Շվարել մնացել ենք, մորթ չենք անում, անասուն պահելը դառնում է անիմաստ, չորս կողմից մեզ համար միայն խնդիրներ են ստեղծում. Ֆերմեր
Օրերս Գումի շուկայում տեղի ունեցած իրավապահների բռնի գործողություններից հետո շատ ֆերմերներ մտածում են՝ որքանով է այսուհետ արդյունավետ խոշոր եղջերավոր անասուններ պահել, հետո դրանց միսը վաճառել, քանի որ, ինչպես ցույց տվեց տեղի ունեցածը՝ պատկան մարմիններն ամեն կերպ փորձում են խնդիրներ ստեղծել։
Արարատի մարզի ֆերմերներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, նշեց՝ Գումի շուկայում տեղի ունեցածը շատ զարմանալի է, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Արարատի մարզում սպանդանոցներ չկան, մինչդեռ պաշտոնական կայքում ցույց են տալիս, որ կա։
«Մտնում ենք կայք, տեսնում, որ Վեդիում ցույց է տալիս, որ սպանդանոց կա, որն իրականում չի գործում, այսինքն՝ գոյություն չունի։ Ասում են՝ Արարատ գյուղում կա, զանգահարում եմ, այդ մարդն ասում է՝ եղբայր, դա միայն ինձ համար է, իմ խանութինն է, ես որևէ մեկին ծառայություն չեմ մատուցում։ Հիմա կոնկրետ մեր Արարատի շրջանում չկա սպանդանոց։ Պատկան մարմինները լավ էլ գիտեն, որ իրականում մեզ մոտ սպանդանոց չկա, ուղղակի այդպես են ասում, իրենք են, չէ՞, այդ մարդուն լիցենզիա տվել, որ ինքը միայն իր խանութի համար կարող է մորթ անել։
Մենք հիմա մորթ չենք անում, շվարել մնացել ենք, չգիտենք՝ ինչ անենք, մեր անասուն պահելը դառնում է անիմաստ, չորս կողմից մեզ համար միայն խնդիրներ են ստեղծում։
Նորմալ խոշորը մի 5-6 հարյուր հազար դրամ գումար է կազմում, հիմա եթե մարդն անասուն պահի, մորթի, տանի իր ձեռքից խլեն, էլ իմաստ կա՞ անասուն պահի։ Մենք չգիտենք էլ՝ այդ միսն իսկապես վառո՞ւմ են, թե՞ չեն վառում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Գումի շուկայում տեղի ունեցած դեպքերից հետո զանգահարել է Սննդի անվտանգության տեսչություն, ասել է՝ Արարատի մարզի սպանդանոցներից համարներ տրամադրեն, որպեսզի զանգահարի, պայմանավորվի, սպանդանոցում մորթ անի։
«Ասել եմ՝ չեք թողնում միսը վաճառենք, ցույց տվեք ճանապարհ, որպեսզի մենք տեսնենք, թե ինչ ենք անելու։ Համարներ են տվել, զանգել ենք, պարզվեց՝ մեկը կա, չի գործում, մյուսը՝ փոքր տեղ էր, որ անհատն ինքն իր ուժերով էր սարքել ու ասաց՝ այդքան հնարավորություններ չունի, որ կողքից տրամադրի՝ մարդիկ մորթ անեն։ Մի խոսքով՝ իրենց տված հեռախոսահամարները նույնպես չօգնեցին։
Նախորդ տարի ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին ասել ենք, որ ձեռնտու չէ գյուղացու համար իր խոշորը մի քանի կիլոմետր տանի, որ սպանդանոցում մորթ անի, պատասխանեց, որ այլ բան չեն կարող անել։
Օրինակ, մեծահասակ մարդիկ են, մի խոշոր անասուն ունեն, մարդիկ չարչարվել պահել են, պիտի մորթեն, ի՞նչ անեն, խոշորին ինչպե՞ս 70-80 կմ տանեն սպանդանոց, կամ այդ խոշորին պիտի հանեն բեռնատար մեքենայի մեջ, ո՞վ է նրանց օգնողը։ Կամ՝ եթե մի մեքենա վերցնեն, ապա այդ մեքենային պետք է վճարեն, որ խոշոր եղջերավոր անասունին տեղափոխեն սպանդանոց, ստացվում է, որ մարդիկ չարչարվում են, անասուն պահում, հետո վաճառում ու գումարը տալիս միայն ծախսերի համար։ Այս ամենից հետո մարդիկ հիասթափված սկսելու են անասուն չպահել, բայց մարդը գյուղում է ապրում, իր միակ ապրուստի միջոցը դա է»,- հավելեց նա։
Մեր զրուցակիցն ասաց, որ դեռևս 2019 թվականին առաջարկել է, որպեսզի անասնաբույժներին լավ վարձատրեն, որովհետև եղած անասնաբույժներն արդեն ծեր են, իսկ ոլորտը երիտասարդ կադրերով չի համալրվում։
«Որևէ մեկին էլ հաճելի չէ, ամեն օր այս գոմից դուրս գա՝ մտնի այն գոմ, այնտեղից՝ այն գոմ։ Որ ասում են՝ «բոյնի-բոյնի»՝ սպանդանոց, եսիմ ինչ չէ, գյուղական համայնքներում գյուղապետերը թող տրամադրեն 50-60 քառակուսի տարածք, ծածկեն, ջուր քաշեն, դարձնեն սպանդանոց։ Անասունին քաշեն այդտեղ մորթեն, անասնաբույժը մսի որակը ստուգի, ու միսը իրացնեն՝ վճարելով ինչ-որ գումար։
Հիմա պատկան մարմինները մեր երկիրը համեմատում են Եվրոպայի հետ, բայց Հայաստանը դեռևս դրան պատրաստ չէ։
2019 թվականին ամենաբարձր մակարդակով մարդկանց ասվել է, որ Արարատի մարզի հետ գործ չունեք, քանի որ Խաչատուր Սուքիասյանը պետք է սպանդանոց կառուցի, բայց մինչև օրս չի կառուցվել, հավանաբար այլ հարմար բիզնես է գտել»,- նշեց նա։
Ֆերմերը նաև ասաց, որ այսօր Հայաստան դրսից մեծ քանակությամբ միս է ներկրվում, հավանաբար տեղացի անհատների ու ֆերմերների համար խնդիրներ են ստեղծում, որպեսզի դրսից ներկրված միսն իրացվի։