Բաժիններ՝

Փաշինյանը խոզը դրել բակում՝ խանձում էր, տուգանե՞լ են. Վերջը սրանք այնքան «դավադիտ» կանեն, որ, իրոք, մտնենք քաղաքականություն ու ասենք՝ եկեք այստեղ, իսկականից, զզվացրեցիք, թողեցիք. Շիրակցի ֆերմեր

Շիրակի մարզում մսավաճառները, գյուղացիները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ կապված սպանդանոցների հետ, քանի որ մարզում սպանդանոցներ չկան, սակայն իշխանությունները մսավաճառներից պահանջում են, որպեսզի մորթն իրականացնեն սպանդանոցներում։

Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց, թե բողոքի ակցիային մասնակցող մարդկանց մեծ մասը մսավաճառներ չեն, անասնապահության հետ առհասարակ կապ չունեն՝ ակնարկելով, որ կապ ունեն այս կամ այն քաղաքական ուժերի հետ։

Շիրակցի ֆերմեր Տիգրան Ավագյանը մեկնաբանելով մարզպետի այս հայտարարությունը՝ նշեց, որ խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է ժողովրդին շեղել, թե՝ տեսեք, մարդիկ քաղաքականությամբ են զբաղվում։

«Քաղաքականը ո՞րն է, ցանկացած ոլորտի վերաբերյալ երբ գալիս, խնդիր են բարձրացնում, սրանք ասում են՝ քաղաքականությամբ են զբաղվում, կամ հարում են այս կամ այն քաղաքական ուժին։ Հիմա որ սխալ վարչարարություն են անում, անիմաստ մտնում են մարդկանց գրպանն ու տուգանում են, սնանկացնում, գյուղերը դատարկում են, չասե՞նք։ Ջարդած «կասետի» նման անընդհատ կրկնում են՝ քաղաքական, հա քաղաքական։ Նախ, այդ ակցիաներն ինքնաբուխ են, մարդիկ խնդիր ունեն, չգա՞ն՝ ասեն, այդ խնդրին կա՛մ լուծում տվեք, կա՛մ թողեք՝ աշխատենք։ Ժողովուրդը չէ իրենց ասած քաղաքականւթյամբ զբաղվում, քաղաքականությունն է այս ժողովրդով զբաղվում, որ մարդկանց 90 տոկոսին տուգանել են արդեն։ «Տուգանքի մատերիալ» ասվածը, բառիս բուն իմաստով, մտել են մի շարք օբյեկտներ, տեսել են, որ միսը սպանդանոցային չի եղել՝ տուգանել են։

Կարդացեք նաև

Սա գիտեք՝ ինչի նման է, որ լրատվականի ղեկավարն օպերատորից վերցնի տեսախցիկը, լրագրողից՝ միկրոֆոնը, ու պահանջի, որպեսզի լրագրողն ու օպերատորը գնան, ռեպորտաժ պատրաստեն, ասի՝ իրեն հետաքրքիր չէ, ինչպես ուզում եք, գնացեք՝ նկարենք, հակառակ դեպքում՝ կտուգանի։ Մեզ հիմա այսպես են անում»,- 168.am հետ զրույցում նշեց ֆերմերը։

Տիգրան Ավագյանի բնորոշմամբ՝ սպանդանոց ասվածը պարզապես վարագույր է, ավելին՝ երբ իշխանությունն ասում է, թե հանրության առողջության մասին է մտածում, այդպես չէ, քանի որ թքած ունեն հասարակության առողջության վրա։

«Այստեղ ընդամենը փողի «բազար» է, հիմա հանրամատչելի բացատրեմ, որ ձեր ընթերցողները հասկանան։ Իշխանությունները գյուղացու պահած անասունի մորթից ուզում են փող լափեն, հիմա, որ գյուղացին մորթում է միսը ու հանում շուկա՝ լափել չեն կարողանում։ Մսավաճառը գալիս է գյուղացու մոտ, գինը որոշում են, անասունին մորթում ու հանում են շուկա։ Հիմա իշխանությունը հավելյալ խողովակներ է սարքում, որ մորթը շուկա դուրս գա չերեզ սպանդանոց, որ իրենք փող աշխատեն։ Սրանց ցավն ու դարդը ֆակտուրան է նաև, որ հանկարծ 100 կգ մսի ՀԴՄ հանկարծ տպեն 80 կգ մսի համար, գնան ու տուգանեն։ Ենթադրենք՝ մսավաճառը միսը հասցրեց շուկա, միսը վաճառեց ու փողը փոխանցեց գյուղացուն, վաղը պետք է այդ գումարը հայտարարագրի, հայտարարագրելուց հետո կգան, կասեն՝ բա եկամտահարկն ո՞ւր է։ Հիմա չի ստացվո՞ւմ, ու վաղն այս ամբողջ կուժ ու կուլան ջարդվելու է գյուղացու գլխին»,- հավելեց Տիգրան Ավագյանը։

Ֆերմերի խոսքով՝ իշխանությունները սովոր են մտնել մարդկանց գրպանը, նրանց ամբողջ քաղաքականությունը դրա վրա է հիմնված։ Այս համատեքստում, ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետական բյուջեն բոլորի բյուջեն է՝ սուտ է, բյուջեն միայն Նիկոլ Փաշինյանինն ու նրա ՔՊ-ականներինն է։

«Հիմա Նիկո՞լն էր իր հոր տանը նման մեքենա տեսել, թե՞ Աննան, ճոխ-ճոխ ապրում են հիմա։ Տեսել ենք, էլի, իրենց տունը, պատերին գրած ու ջնջած, երևի սևագիր չեն ունեցել։ Եկեք Շիրակի մարզ, մտեք ցանկացած գյուղ, տեսեք՝ ինչ է կատարվում, այդ վիճակի մասին որ խոսում ես, ասում են՝ քաղաքականությամբ ես զբաղվում։ Վերջը սրանք այնքան «դավադիտ» կանեն, որ, իրոք, մտնենք քաղաքականություն ու ասենք՝ եկեք այստեղ, իսկականից, զզվացրեցիք, թողեցիք։

Շիրակի մարզպետը սուտ է խոսում, մեզ ասում է՝ գիտեիք, որ ես Կառավարության նիստին էի, դուք եկել եք մարզպետարան, ուզում է ասել, որ ինքն այդքան ուժեղ տղա է, որ մենք վախեցել ենք իրենից։ Մենք մտածում էինք, որ ինքը գոնե Կառավարության նիստում այդ խնդիրը կբարձրացնի, բայց չէ։ Շիրակի մարզն ամենաաղքատ մարզն է, հիմնականում նստած է գյուղատնտեսության վրա, մարդիկ գնում են այստեղից, գյուղերը դատարկվում են, վարուցանքը նվազել է, դրա համար մարզպետն իր քաղաքական «պապաներին» պետք է ասեր, թե ինչ վիճակ է։

Մի խոսքով՝ էս պարի «շաբաշ» տվողը վերջը սովորական քաղաքացին է լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, երբ գնացել էին մարզպետարան՝ մարզպետի հետ հանդիպելու համար, ինչի մասին նախորդ օրը մարզպետը խոստացել էր, սակայն մարզպետարանի շենքում տեսել են, թե պաշտոնյաները՝ մարզպետը, փոխմարզպետը, ինչպես են գաղտնի փորձում հեռանալ մարզպետարանի շենքից։

«Ես էլ մտածում էի՝ եկել են ժողովրդի հետ խոսեն, դու մի ասա՝ խառնված ուզում են հեռանամ, մեքենայի դռները բացում էին, չէին նայում՝ դիմա՞ցն են նստում, թե՞ հետևը, խառնված նստում էին։ Երևի տեսել եք, որ մարդիկ փախչելիս կլինեն, որ դռները բացում, հարվածում են իրար, այդպիսի տեսարան էր։ Նույնիսկ, եթե մի անծանոթ մարդ է գալիս քո բակ, ընդունում ես տուն, սրանք այդ շնորհքն էլ չունեն։ Մենք էլ կանգնեցրեցին, ասացինք՝ ո՞ւր եք գնում։ Երկու հոգի մարզպետարանի շենքի մոտով անցնում են, սրանք շենքի ներսում նստած վախենում են, մտածում են՝ եկել են իրենց աթոռը խլելու»,- ընդգծեց Տիգրան Ավագյանը։

Նա նաև ասաց, որ որևէ հույս չունեն, թե այս իշխանությունն ի վիճակի է որևէ հարց լուծել։

«Լավ, հիմա որ գյուղացուն տուգանում են ու պահանջում, թե՝ գնա մորթը սպանդանոցում արա, իրենց «քաղաքական պապան»՝ Նիկոլ Փաշինյանը, խոզը դրել բակում, խանձում էր, նրան տուգանե՞լ են, թե՞ չէ, Նիկոլը նոր մասնագիտություն է ձեռք բերել՝ խոզ խանձող։ Թող իմ հարցին պատասխանեն, դրա համար նա տուգանվե՞լ է, թե՞ ոչ։

Սրանք ուզում են այնպես անեն, որ ինչքան մարդուն տուգանեն ու թալանեն, որևէ մեկը ձայն չհանի, հլու-հնազանդ տեղը նստի»,- նշեց Տիգրան Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս