտի 5-ին կցուցադրվեն նաև Գառզուի ստեղծագործությունները, որոնք նույնպես հեղինակը տարբեր ժամանակաշրջաններում նվիրել է թանգարանին: Ի դեպ, մեզ համար իսկական բացահայտում էր Ժամանակակից արվեստի թանգարանի ֆոնդերում գտնվող շատ արժեքավոր գործերի և շատ հայտնի նկարիչների առկայությունը: Բանից պարզվում է, որ թանգարանում ժամանակակից արվեստի այնպիսի բացառիկ նմուշներ կան, որոնք երբևէ չեն ցուցադրվել, սակայն իրենցից շատ մեծ գեղարվեստական արժեք են ներկայացնում: «Ես համոզված եմ, որ Գառզուի ցուցահանդեսը նույնպես մեծ արձագանք կունենա, որովհետև Գառզուն և Ժանսեմը երկու հսկաներ են՝ շատ նման ճակատագրերով, բայց շատ տարբեր նկարչությամբ: Գառզուն շատ մեծ հեղինակություն է վայելել` նաև որպես բեմական նկարիչ: Գառզուն և Ժանսեմն աշխարհի համար ճանաչելի են, մինչդեռ Հայաստանի համար` ոչ այնքան: Ի վերջո, մեր երեխաները պետք է իմանան, որ գոյություն ունի Ժամանակակից արվեստի թանգարան, որն ունի այդ նշանավոր մարդկանց գործերը, և` հենց իրենց կողմից նվիրված»,- վստահեցնում է Ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրենը:
Ապրիլի 5-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա նաև Գառզուի` Հարություն Զուլումյանի ստեղծագործությունների ցուցադրությունը: «Գծերի վարպետ». այսպես էին բնորոշում Գառզուին:
Այն, որ Ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացնելով Ժանսեմի և Գառզուի` դեռևս չցուցադրված ստեղծագործություններն` իսկական նվեր է մատուցում այս հեղինակների արվեստի սիրահարներին, միանշանակ է: Բայց արվեստի նման «գիգանտների» աշխատանքների համար Ժամանակակից արվեստի թանգարանի տարածքն այնքան խղճուկ է, որքան մեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվեստի ընկալումն է: Մեր ժամանակակից արվեստի թանգարանն իր փոքր մակերեսով զիջում է Հայաստանի վերնախավի ցանկացած ներկայացուցչի առանձնատան տարածքին: Թանգարանի ֆոնդերում շատ արժեքավոր գործեր կան, որոնք երբեք չեն ցուցադրվել, և այդ շենքի պատերին «կախելն» անգամ անպատվաբեր է: Մեր պետական պաշտոնյաներն իրենց օտարերկրյա կառավարական հյուրերին երբեք չեն հրավիրում Ժամանակակից արվեստի թանգարան: Շատ դեպքերում այլ պետությունների պաշտոնատար անձինք իրենք են ցանկություն հայտնում այցելել Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարան: Բայց դժվար է հավատալ, որ Հայաստանի պաշտոնյաները թանգարանի գտնվելու վայրը գիտեն: Համենայնդեպս, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգ տարվա պաշտոնավարման ընթացքում երբևիցե ոտք չի դրել իր երկրի ժամանակակից արվեստը ներկայացնող թանգարան, բայց տեղյակ է, որ թանգարանի շենքը մշակութային երկիր համարվող Հայաստանի ամոթն է:
Երևանում շուտով ավագանու ընտրություններն են: Քաղաքապետի թեկնածուներն արդեն մայրաքաղաքը դրախտ դարձնելու խոստումներին են «լծվել»: Ժամանակակից արվեստի թանգարանը գործում է քաղաքապետարանի ենթակայության տակ, որն իր թշվառ շենքով տիպիկ բնորոշում է քաղաքային իշխանությունների` արվեստի վերաբերյալ իմացությունն ու դիրքորոշումը: Թանգարանը Վոլոչկովա չէ, որ Տ. Մարգարյանը միլիոններ ծախսելով` հրավիրի ու նրա հետ լուսանկարվի: Մինչդեռ, այլ երկրներ կատարած պաշտոնական այցելությունների ընթացքում Տ. Մարգարյանը պետք է որ սովորած լիներ հայտնի ճշմարտությունը՝ երկրի մասին տպավորությունը ստեղծվում է թանգարանների միջոցով:

Հ.Գ. Մեր թերթի հաջորդ համարում կանդրադառնանք Ժամանակակից արվեստի թանգարանի շենքի խնդրին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս